կարևոր
763 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-18 09:42
Հասարակություն

Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս շաբաթ սկանդալ պայթեց՝ շքեղ կյանքը մերժելու եկած իշխանության ներկայացուցիչներից մեկի համար, երբ «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահը բացահայտեց, որ մեկ հիվանդի բուժման արժեքը պոլիկլինիկայում ընդամենը 200 դրամ է, իսկ նախարարի պայուսակը՝ 1,2 միլիոն դրամ։ Արդյունքում նախարարի՝ 3,157 դոլարանոց պայուսակը դարձավ քննարկման առարկա՝ ինչպես պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզան Խաչատրյանի թանկարժեք լուքը։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը փորձեց պարզել՝ ինչ արժե նախարարի հագուկապը, ինչպես է նա իր աշխատավարձից ավելի թանկ պայուսակ գնել։ Անահիտ Ավանեսյանը ժպտաց, անկեղծացավ ու մանրամասնեց, որ ոչ մի բրենդային հագուստ չունի, միայն թույլ է տվել իրեն ունենալ բրենդային թանկարժեք մեկ պայուսակ: Այդ դեպքում հարց է առաջանում, թե այդ ամիս նա եւ ընտանիքի անդամներն ինչպես են ապրել:

Նախարարն ասում է՝ «միայն մեկ թանկարժեք պայուսակ ունեմ», բայց չի մանրամասնում, թե ո՞րն է էժանի սահմանը։ Համաձայնեք, որ սա ոչ թե նորաձեւության մասին պատմություն է, այլ քաղաքական միֆ՝ կարծես «պետական պարզության» մասին, քանի որ նախարարը չի հայտարարագրել իր պայուսակը։

Սակայն, բացի պայուսակից, խորհրդարան գալու օրը նախարարի հագուկապից կոշիկները եւ գոտին նույնպես բավականին թանկարժեք էին. եթե դրանք բրենդային են, ապա նախարարի գոտին (լուսանկարներն առկա են տեսանյությում) արժե մոտ 180 հազար դրամ, իսկ վագրային նախշերով կոշիկները՝ մոտ 600 հազար ՀՀ դրամ։

Իհարկե, նախարարն ունի լիարժեք իրավունք՝ ընտրելու իր ոճը, գնելու իրեն դուր եկած իրերը, բայց թափանցիկության մասին խոսող ՔՊ-ի պաշտոնյան ավելի թափանցիկ պետք է լինի։ Առավել եւս, երբ առողջապահության ոլորտում բժիշկները, բուժաշխատողները պայքարում են աշխատավարձերի բարձրացման համար, այս ֆոնին նախարարի պայուսակի գինն այլ հնչողություն է ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց նաեւ նրա կրած զարդերի մասին՝ թանկարժեք մետա՞ղ են, թե՞ ոչ, քանի որ աչքի էին զարնում։ Նախարարն արձագանքեց, որ դրանք պարզապես բիժուտերիա են, որը նա սիրում է եւ գրեթե միշտ կրում։

Այսպիսով՝ նշենք, որ նախարարի լուքը, կոստյումի մասով գոնե, իսկապես շատ թանկ չէր. ամերիկյան կայքում նման կոստյումն արժե 106 հազար դրամ: Հավանաբար՝ այդքան էլ տաբատը։

Մանրամասները՝ տեսանյութում»։