Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համարում է, որ այսօր Հայաստանին անհրաժեշտ է հասարակական հանդուժողականություն ու ըմբռնողականություն, այնինչ Հայաստանում այսօր առկա են իրար ատող ու ոչնչացնող, իրարից զզվող հասարարակական-քաղաքական տարբեր խմբեր: Նրա խոսքով` այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ամենագլխավոր խնդիրը ներխմբային, ներանձնային ու «թայֆայական» կռիվներն են:
«Ամեն մեկս ինչ-որ ամբիցիաներ ենք առաջ քաշում` համարելով, որ դա ամենաճիշտն է, չմտածելով, որ կարող է` նաև մենք էլ ենք սխալ: Հարկավոր է մի քիչ հետ քաշվել»,- կարծիք հայտնեց Արծվիկ Մինասյանը` որպես օրինակ բերելով կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ վերջին զարգացումները: Նա նշեց, որ կար պայմանավորվածություն քաղաքական մեծամասնության հետ, որ արտահերթ նիստ հրավիրվի ու քննարկումներ արվեն, որպեսզի հանրության մտահոգություններին պատշաճ ուշադրություն դարձվի: Սակայն քաղաքական մեծամասնությունը, ըստ Մինասյանի, երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ:
Ավելին, ըստ պատգամավորի, հանրային տեղեկատվական դաշտում ակնհայտ սուտ է տարածվում: 2010թ. երկու ընթերցումով ընդունված 50 օրենքներից բաղկացած փաթեթը արտահերթ ռեժիմով է ընդունվել: Այդ քննակումների ժամանակ բացառապես ընդդիմությունն էր ընդվզում, բայց հանրային լրատվությունը բացարձակ որևէ տեղեկատվություն չէր տալիս այդ մասին, բացառությամբ երկու հեռուստաընկերությունների, կամ էլ ներկայացվում էին միայն համակարգի դրական կողմերը: Արծվիկ Մինասյանի խոսքով` արդյունքում հանրությունը այդպես էլ չհասկացավ, թե ինչ է քննարկվում և ինչու:
«Հիմա էլ ակնհայտ սուտ են տարածում, թե` ինչո՞ւ այն ժամանակ չէիք պայքարում: Չի կարելի, սա արդեն հերթական հիասթափվածությունն է հանրության հանդեպ իրենց անպատասխանատու վերաբերմունքից: Ես երբեք չեմ արհամարհել իմ հակառակորդին` գաղափարական վեճի տեսանկյունից, բոլորն ունեն իրենց փաստարկները, որը պետք է գնահատի հանրությունը»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ քաղաքական մեծամասնության բոյկոտով արհամարհվեց հանրության կարծիքը, ինչը անթույլատրելի է:
Ըստ պատգամավորի` իշխանությունը խոսում է հանդուժողականության մասին` ցուցաբերելով անհանդուժողականություն, խոսում է պետականության ամրապնդման մասին` օտարացնելով Սփյուռքին պետությունից, խոսում է ամբողջական Հայաստանի մասին, բայց չունի քայլերի հաջորդականություն:
Նա հիշեցրեց նաև ՀՀ նախագահի խոսքը, որ նա չի ընդունում ոչ մի պատճառաբանություն, և եթե չլինի 7 տոկոսանոց տնտեսական աճ, ուրեմն կառավարությունը պետք է հրաժարական տա: Փաստ է, որ կառավարությունը չի ապահովել այդ արդյունքները, հանրությունը և քաղաքական ուժերի մի զգալի մասը չի վստահում ներկա քաղաքական մեծամասնությանը և կառավարությանը, և համերաշխություն ունենալու համար, պետք է ստեղծվի նոր կառավարություն: