Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու ամիս առաջ Ազգային ժողովում օլիգարխների ներկայությունն արդարացրեց նրանց «փաստաթղթերի» հետ ամեն ինչ կարգին լինելու հանգամանքով, որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ դա օլիգարխիայի թաքցվող ունեցվածքն ու եկամուտները օրինականացնելու, այսինքն` դրանց հետ կապված փաստաթղթերը կարգի բերելու անուղղակի հրահանգ էր կամ ընկալվելու էր որպես այդպիսին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը` Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչարյանին վերագրվող մոտ մեկուկես տասնյակ ընկերությունների ու բիզնեսների, այդ տեսանկյունից նրա շահերի բախման վիճակի մեջ գտնվելու վերաբերյալ, կարող է դառնալ այդ գործընթացի նախերգանքը: Ըստ էության` էթիկայի հանձնաժողովը, որն առ այսօր աշխատել է միմիայն իր մասին հնարավորինս քիչ հիշեցնելու և հանրային ուշադրության չարժանանալու ուղղությամբ, մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին ցույց է տալիս այն սխեման, որով նրանք կարող են օրինականացնել չհայտարարագրած ունեցվածքն ու եկամուտները` առանց որևէ բարդություն ունենալու: Փաստացի հանձնաժողովը որոշեց, որ ՊԵԿ նախագահը ընդհանրապես շահերի բախման վիճակում չի գտնվում, որևէ խախտում թույլ չի տալիս միայն այն պատճառով, որ նրան վերագրվող ընկերությունների մի մասը պատկանում է նրա հորեղբորորդիներին և հորաքրոջ որդիներին, ովքեր օրենքով սահմանված կարգով չեն հանդիսանում գույքի և եկամուտների հայտարարագրման ռեժիմի տակ ընկնող` նրան փոխկապակցված անձինք: Այսինքն` եթե «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերն անգամ ոչ թե 41, այլ 100 տոկոսով էլ պատկանեին նրա հորեղբորորդուն, ՊԵԿ-ի աշխատակազմի ղեկավարը կարող էր նրա հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր և պնդել, թե դա արվել է առանց Գագիկ Խաչատրյանի միջամտության կամ ցանկության: Կարճ ասած` էթիկայի հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնատար անձանց սովորեցնում է, որ եթե ուզում են իսկապես օրենքի հետ կապված խնդիրներ չունենալ, ապա պետք է ունեցվածքը ոչ թե թաքցնել կամ հայտարարագրել զավակների, քույրերի ու եղբայնրերի, նրանց զավակների անուններով, այլ դա անել հորեղբայրների ու հորաքույրների, քեռիների ու մորաքույրների, նրանց զավակների անուններով:
Սա, իհարկե, առաջարկվում է անել այն դեպքում, եթե որևէ մեկը գոնե մի քիչ բարեխիղճ երևալու ցանկություն ունի: Բայց եթե չունի, կարող է առանձնապես դրանից սթրեսի մեջ չընկնել, որովհետև` անկախ նրանից` կհայտարագրի ունեցվածքը, թե ոչ, նրան որևէ պատիժ, միևնույն է, չի սպառնում: Եվ դա գրեթե սևով սպիտակի վրա գրված է հենց Գագիկ Խաչատրյանի գործով էթիկայի սույն հանձնաժողովի կայացրած եզրակացության մեջ: Բանն այն է, որ Գագիկ Խաչատրյանը 2011թ. հայտարարագիրը լրացնելիս չի նշել, այսինքն` թաքցրել է, որ «Մեգամոթորս» և «Ապեյրոն» ընկերությունները գրանցված են իր տղաների անունով: Բայց դա, ըստ հանձնաժողովի, շահերի բախում չի նշանակում, քանի որ Խաչատրյանը կոնկրետ այս ընկերությունների մասով որևէ այնպիսի գործողություն չի կատարել, որոշում չի կայացրել, որոնք կարող էին դրանց համար գործունեության արտոնյալ պայմաններ ստեղծել: Այսինքն` ինքնին գույքը, եկամուտների աղբյուրները պետությունից ու հասարակությունից թաքցնելը շահերի բախում չէ ու նույնիսկ դրա ռիսկեր չի ստեղծում: Խնդրի ողջ աբսուրդայնությունն այն է, սակայն, որ այս ընկերությունների հետ իր անմիջական կապը թաքցնելը ոչ մի իրավական հետևանք չի առաջացնում: «Հանրային ծառայության մասին» օրենքը ոչինչ չի ասում այն մասին, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի բարձրաստիճան պաշտոնատար անձը նման տեղեկությունները թաքցնելու համար, որքանով է այն կարգապահական խախտում կամ քրեորեն հետապնդելի արարք: Եվ դա այն դեպքում, երբ մասնավորապես հանրային ծառայողների համար օրենքը հստակ ամրագրում է, որ դա էթիկայի խախտում է, որի պատճառով մարդուն կարելի է ենթարկել կարգապահական տույժի: Այսինքն` եթե ունեցվածքի չհայտարարագրումը, կեղծ տվյալների հայտարարագրումը պատժելի է հանրային ծառայողների համար, փաստացի անուղղակի արտոնություն է բարձրաստիճան պետական պաշտոնյաների համար:
Նման իրավիճակում էթիկայի հանձնաժողովին մնում է ընդամենը, ի դեմս Գագիկ Խաչատրյանի, մյուս բարձրստիճան պաշտոնյաներին հորդորել, խնդրել, աղաչել, որ իրենց անհարմար դրության մեջ չգցելու համար գոնե բարեհաճեն երկրորդ «պորտի» մակարդակով հայտարարագրել կուտակած ահռելի եկամուտներն ու սեփականությունը` առանց հետևանքների մասին մտածելու: Թե ինչի է սա հանգեցնելու, արդեն կարելի է կռահել:
Կարելի է նաև գրեթե վստահ ասել, թե ինչ է տեղի ունենալու ներկայումս հանրային ուշադրության կենտրոնում գտնվող նմանատիպ մյուս գործի հետ, որը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում ու վերաբերում է Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի ծագումնաբանությունը բացահայտելու հետ: ՀՔԾ-ն կարող է «լուրջ ուսոմնասիրությունների» արդյունքում բացահայտել, որ Տարոն Մարգարյանը հսկայական ունեցվածքը վաստակել է լրիվ օրինական ճանապարհով, պարզապես տղայական մոտեցում է ցուցաբերել ու մոռացել է դրանք հայտարարագրել որպես ժառանգություն, նվիրատվություն կամ իրեն փոխկապակցված անձանց ունեցվածք: Դրանից անմիջապես հետո հարցը մեխանիկորեն քրեական հետապնդման դաշտից ընկնում է առավելագույնը էթիկայի կարգավորման տիրույթ: Ու դրանից հետո, «տարոնջանավարի» փոքրիկ նկատողություն ստանալուց հետո, Մարգարյանը անհրաժեշտ ընթացակարգով կհայտարարագրի ունեցած-չունեցածը: Արդյունքում նա առանց խնդիրների կհայտնվի լրիվ լեգալ դրության մեջ:
Նույն կերպ, թերևս, կվարվի նաև ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ում առջև ԱԺ էթիկայի հանձնաժողովը կանաչ լույս վառեց` բոլորին համոզելով, որ վարձակալական գործունեությամբ զբաղվելու մասին պատգամավորի` ակամա խոստովանությունը փաստող ձայնագրությունը... փաստ չէ:
Այսպիսով` էթիկայի հանձնաժողովները վերահսկող կառույցներից վերածվում են յուրատեսակ «լիցենզավորող» գրասենյակների. կատարում ես նրանց սահմանած պահանջները` սահմանված ընթացակարգերը պահպանելով, ու «փաստաթղթերիդ» հետ ամեն ինչ կարգին են, կարելի է հանգիստ համատեղել պետական պաշտոն զբաղեցնելը և բիզնես գործունեությամբ զբաղվելը կամ հովանավորելը: Որքան արհեստականորեն այդ հանձնաժողովները ներմուծվեցին պետական կառավարման համակարգ, այնքան բնականորեն ձևախեղվում ու իմաստազրկվում են: Բայց դա երկրորդական է. կարևորը` դրանց ֆիզիկական գոյությունն է` եվրոպացիների աչքերին թոզ փչելու, բերանները փակելու ու, ի վերջո, անօրինական բիզնեսը, դրա շնորհիվ կուտակած հարստությունը օրինականացնելու համար:
Գևորգ Աղաբաբյան
Լուսանկարը՝ civilnet.am-ի