կարևոր
3496 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-18 16:41
Քաղաքական

Երբ երկրիդ իշխանությունները թշնամու խամաճիկներն են, իշխանափոխությունը դառնում է գլխավոր խնդիր․ Իշխան Սաղաթելյան

Կիրակի՝ դեկտեմբերի 17-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթական այցով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում էին: Պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը,  Լեւոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Արման Ղազարյանն  այցելել են  Գեղամասար, Կութ եւ Սոթք համայնքներ, հանդիպել  համայնքի բնակիչներին , լսել  նրանց մտահոգությունները, բարձրաձայնած խնդիրներն ու  պատասխանել համայնքի բնակիչների հարցերին:

Սոթքում, դահլիճային հանդիպման ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանն ասաց, որ  վերջին մեկ տարվա մեջ իրենց այս  այցն ու հանդիպումը վարդենիսցիների հետ երրորդ անգամ է:  

«Սիրելի  ժողովուրդ, սիրելի վարդենիսցիներ մեր այն բոլոր կանխատեսումները, որոնք ունեցել ենք վերջին տարիների ընթացքում, որոնց մասին մեր հանդիպումների ժամանակ, ընդհանրապես, բարձրաձայնել ենք, ցավոք, այդ կանխատեսումների մեծ մասն իրականություն է դարձել: Պատերազմից հետո ակնհայտ էր, որ երկրին, ժողովրդին պարտություն բերած ուժը պետք է հեռանա, որպեսզի կարողանանք մեր մեջքը շտկենք, պետք է հեռանա, որպեսզի կարողանանք փոխել երկրի քաղաքական ուղեգիծը, պետք է հեռանա, գա մի իշխանություն, որը պատրաստ է  իր երկրի տարածքային ամբողջականությունը, Արցախը, իր ժողովրդին պաշտպանելու , որովհետեւ էն քաղաքական ուժը, որն էսօր շարունակում է գոյություն ունենալ , վերջին տարիների մեր բոլոր դժբախտությունների պատճառն է՝ իր տեսակով, իր գաղափարախոսությամբ, իր ամենօրյա գործունեությամբ.  պատերազմից հետո ակնհայտ էր, որ գլխավոր խնդիրը դառնում է սրանց հեռացնելը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Երբ  երկրիդ իշխանությունները թշնամու խամաճիկներն են, իշխանափոխությունը դառնում է գլխավոր խնդիր… Սրանք 3 տարի է  գիշեր-ցերեկ խոսում են խաղաղությունից հիմա է լ սկսել են խոսել խաղաղության խաչմերուկից , բայց դրա արդյունքում  այսօր թշնամին եկել հասել է մեզանից շատ փոքր հեռավորության վրա, դրա համար Սոթքն անցած տարի ռմբակոծվեց,  երբ ասում ենք՝ Արցախը Հայաստնի Հանրապետության դարպասն է շատերը չէին հասկանում , ասում էին՝ Արցախը տանք խաղաղ ապրենք , պարզվեց՝ Արցախը կորցնելուց հետո ոչ միայն խաղաղ չենք ապրելու, այլ առհասարակ մեր պետության գոյությունը հարցակնաի տակ է…

Հիմնական թեզը սրանց, որով ժողովրդին շարունակում են խաբել ու մնալ իշխանության, հետեւյալն է ՝ «ելք չկա, ճար չկա, էս ամեն ինչը նախկիններն են արել, բերել գցել են մեր գրպանը , ու բոլոր նրանք, ովքեր խոսում են պայքարելուց, հայրենիքի սահմանները պաշտպանելուց դրանք  պատերազմ են բերելու ձեզ» եւ այլն, բայց մեր 30 տարվա պատմության մեջ խաղաղություն է եղել այն ժամանակ , երբ մեր պետությունը, երկրի իշխանությունը պայքարել են իրենց երկրի պաշտպանության համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Շատ է  խոսվում Արցախի ճակատագրի հետագայի մասին, էսօրվա իշխանությունները, Ադրբեջանի հետ համատեղ, ամեն ինչ անում են Արցախի էջը վերջնական փակելու համար, շատ է  խոսվում Արցախի հանրապեությունը լուծարելու հրամանագրի մասին։ Այդ փաստաթուղթը որեւէ իրավական հիմք ու հետեւանք չունի, այն չեղարկվելու է եւ որեւէ լեգիտիմ ուժ չունի, մինչ այս պահը չկա որեւէ իրավական լիարժեք ամբողջական փաստաթուղթ, որով Արցախը մնում է  Ադրբեջանի կազմում։ Որեւէ մեկն իրավունք չունի մեր սերունդների հետագա իրավունքը զիջի ու Արցախի հարցը փակի: Ամեն օր խոսվում է  «խաղաղության» պայմանագրի մասին. սկսել են իրենց ամբողջ թիմով ժողովրդին համոզել, որ խաղաղության պայամնագիրը, որն իրականում կապտուլյացիայի պայմանգիր է, պետք է օր առաջ ստորագրենք եւ մեր ժողովրդին բերենք երջանություն։ Ժողովո՛ւրդ,  խաբում են ձեզ, եթե նման պայմանագիր ստորագրվի մեր պետության կենսագործունեությունը հարցականի տակ է դրվելու։ խոսվում է  ադրբեջանցիների վերադարձի մասին, գլխավոր թիրախն այս թեւի գյուղերն են, եթե այստեղ ադրբեջանցի բնակեցվեց վաղը կամ մյուս օր ցանկացած դեպքի առիթով Ադրբեջանը ասելու է՝  գնում եմ  իմ քաղաքացիների իրավունքները պաշտպանեմ, ինչը վտանգավոր է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: