|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Արթուր Իսպիրյանն «Արցախբանկի», այսպես կոչված, զոհերից է: Մարդը «հավաքագրվել» է բնակարան ստանալուն, գումարներ է ներդրել բանկ ու հիմա «քցվել» է մի շարք շահառուների հետ միասին: Հիմա նա համարվում է «Տոնուս»-ից խաբված: «Տոնուս»-ը պետք է շենք սարքեր Դավիթաշենում, բայց չի սարքել, ավելի ճիշտ, կիսատ-պռատ սարքել է ու թռել: Իսկ կիսատ-պռատ սարքված շենքը գրավ էր դրված «Արցախբանկ»-ում: Ու հիմա բնակիչները վերջինից են պահանջում իրենց շենքը կամ գումարները: Բանկը չի տալիս: Մարդիկ մտադիր են գիշերել այնտեղ: Որ ի՞նչ:
Արթուր Իսպիրյանն ասում է՝ հարկ եղած դեպքում կդիմենք Բաղրամյան 26: Ու հենց այդ ժամանակ հասկանում ես` տարիներ առաջ Ամերիկայից Հայաստան վերադարձած այս երգիչը դեռ տեղ չի հասել: Ինքը կոնկրետ կես դեպքի օրինակ ունի՞, որ ինչ-որ խաբված, անիրավված, բռնաբարված, մեռած, կենդանի, հարություն առած եւ այլ մեկը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք դիմել է Բաղրամյան 26, եւ նրա խնդիրը լուծվել է: Բոլոր խոշոր հանցագործությունները շահագրգռում են Բաղրամյան 26-ի տիրոջը, եթե ինքն է իրեն խաբված զգում, այսինքն` հանցագործության քյարը չի տեսել: Եվ Արթուրն այնպիսի մի վճռականությամբ է ասում, կարծես, դա ցանկացած անիրավվածի ձիու քայլն է կամ գաղտնի զենքը:
Տղե'րք, ձեզ Թուրքիայում կամ Վրաստանում չեն խաբել, ձեզ խաբել են Հայաստանում, խաբողն էլ հենց Բաղրամյան 26-ի «քիփն» է: Ընդ որում` «Արցախբանկն» էլ «Տոնուսի» հետ, ի՞նչ է նշանակում ««Արցախբանկը» չի կարողանում մեր խնդիրներին լուծում տալ»: Բա, իհարկե, չի կարողանա: Ոչ միայն չի կարողանա, չպիտի լուծում տա: Ոչ միայն չպիտի լուծում տա, այլեւ եղած բնակարաններն էլ պիտի առգրավի` բոլորինն անխտիր: Որովհետեւ Հայաստանում ո՞վ է տեսել, որ բանկն առաջնորդվի քաղաքացու շահերով, աշխարհում այդպիսի բան չկա, բանկի գործը հենց քաղաքացուն կլպելն է: Եվ «Արցախբանկը» դա արել է հաջողությամբ: Ավելին` բյուրեղյա սառնասրտությամբ: Ինչո՞ւ պիտի Տիգրան Սարգսյանի կառավարության հենարանը, Սերժ Սարգսյանի իշխանության ֆինանսավորողը ինչ-որ Արթուր Իսպիրյանի եւ Դավիթաշենի 44/4, Փափազյան 118/1 շենքերի խաբված բնակիչների գումարները վերադարձնի: Վերադարձնելու գումար ունենա բանկը, կտա Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին: Դա բանկ է, ոչ թե Կարմիր ծաչ, նրա գործը թալանելն է հենց հարազատ երկրի քաղաքացիներին, եւ դուք վատ եք պատկերացնում ՀՀ քաղաքացու ձեր կարգավիճակը: Դա կթու կովի կարգավիճակն է, ժամանակակից ՀՀ-ի էությունը: Հարցրեք Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին, նրանք ձեզ կբացատրեն, եթե հավես ունենան: Որովհետեւ ժամանակակից Հայաստանը հենց ձեր դյուրահավատության շնորհիվ գնում է կորուսյալ հայրենիք դառնալու ճանապարհով: Խնդիրն էն չի, որ երբ տարիներ առաջ բոլորը փողոցում էին, դո'ւ, հարգելի' Արթուր Իսպիրյան, երգում էիր: Как раз հիմա դու լավ էլ դառնում ես քաղաքացիական հասարակության մաս: Խնդիրն այն է, որ ձեր տանը դու չես ասում, թե դիմելու եմ Բաղրամյան-26: Ձեր տանը դու ավելի կոշտ բառեր ես օգտագործում իշխանությունների հասցեին, պարզապես հեղափոխական բառեր, որոնք ՀՀ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի ասում է իր տանը: Իսկ քո կարծիքով, որտեղի՞ց ծլեց Շանթ Հարությունյանը, նա ուղղակի չէր կարող իր տան եւ փողոցային պայքարի միջեւ հակասություն մտցնել, փայտն առավ ու ընկավ փողոցները: Իսկ հիմա որտե՞ղ է Շանթ Հարությունյանը: Իսկ նա այն մարդն էր, որ որեւէ անիրավության համար չէր ասում՝ դիմելու եմ Բաղրամյան 26: Նա գլխավոր հանցագործների տեղը գիտի, նա նրանցից ստանալիք չունի: Ընդ որում` նա չի կարծում, որ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները մեղավոր են, որովհետեւ մեղավորը ես ու դուք ենք, նրանք մեր ողորմածության մութ ուժերն են, ստացել են մեր պասիվության քարտ բլանշն ու ընկել երկրի ջանին: Իսկ ի՞նչ պիտի անեին: Ինչ նպատակ դրել են իրենց առջեւ, ըստ այդմ էլ` գնում են, ես էլ նրանց նպատակները դնեի իմ առջեւ, կգնայի նույն ուղղությամբ: Հետեւաբար` մի ասա, թե կդիմես Բաղրամյան 26, արդեն վաղուց դիմելու ժամանակը չէ: Իսկ որպեսզի որեւէ անիրավություն քեզ եւ մյուս խաբված բնակիչներին չտանջի, գոնե մեկ անգամ դիտեք Իշտվան Սաբոյի «Մեֆիստոֆելը»:
Հարգանքներով`
Սեյրան Հանոյան