կարևոր
868 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-09 10:42
Հասարակություն

Այսօր, առավել քան երբևէ, մեր հասարակությունը ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության․ Տեր Ռուբեն

Այսօր, առավել քան երբևէ, մեր հասարակությունը ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության․ Տեր Ռուբեն

Նախօրեին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ է մատուցել Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ տեղի եկեղեցական ծուխի հրավերով։

Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձել է քրիստոնյաների առաքելությանը և սեփական կյանքով Տիրոջը վկայելու կոչմանը։ Դիմելով հավատավոր ժողովրդին՝ Հայր Ռուբենը նշել է. «Մեր Սուրբ Եկեղեցին խոնարհությունը սահմանել է որպես առաջին առաքինություն, իսկ հպարտությունը՝ որպես առաջին մահացու մեղք։ Հպարտ մարդը կարծում է, որ Կենդանի ջրի կարիքը չունի, իրեն ինքնաբավ է համարում։ Իսկ մեր՝ քրիստոնյաներիս ծարավի զգացումը սկսվում է այն պահից, երբ գիտակցում ենք, որ հոգևորի կարիք ունենք, որ Աստծո կարիքն ունենք։ Այսինքն, մեր քրիստոնեական ընթացքը սկսվում է հենց խոնարհությունից, խոնարհաբար մեր իրական կարիքները ճանաչելու և դրանք Աստծո առաջ բերելու կարողությունից։

Դարերի խորքից Հիսուս այսօր Իր խոսքն է ուղղում մեզ և ասում․ «Ով ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։ Ով հավատում է ինձ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, նրա ներսից կենսատու ջրի գետեր պիտի բխեն» (Հովհաննեսի ավետարան 7։37–38)։

Այսօր, առավել քան երբևէ, մեր հասարակությունը ծարավ է։ Ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության։ Եվ այդ ծարավը ունի միայն մեկ աղբյուր՝ Կենդանի ջուրը, որ Քրիստոսն է։ Եկեք ընդունենք Տիրոջ հրավերը, մոտենանք Աստծուն, սիրենք, հավատանք և հույս ունենանք, որպեսզի այդ հավատքը վարակիչ դառնա մեր շրջապատի համար։

Թող Աստծուց մեզ տրված շնորհներն իսկապես հոսեն մեզնից դեպի մեր ընտանիքները, մեր ընկերները և մեր հասարակությունը։ Այդպիսով կարժանանանք Տիրոջ այն խոսքին, որ ասում է․ «Դո՛ւք եք երկրի աղը… դո՛ւք եք աշխարհի լույսը» (Մատթեոսի ավետարան 5։13–14)։ Դուք եք, որ պաշտպանում եք հասարակությունը փտումից ու բարոյական քայքայումից, և միաժամանակ, համ եք տալիս կյանքին։ Եվ դուք եք, որ Քրիստոսի աստվածային լույսով լուսավորում ու փայլեցնում եք ձեր շրջապատը, ձեր համայնքը և ձեր ընտանիքը»։