Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Մեղրիի բժշկական կենտրոնի շուրջ բուռն կրքեր են բորբոքվել։ Ինը տարվա տնօրեն, համատեղության կարգով գլխավոր բժիշկ Լուսինե Վարդանյանին ուզում են հեռացնել պաշտոնից, մինչդեռ նրա աշխատանքային պայմանագրի ավարտին դեռ 1 տարի 1 ամիս ժամանակ կա։ Երեկ Վարդանյանի ամուսինը՝ Արմեն Մեխակյանը, մեզ ասաց, որ իր կնոջ վրա սեւեռվել է նախկին ՀՀԿ-ական փոխմարզպետ Նարե Ղազարյանը, վերջինիս էլ ուղղորդել է Մեղրիի նախկին համայնքապետի պաշտոնակատար, ներկայում տարածքային կառույցի ղեկավար, կարատեիստ Արարատ Թումանյանը, իսկ Թումանյանի «թշնամությունը» հետաքրքիր նախապատմություն ունի։
ԲԿ տնօրենի ամուսինը մեզ պատմեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը 2021-ի ընտրություններից առաջ այցելել է Ագարակ, այն ժամանակվա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը խնդրել է հնարավորինս շատ մարդ հավաքել, որ դիմավորեն վարչապետին․ «Բայց քանի որ Արարատը չհարգված է այստեղ, ընդամենը 5 մարդ էր հավաքել, ես հավաքեցի ընկերներիս, եւ դիմավորեցինք, դրանից հետո Թումանյանը թարսվեց կնոջս հետ»։ Մեխակյանի կարծիքով՝ նրա հրահրմամբ է, որ «քոչարյանական» փոխմարզպետ Նարե Ղազարյանը մի քանի ամիս է՝ ուզում է ազատվել Լուսինե Վարդանյանից եւ նրա փոխարեն նշանակել Կապանի հիվանդանոցում վերջերս ուրոլոգ նշանակված Սեւակ Մարտիրոսյանին, ում քեռին՝ Ռոման Սարգսյանը, կարկառուն ՀՀԿ-ական է։ Նա տարիներ շարունակ, ըստ Լ․ Վարդանյանի ամուսնու, եղել է մարզի ՀՀԿ-ական կառույցի ղեկավարը։
Նշենք, որ մարզպետարանին մոտ կանգնած աղբյուրներն էլ ասում են, որ իրականում համատարած դժգոհություն կա տնօրենից, ինչի վկայությունը մեղրեցի ծննդկանների՝ Կապանի ծննդատանն ազատվելու նախընտրությունն է։ Պատմում են նաեւ, որ Մեղրիի ԲԿ տնօրենը 44-օրյա պատերազմի զոհերից մեկի ծնողների հետ անհարգալից է եղել, պատռել է թղթերը, նետել երեսին եւ այլն։ Ամուսինն այս բոլորը զրպարտանք է որակում․ «Ամեն կերպ ուզում են քշել կնոջս, հիմա իրենք են մեզ ասում, թե իբր քոչարյանական ենք։ Զրպարտում են։ Արարատ Թումանյանն է այս արշավի հեղինակը, ինքը երբ ժամանակավոր պաշտոնակատար էր, ծառայողական «Տոյոտայի» պագրիշկաները գողացել-տարել էր իր գարաժ, նոր համայնքապետ Բագրատի տղաներն իր գարաժից էին հայտնաբերել, 350 հազար բյուջեից դուրս էր գրել, իբր հիվանդանոցի համար փայտ առնեն, բայց բոլորը գիտեն, որ հիվանդանոցը պլիտաներով է ջեռուցվում, ու այս մարդը փոխմարզպետի միջոցով պայքարում է կնոջս դեմ։ Փոխմարզպետն օրումեջ առողջապահության բաժնի ղեկավարին ստիպում է, որ զանգի Լուսինեին, հորդորի՝ դիմում գրել, հակառակ դեպքում երկուսի համար էլ վատ կլինի»։