կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-15 12:05
Հասարակություն

Օրինախախտները տուգանվեցին 45 մլն դրամի չափով

Օրինախախտները տուգանվեցին 45 մլն դրամի չափով

ՏՄՊՊՀ այսօրվա նիստում որոշում ընդունվեց ֆինանսական պատժամիջոց կիրառել  «Երեքնուկ», «Ամարաս Յուս» և «Սեար Գրուպ» ընկերությունների նկատմամբ՝ յուրաքանչյուրին  տուգանել 15 մլն դրամի չափով:

 

ՏՄՊՊՀ-ի կողմից ուսումնասիրվել են 88 հաստատությունների (ծերանոց, մանկատուն, գիշերօթիկ հաստատություն, մանկապարտեզ) կազմակերպած շուրջ 200 մրցութային փաթեթներ, ինչի արդյունքում բացահայտվել է, որ ընկերությունները պետգնումների մրցութային գործընթացների շրջանակներում վարել են համատեղ փոխհամաձայնեցված քաղաքականություն: Հանձնաժողովը հայտնաբերել է այդ մասին վկայող մի շարք հանգամանքներ: Հիշեցնենք, որ այս ընկերությունները անցած տարի մանկապարտեզներին կարագի փոխարեն մատակարարել էին կարագի սպրեդ:

 

Նման վարքագծի հետևանքով սահմանափակվել է մրցակցությունը. արձանագրվել են դեպքեր, երբ միևնույն կազմակերպությունը, հաղթող ճանաչվելով մի մրցույթում, պարտվել է մեկ ուրիշում՝ նույն ապրանքների գծով ներկայացնելով ավելի բարձր գնային առաջարկ, որպեսզի հաղթող ճանաչվի իր հետ փոխկապակցված ընկերությունը: Օրինակ` «Ամարաս-Յուսը» մի մրցույթում ճանաչվել է հաղթող և դարձել խտացրած կաթի մատակարար՝ 1 տուփը 450 դրամ գնով, իսկ մյուսում պարտվել է՝ նույն ապրանքի համար ներկայացնելով անհամեմատ բարձր՝ 1100 դրամ գին, ինչի արդյունքում վերջին մրցույթում հաղթող է ճանաչվել «Երեքնուկ» ընկերությունը և իրականացրել խտացրած կաթի մատակարարում՝ շուկայականից ակնհայտ բարձր՝ 1 տուփը 895 դրամ գնով։ Որոշ դեպքերում էլ ընկերություններից մեկը, հաղթող ճանաչվելով մրցույթում, հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը և մատակարարել ապրանքները: Արդյունքում` տեղը զիջել է իր հետ փոխկապակցված և ավելի բարձր գնային առաջարկ ներկայացրած մյուս ընկերությանը: Ընդհանուր առմամբ` ապրանքները մատակարարվել են շուկայականից անհամեմատ բարձր գներով, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ պետական բյուջեից տրամադրվող միջոցները օգտագործվել են անարդյունավետ:

 

Ընկերությունների գնային առաջարկները համեմատելով միևնույն ժամանակահատվածում շուկայում նույն ապրանքների ձեռքբերման գների հետ` պարզվել է, որ դրանց մրցութային գները եղել են էապես բարձր: Օրինակ` «Երեքնուկը» մասնակցելով «Նորքի տուն-ինտերնատի» կողմից կազմակերպված մրցույթին՝ ճանաչվել է հաղթող և սննդամթերք մատակարարել՝ շուկայականից որոշ դեպքերում մինչև 150%-ով բարձր գներով, մասնավորապես՝ կաղամբի, ապխտած մսի, թթվասերի, հավի մսի մատակարարման գները գերազանցել են այդ ապրանքատեսակների շուկայական գները, համապատասխանաբար, 150%-ով, 112%-ով, 75%-ով և 67%-ով:

 

Նշենք, որ այս ընկերությունների մասին տվյալները կփոխանցվեն ֆինանսների նախարարությանը, որպեսզի դրանց որոշ ժամանակով զրկեն պետական գնումների մրցույթին մասնակցելու հնարավորությունից: