Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլի 16-ի նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) տուգանեց 5 մլն դրամի չափով: Որոշումը ստորեւ:
Հաշվի առնելով, որ`
ա) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացված՝ հատուկ հաշիվներում դրամական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկատվության 2013 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսների արդյունքներով լրացված ցուցանիշների վերլուծությունից պարզ է դարձել, որ նշված ժամանակահատվածում՝ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել Ընկերության հատուկ հաշիվներին, Ընկերության հատուկ հաշիվներում առկա է եղել միջոցների անբավարարություն, սակայն, միջոցների պակասն Ընկերության երաշխիքային գումարի հաշիվն սպասարկող բանկի կողմից չի լրացվել երաշխիքային գումարից, Ընկերությունն էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայաններին և ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրաէներգիայի և մատուցված ծառայությունների դիմաց վճարումները կատարել է պարբերական ուշացումներով,
բ) Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը հաստատելու մասին» N111Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ հատուկ հաշվից (հաշիվներից) վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգի (այսուհետ՝ Կարգ) 4-րդ կետի համաձայն` սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից մուտքագրված գումարներն առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից փոխանցվում են Ընկերության հատուկ հաշվին (հաշիվներին): Կարգի 6-րդ կետի համաձայն, վճարման պահին, բայց ոչ ուշ, քան պայմանագրերով սահմանված ժամկետը, հատուկ հաշվում (հաշիվներում) միջոցների անբավարար լինելու դեպքում, երաշխիքային գումարի հաշիվն սպասարկող բանկի կողմից, առանց Ընկերության համաձայնության, պակասը լրացվում է երաշխիքային գումարից,
գ) Հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N109Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով հաստատված՝ N1 հավելվածի 6.3, N2 հավելվածի 6.2, N3 հավելվածի 4.4, N4 հավելվածի 4.4 և N5 հավելվածի 6.4 կետերի համաձայն՝ Ընկերությունը հաշվարկային ամսվա ընթացքում գնված էլեկտրաէներգիայի (հզորության) կամ մատուցված ծառայությունների դիմաց էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայաններին և ծառայություններ մատուցող ընկերություններին վճարումը կատարում է մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը,
դ) Հանձնաժողովը 2014 թվականի մարտի 12-ին Ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` Կարգի և Որոշման պահանջների հնարավոր խախտման փաստերն ուսումնասիրելու նպատակով, որի վերաբերյալ Ընկերությունը ծանուցվել է Հանձնաժողովի 2014 թվականի մարտի 12-ի NՌՆ-391Ֆ գրությամբ,
ե) Ընկերությունը 2014 թվականի մարտի 24-ի №04-ԵԲ-06/1147 գրությամբ խնդրել է հարուցված վարչական վարույթի վերաբերյալ համապատասխան փաստարկների և դրանք հիմնավորող փաստաթղթերի Հանձնաժողով ներկայացման ժամկետը երկարաձգել 7 աշխատանքային օրով, և Հանձնաժողովը, ընդառաջելով Ընկերության խնդրանքին, նշված ժամկետը երկարաձգել է մինչև 2014 թվականի ապրիլի 2-ը, որի վերաբերյալ Ընկերությունը ծանուցվել է Հանձնաժողովի 2014 թվականի մարտի 28-ի NՌՆ-514Ֆ գրությամբ,
զ) Ընկերության՝ 2014 թվականի ապրիլի 2-ի №04-ԵԲ-05/1353 գրությամբ ներկայացված հիմնավորումները, համաձայն որոնց, Ընկերության կողմից Կարգի և Որոշման պահանջների խախտումը պայմանավորված է եղել նշված ժամանակահատվածում էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրող կայանների օգտին վճարման ծավալների՝ Հանձնաժողովի կողմից սակագնի հաշվարկի հիմքում պլանավորվածից շեշտակի ավելացման, հսկայական վարկային պարտավորությունների կուտակման, Ընկերության ծանր ֆինանսական վիճակում գտնվելու և ընթացիկ պարտավորությունները կատարելու անհնարինության հանգամանքներով,
է) Իրականացված վարչական վարույթի արդյունքում Հանձնաժողովի աշխատակազմն արձանագրել է Ընկերության կողմից՝ Կարգի և Որոշման պահանջների խախտման փաստերը և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և 3-րդ կետի «գ» ենթակետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Որոշման 1-ին կետով հաստատված՝ N1 հավելվածի 6.3, N2 հավելվածի 6.2, N3 հավելվածի 4.4, N4 հավելվածի 4.4 և N5 հավելվածի 6.4 կետերի և Կարգի 4-րդ ու 6-րդ կետերի պահանջները խախտելու համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը ենթարկել տուգանքի` 5 000 000 (հինգ միլիոն) դրամ գումարի չափով: 2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը. 1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում ամրագրված գումարը №900005242327 hաշվեհամարով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
2) ընդունել ի գիտություն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ը դեռ փետրվար ամսին գրել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սնանկ կհայտարարվի: