կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-02 14:45
Տնտեսական

Բնապահպանության նախարարության բյուջեն 750 մլն դրամի չափով կավելանա. նախարար

Բնապահպանության նախարարության բյուջեն 750 մլն դրամի չափով կավելանա. նախարար

2018 թվականին բնապահապանության նախարարության պետական բյուջեն ավելացել է 750 մլն դրամի չափով. բյուջեի նախնական քննարկումների ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախարարությունը իրականացնելու է 18 ծրագիր: Անտառմաքրման աշխատանքների համար 117 մլն դրամի չափի գումար կտրամադրվի: Սևանա լճի ափին նախատեսվում է 11 հանրային լողափների պահպանում և կահավորում դրամաշնորհների հիման վրա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը, դիմելով նախարարին, ասաց, որ այս տարի, երաշտի հետ կապված, կենդանական աշխարհը Ախուրյանի ջրամբարում վերացվեց, ապա հետաքրքրվեց` որևէ մեկը պատասխանատվություն կրելո՞ւ է, թե՞ ոչ:

Նախարարը պատասխանեց, որ ջրօգտագործման թույլատրման իրավունք չկա: «Այս տարի գործողություններ են տեղի ունեցել, որով հարուցված են նաև քրեական գործեր, հատկապես` ձկնային մասով: Պետք է համակարգն այնպիսին դարձնենք, որ անգամ այդպիսի վտանգի դեպքում հնարավոր լինի վերահսկել»,- ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Վարդևան Գրիգորյանը, ասաց, որ այս տարի կառավարությունը որոշեց Սևանից 100 մլն խորանարդ ջրառ կազմակերպել ոռոգման նպատակով, բացի դրանից` հետապնդում էր էներգիայի ստացման նպատակ: Նա նշեց, որ նախագծով լինելու է արտաբյուջետային բաժին, ապա հարցրեց. «Ինձ հետարքրքում է` արդյո՞ք այդ հաշիվը բացվել է, և այդ գումարն ի՞նչ նպատակով է ծախսվում»:

Նախարարը պատասխանեց, որ դա իրենց նախարարության գործառույթներից դուրս է: «Կխնդրեմ մեր գործընկերները պատասխանեն այս հարցին»,- ասաց Մինասյանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն արձագանքեց, որ հաշիվը բացված է: