|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ այսուհետ ՎՊ-ն Ազգային ժողովի հետ նոր սկզբունքներով է աշխատելու, այն է`բաց, հրապարակային քննարկումներ ցանկացած խմբակցության հետ:
Նա նշեց, որ 100 տոկոսով անցնում են ծրագրային վերահսկողության տիրույթ, այսինքն` չեն լինելու ընդհանուր արտահայտություններ ու գնահատականներ, այլ իրականացվելու է կոնկրետ վերահսկողություն և կոնկրետ գնահատականներ են տրվելու կոնկրետ ծրագրերի: Իշխան Զաքարյանը խոստովանեց, որ նախորդ ժամանակաշրջանում ամեն բան չէ, որ հաջողվել է ՎՊ-ին, կան խնդիրներ, սակայն մի շարք խնդիրներ նաև լուծել են, և վերլուծություններ են ներկայացվել հասարակության դատին:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հարց ուղղելով Իշխան Զաքարյանին, իր մտահոգությունը հայտնեց ՎՊ-ի լիարժեք գործունեության վերաբերյալ: Ըստ պատգամավորի` ինչ բացահայտում էլ անի Վերահսկիչ պալատը, որքան էլ դրանք աղմկահարույց լինեն, ինչ-որ մի օղակում դրանք ընդհատվում են: Նաիրա Զորհաբյանը հարցրեց, թե ի՞նչ գործիքներ են պակասում ՎՊ-ին, որ բռնեն իրական գանձագողերի, այլ ոչ նրանց կատարածու մանր գանձագողերի ձեռքերը: Միաժամանակ, նա հորդորեց Իշխան Զաքարյանին դարձյալ չնշել Վազգեն Խաչիկյանի անունը, քանի որ նա դարձել է «թանգարանային եզակի նմուշ»:
«Միամիտ չեմ, գիտեմ, որ միայն Ձեզնով չի որոշվում, այլ քաղաքական իշխանության կամք է պետք: Մենք տեսանք, թե ինչպես արձագանքեց կառավարությունը ձեր բացահայտումներին` այն անվանելով ֆիկցիա, ուղեղի մորմոք, տեսանք, թե այդ բացահայտումներից քանիսն ընթացք ստացան»,- նշեց Զոհրաբյանը:
Իշխան Զաքարյանը նշեց, որ գոյություն ունեն ՎՊ բացահայտումներ և այդ բացահայտումների վերաբերյալ մեկնաբանություններ, որոնք ՎՊ-ն կարող է ընդունել կամ չընդունել: Եվ ՎՊ կողմից որոշ մեկնաբանություններ չընդունելու դեպքում պետք է դիմել դատական իշխանություններին: «Այլ գործիք, այլ մոտեցում առայժմ չունենք: Սահմանադրական նորմից մենք չենք կարող դուրս գալ»,- ասաց Իշխան Զաքարյանը:
Արձագանքելով նրան` Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ բարի ավանդույթները շարունակվելու են, այսինքն` որոշ հատվածում ՎՊ բացահայտումները ընդհատվելու են: