կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-14 15:01
Հասարակություն

Զաքարյանի օրոք առաջընթաց են գրանցել ե՛ւ Մեղրին, ե՛ւ նրա մեջ մտնող գյուղերը․ Նռնաձորի գյուղապետը՝ Մխիթար Զաքարյանի գործունեության մասին

Զաքարյանի օրոք առաջընթաց են գրանցել ե՛ւ Մեղրին, ե՛ւ նրա մեջ մտնող գյուղերը․ Նռնաձորի գյուղապետը՝ Մխիթար Զաքարյանի գործունեության մասին

Հինգ տարի աշխատել ենք միասին՝ 2016թ․-ից, ինչ Մեղրին խոշորացված համայնքի կարգավիճակ է ստացել։ Հրաշալի մարդ, համայնքի հրաշալի ղեկավար։ Հինգ տարվա մեջ զգալի առաջընթաց են գրանցել ե՛ւ Մեղրին, ե՛ւ նրա մեջ մտնող գյուղերը, որոնց թվում՝ նաեւ Նռնաձոր բնակավայրը․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մեղրի խոշորացված համանքի մեջ մտնող Նռնաձոր գյուղի ղեկավար Ալիկ Բոյաջյանը՝ անդրադառնալով Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ապօրինի կալանավորմանը։

Բոյաջյանը շեշտում է՝ Զաքարյանի հետ համատեղ աշխատանքի ընթացքում չի տեսել որեւէ չարաշահում, ընդհակառակը՝ «շատ ժամանակ նույնիսկ իր միջոցներով է գյուղի առջեւ ծառացած խնդիրները լուծել, իր անձնական միջոցներով մոտ 25 տոննա տարողությամբ ջրավազան ենք կառուցել, հանգստի գոտի էինք սարքում, որն անավարտ մնաց»։ Սյունիքի համայնքապետերը, որոնց թվում՝ նաեւ Մխիթար Զաքարյանը, Բոյաջյանի խոսքով, պատերազմի ժամանակ ապացուցել են, որ հայրենասեր մարդիկ են, եւ սխալվում են, եթե կարծում են, որ, համայնքապետերին մեկուսացնելով, կկարողանան Սյունիքում ապօրինի գործողություններ իրականացնել։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Մեղրի խոշորացված համայնքի մեջ մտնող Շվանիձոր եւ Ալվանք գյուղերի ղեկավար Ալիկ Թումանյանը, անդրադառնալով Զաքարյանի կալանավորմանը, ասել էր․ «Մի մարդ, որն իր սեփական միջոցներով շենացրել է Մեղրին, գյուղերը, ի՞նչ չարաշահում կարող էր թույլ տալ, ինչի՞ մասին է խոսքը։ Բացառվում է, նա այն մարդը չէ, որ նստեր ղեկավար, նայեր համայնքային բյուջեին։ Զաքարյանի հետ աշխատել եմ 2016թ․-ից սկսած՝ Մեղրի համայնքի խոշորացումից հետո։ Հինգ տարվա ընթացքում համայնքում հսկայական բարեփոխումներ են եղել, շատ դեպքերում Զաքարյանն անձնական միջոցներով է ինչ-ինչ խնդիրներ կարգավորել։ Շատ լավ զինվորական է, Մեղրիի, Ագարակի գլխին գտնվող հենակետերի համար իր անձնական միջոցներով մեծ աշխատանք է կատարել, ճանապարհներ է կառուցել, բլինդաժներ է սարքել։ Նախկինում պոստ գնացող ճանապարհներն ահավոր վիճակում էին»։

Լիանա Սարգսյան