|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի գործով հերթական դատական նիստը:
Մեղադրող դատախազ Արմեն Մարուխյանն առաջարկեց գործով ամբաստանյալ Ստեփան Հակոբյանին (ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբորորդուն) մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 38-104 հոդվածի մասով եւ դատապարտել 14, իսկ 235 հոդվածով` 2 տարվա ազատազրկման: Սակայն համաներման ակտով պատիժները մասնակի կրճատել և նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել 15 տարվա ազատազրկումը:
Տուժող կողմը ևս միացավ դատախազի առաջարկին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորչգյանը հայտարարեց, որ սպանվածի հարազատներն իրեն փոխանցել են` Հակոբյանի համար առաջարկել առավելագույն պատիժ:
Մեղադրող Արմեն Մարուխյանն իր ճառում ներկայացրեց, որ Ստեփան Հակոբյանի մեղքը ապացուցվել է մի շարք վկաների ցուցմունքներով, հեռախոսային վերծանումների արձանագրություններով: Դատախազն ուշադրություն հրավիրեց վերծանումներից հատկապես մի դրվագի վրա: Նրա խոսքով` ապացուցվել է, որ Սեդրակ Զատիկյանի սպանության համար դատապարտված Արսեն Առուշանյանը սպանությունից 5 րոպե անց զանգահարել է Ստեփան Հակոբյանին և ասել. «Ախպերնե'ր, սաղ լավ ա, տղա ա»: Նշենք, որ Արսեն Առուշանյանը իր գործով դատաքննության ընթացքում հերքել էր այդ փաստը` ասելով, որ նման ցուցմունք տվել է նախաքննական մարմնի ճնշումների հետևանքով:
Ամբաստանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նա դատարանում հրաժարվել էր ցուցմունք տալուց և դատավարության մասնակիցների, այդ թվում՝ իր պաշտպանի հարցերին պատասխանելուց:
Ըստ մեղադրանքի` Ս.Հակոբյանը, Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով, դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Բացի այդ` Ստեփան Հակոբյանը մեղադրվում է նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ ապօրինի կերպով ձեռք բերելու և մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահելու մեջ՝ ըստ մեղադրական եզրակացության: Դրանք հայտնաբերվել են 2006 թվականի հունիսի 23-ին` նրան պատկանող տանը կատարված խուզարկությամբ:
Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցներից:
Հաջորդ դատական նիստին` նոյեմբերի 26-ին` Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես կգա պաշտպանական ճառով: