կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-04 18:30
Իրավական

Կասկեքը հագե’ք, մտանք Ջրառատ. գեներալ Մանվելի եղբորորդու «գործն անողին» ազատազրկում է սպառնում

Կասկեքը հագե’ք, մտանք Ջրառատ. գեներալ Մանվելի եղբորորդու «գործն անողին»  ազատազրկում է սպառնում

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ Մանվել Ավետիսյանը գյուղի անմխիթար ճանապարհներին ավազախիճ լցնելու համար հնարավոր է հայտնվի անազատության մեջ: Արմավիրի մարզի դատախազությունում նրա նկատմամբ քրեական գործ կա հարուցված՝ կապված ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ընդերքին էական վնաս պատճառելու հետ:

 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ՝ Մանվել Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 2-րդ մասի (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) հատկանիշներով: Ավետիսյանը, ըստ նախաքննության, 2014թ. մայիս ամսվա ընթացքում առանց պայմանագրի օգտագործել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի տարածքում գտնվող` գյուղատնտեսական նշանակության` իրեն պատկանող հողակտորի ընդերքը, որտեղից հանված հողախառն ավազախիճը Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչների օգնությամբ լցրել է գյուղի կենտրոնական փողոցներում, ինչի հետևանքով ընդերքին պատճառվել է էական 1.005.637 ՀՀ դրամի վնաս:

 

Սակայն սա ամենը չէ: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Մանվել Ավետիսյանը, առանց համապատասխան թույլտվության, ընդերքից հանված ավազախիճը նաև վաճառել է, ինչի համար պետությունը նրան տուգանել է 5 մլն 500 հազար դրամի չափով: Yerkir.am-ի հետ զրույցում Մանվել Ավետիսյանը պատմեց, որ երբ տեղեկացել է, որ գործ են ուզում հարուցել, մի քանի օր աշխատանքներ է տարել՝ ընդերքից հանած հողախառն ավազը տեղը լցնելու համար: «Երբ իմացա, մի քանի օր աշխատանքներ տարանք, որ հողը լցնենք տեղը, բայց եկան ու ասացին՝ ձեռք մի տուր, մեկ ա`  հեսա տարածքը քեզնից առնելու ենք, ջրամբար սարքենք: Ես էլ արխային ընկա, բայց...»,- պատմեց գյուղացին ու հավելեց, որ հիմա էլ ստիպված է Ջրային տնտեսությունից գրություն բերել, որ իրեն ժամանակին արգելել են հողը լցնել տեղը, որպեսզի դատարանում կարողանա պաշտպանել իր անմեղությունը:

 

Մ. Ավետիսյանը հենց այդ կուտակված ավազահողն էլ լցրել է գյուղի անմխիթար ճանապարհներին, արդյունքում` արժանացել է իրավապահների ուշադրությանը:

 

«Վիճակս շատ ծանր ա, ավելի լավ ա` չխոսամ, գյուղի ճանապարհները ծանր վիճակում էին, լցրել էի, որ մի բանով օգուտ տամ»,-ասաց նա:

 

Մեզ հետ զրույցում Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանը հայտնեց, որ Մանվելն իր քայլով ավելի շատ գյուղին օգուտ է տվել, քան՝ վնաս: «Գյուղի ճանապարհները շատ վատ վիճակում են, տարին մի քանի անգամ ավազ ենք լցնում»,- դժգոհեց գյուղապետն ու ընդգծեց, որ համագյուղացին ճանապարհների ավազը բոլորովին անվճար է լցրել:

 

Ի դեպ, Սամվել Գալստյանը ՀՀ տխրահռչակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի զարմիկն է և, որոշ տեղեկությունների համաձայն, հենց նրա հովանավորությամբ էլ դարձել է գյուղապետ:

 

Ինչևէ, թե որքան է արդարացված Մանվել Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը, պարզ կդառնա դատարանում, իսկ մինչ այդ ուշադրություն հրավիրենք մի ուշագրավ հարցի: Այն, որ ներկայումս հանրապետության շատ գյուղերի ճանապարհներ ունեն ասֆալտապատման խնդիր, գաղտնիք չէ: Գաղտնիք չէ նաև այն, որ ցանկացած ընտրություններից առաջ, համայնքապետերն ու տարածքներից ընտրվող պատգամավորները խոստանում են լուծել այդ խնդիրը, սակայն քչերն են դա իրագործում: Արմավիրի մարզի Ջրառատ գյուղն ընդգրկող թիվ 20՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ազդեցության գոտի համարվող ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Հրանտ Գրիգորյանի նախընտրական խոստումներից է եղել տարածաշրջանի գյուղերի ասֆալտապատման հարցը: Սակայն Ջրառատի օրինակը բավական է` փաստելու, որ խոստումը մնացել է օդում:

 

Նշենք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Սակայն նրանք մշտապես լարված հարաբերությունների մեջ են միմյանց հետ` այն աստիճան, որ մի առիթով Հրանտ Գրիգորյանն անգամ բողոք է գրել ՀՀ ոստիկանապետին՝ հորեղբոր դեմ սանկցիաներ կիրառելու համար:

 

Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Գրիգորյանների միջև առկա տարաձայնություններն են պատճառը, որ վերոհիշյալ գյուղի ասֆալտապատման հարցը չի մտնում օրակարգ: Ասել է թե՝ գեներալ հորեղբայրն ամեն կերպ փորձում է փակել եղբորորդու «օդը»՝ նրան ընտրողների աչքից գցելու համար: Ասում են` գեներալ Մանվելն ամենուր հայտարարում է, որ թույլ չի տալու` հաջորդ ընտորություններին Հրանտն ընտրվի այդ ընտրատարածքից:

 

Ինչևէ, հուսանք, որ Էջմիածնի երբեմնի ամենազարգացած գյուղի ասֆալտապատման խնդիրը լոկ երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակի ու բյուջեի սղության հետ է կապված, և շուտով այդ հարցն էլ օրակարգ կմտնի: Սակայն եթե իսկապես խնդիրը պայմանավորված է գեներալի քմահաճույքներով, ապա մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Էջմիածնի դե ֆակտո «տիրակալը» ոտնահարում է հասարակ գյուղացիների՝ նորոգված ճանապարհներ ունենալու իրավունքը:

 

Իսկ վերջում չմոռանանք, թե այս հարցն ինչու բարձրացրեցինք. գյուղի անմխիթար ճանապարհներին ավազ լցնելու, այսինքն` Մանվել և Հրանտ Գրիգորյանների, Լյովա Երանոսյանի զարմիկի և մյուսների գործը կիսատ-պռատ անելու պատճառով հասարակ գյուղացուն ազատազրկում է սպառնում:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ