Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-11-11 11:48
Առանց Կատեգորիա

Ախպերության կարգավիճակից դուրս չեկած երկիր

Ախպերության կարգավիճակից դուրս չեկած երկիր

Օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը ուշադրության համարյա չարժանացավ: Ըստ մամուլի հրապարակումների` Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը կնոջ հետ մեկնելիս է եղել Գերմանիա։ Օդանավակայանում չվերթից մեկ ժամ առաջ պարզվել է, որ Սաշիկի կնոջ՝ Ավրիգայի անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականությունը հաստատող կլոր կնիքը ժամկետանց է։ Մամուլի հրապարակումների համաձայն` Սաշիկ Սարգսյանի հրահանգով նախ որոշակի ժամանակով հետաձգվել է թռիչքը, իսկ այդ ընթացքում օդանավակայան է կանչվել ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրային բաժնի աշխատակիցը, որը և տեղում հաստատել է տիկին Ավրիգայի՝ արտասահման մեկնելու իրավունքը։

 

Ոչ ոք, անշուշտ, այս պատմության իսկությունը հարյուր տոկոսով չի պնդում, սակայն հարյուր տոկսով կարելի է պնդել այդ պատմության հավանականությունը. վերոբերյալ հանգամանքներում գործողությունները կզարգանային ճիշտ նույն կերպ, ինչպես որ զարգացել են: Այլ զարգացում պարզապես բացառվում է: Իսկ միջադեպը որքան արտառոց է, նույնքան էլ` սովորական, հայկական իրականությանն ու կեղծ էլիտայի բարքերին միանգամայն բնորոշ: Մեր երկրում վաղուցվանից է, որ ոչ թե պաշտոնյան, պաշտոնյայի տղան կամ ախպերը, գռփողը կամ ջեբկիրն են հարկ եղած դեպքում «գնում» օրենքի մոտ, այլ օրենքն է ստիպված լինում «բերման ենթարկվել» նրանց դուռը: Վերևի օրինակում` ոչ միայն դուռը, այլև բուռը, որտեղ «հարմար» տեղավորվելով` օրենքը կծկվում-դառնում է մի խեղճուկրակ կնիք` դրվելով նրա կամ նրա ընտանիքի անդամի անձնագրում: Եվ մեր երկրի ու ժողովրդի դժբախտությունն է, որ հսկա ինքնաթիռի թռիչքը կարող է կասեցվել նախագահի` ընդամենը ախպոր պատճառով... Պաշտոնյա չէ, պատգամավոր չէ, մեծ հարկեր վճարող բիզնեսմեն չէ, ընդամենը… նախագահի ախպեր է: Ահա, թե ինչպես և ինչու այս երկիրն առայժմ մնում է ախպերության կարգավիճակում և չի զորում դառնալ պետություն: Այն էլ` «ժողովրդավարական, իրավական, սոցիալական», ինչպես ներկայացված է նույն այդ երկրի սահմանադրության մեջ, ի դեպ, առայժմ առանց մեծատառի սահմանադրության, որովհետև սահմանադրությունը մեծատառ դարձնում են` այն կյանքի կոչելով, ոչ թե մեծատառ գրելով:

 

Իսկ սաշիկները ահա այսպես քամահրում են օրենքների և սահմանադրության ցանկացած մեծատառ:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ