կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-18 21:22
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ախպերության ֆոնդին». Հովհաննես Սուքիասյանի որդին՝ հորը սպանելու հանգամանքների մասին

Երբ Արմեն Տեր-Սահակյանին բանդայի անդամները հարց են տալիս՝ ո՞վ է Հովհաննես Սուքիասյանը, ինչի՞ պիտի սպանենք, ձեռքի արհամարհական շարժումով ասում է՝ «ախպերության ֆոնդին». Yerkir.am-ին պատմեց Վանո Սիրադեղյանի բանդայի կողմից քաղաքական հողի վրա 1992 թ-ին սպանված ՀՅԴ անդամ  Հովհաննես Սուքիասյանի որդին՝ Թադևոս Սուքիասյանը: Նա այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մասնակցել է բողոքի ակցիային, որը կազմակերպվել էր դատարանի շենքի առջև՝ բանդայի անդամ-դահիճ Ալիկ Գրիգորյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու դեմ:

Թադևոս Սուքիասյանը հոր սպանության տարում եղել է 11 տարեկան:

«27 տարի առաջ ՀՀՇ-ի բարձրագույն իշխանությունների հովանավորությամբ և անմիջական աջակցությամբ են տեղի ունեցել քաղաքական սպանությունները»,-ասաց նա:

Նա մտահոգություն հայտնեց, որ սպանությունից անցել է 27 տարի և սերունդ է մեծացել, որը բացարձակ տեղյակ չէ՝ ինչ է կատարվել 1990-ականների սկզբներին:

«Հայրս իր անձնական միջոցներով և հարակից շրջանների շրջխորհրդի նախագահների աջակցությամբ 500 որբ էր պահում արցախյան ազատամարտի տարիներին, հիմա ասեք՝ թուրքն էր ավելի վատ, թե այս թուրքանման հայերը՝ որ հորս սպանելով նորից որբացրին այդ 500 որբին ու այն փախստականներին, որոնց հոգսերը ծառացած էր հորս ուսերին: Ակամայից հիշում ես մեծ Նժդեհի խոսքը, որ՝ մեր դժբախտությունը այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ որ կան թուրքանման հայեր: Հիմա սրանք են՝ Վանոյի և Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ»,-ասաց Հովհաննես Սուքիասյանի որդին:

Հովհաննես Սուքիասյանի եղբայրը՝ Հարություն Սուքիասյանը, վրդովված պատմեց, որ իրենց հորը սպանողն ասել է, թե իր «թիկունքը» այն ժամանակվա Ներքին գործերի նախարարն ու երկրի նախագահն են:

Ավելի վաղ Yerkir.amտեղեկացրել  էր, որ դատական նիստը հետաձգվել է:

Մանրամասները՝ տեսանյութում: