կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-07 17:40
Քաղաքական

Իշխան Զաքարյանի թեկնածությանը ''Ժառանգությունը'' դեմ է

Իշխան Զաքարյանի թեկնածությանը ''Ժառանգությունը'' դեմ է

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դեմ է ոչ լեգիտիմ անձի կողմից Իշխան Զաքարյանի թեկնածության առաջադրմանը: «Ահա` ինչու մենք մերժելու ենք այդ թեկնածությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հետ աշխատանքային քննարկումների և, առհասարակ,  նրա վերանշանակման մասին, հայտնեց պատգամավորը:

 

Նա նշեց, որ աշխատանքային քննարկումն արտառոց չէր, այլ շատ սովորական զրույց-քննարկում: Զարուհի Փոստանջյանի խոսքով` դեռ նախորդ պաշտոնավարման ժամանակ Իշխան Զաքարյանը ներկայացնում էր արժանահավատ զեկույցներ, բայց դրանք չունեցան հասարակությանը պիտանի հետևանք: Իսկ հետևանքը, ըստ պատգամավորի, պետք է լիներ համապատասխան պատիժների միջոցով վնասների վերականգնումը, անպատժելիության մթնոլորտի վերացումը: ՎՊ աշխատանքի արդյունքները պետք է տեսանելի լինեին ոչ միայն քաղաքացիների, այլ նաև այն անձանց համար, որոնց մտքով կանցներ ոտնձգություն անել պետական բյուջեի նկատմամբ:

 

«Ոչ մի ակնկալիք չունեմ ո'չ առաջադրված անձից, ոչ' էլ նրա  կողմից ղեկավարվող կառույցի աշխատանքից: Իսկ Վերահսկիչ պալատի կողմից նոր բացահայտումների հնարավորությունը պետք է հարցնել հենց Սերժ Սարգսյանից»,- ասաց պատգամավորը:

 

Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ինչո՞վ էր պայմանավորված Զաքարյանի թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի կողմից, եթե որոշ ժամանակ առաջ նա խիստ քննադատության էր ենթարկել նրա կողմից հնչեցված հաշվետվությունը, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ զարմանալի ոչինչ չկա` Իշխան Զաքարյանի ներկայացրած չարաշահումները պետք էին Սերժ Սարգսյանին, որպեսզի նա հնարավորություն ունենար իր բռնազավթման շրջանն ավելի արդյունավետ կառավարել: Իսկ Սերժ Սարգսյանի կողմից արված դիտողությունը արդյունք էր այն բանի, որ ամբողջ հանրությունը արդեն խոսում էր այդ չարաշահումների մասին, եւ անհրաժեշտ եղավ նման արձագանք հնչեցնել: «Բացահայտումների պատվիրատուն ու սցենարիստը Սերժ Սարգսյանն է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: