Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Yerkir.am-ն անդրադարձել էր Կարեն Դեմիճյանի անվան թիվ 139 դպրոցի ուսուցչուհի, նախկին տնօրեն Անահիտ Հավհաննիսյանի և դպրոցի աշակերտների միջև առկա տարաձայնություններին: Նշել էինք նաև, որ ուսուցչի վարքից դժգոհ որոշ ծնողներ մեզ էին ներկայացրել նրա անցյալ գործունեությունից որոշակի փաստեր, որոնք, ըստ նրանց, վկայում են այն մասին, որ տվյալ ուսուցչի «բեսպրեդելը» նկատելի է եղել նաև տարիներ առաջ` այլ դպրոցներում տնօրեն լինելու տարիներին, սակայն 139 դպրոցի տնօրենն աչք է փակել այդ ամենի վրա և, նրան աշխատանքի ընդունելով, կոծկել այդ ամենը:
Մեր զրուցակիցները, անդրադառնալով Հովհաննիսյանի անցյալ գործունեությանը, նշել էին, որ եթե լավը լիներ, Իշխան Զաքարյանի կինը նրան տնօրենի պաշտոնից ազատել չէր տա: Հենց այս հայտարարությունն էլ արժանացավ մեր ուշադրությանը և առիթ հանդիսացավ Հովհաննիսյանի կրթական գործունեության վերաբերյալ ուշագրավ մանրամասների բացահայտմանը: Դեպքերը, որոնք կներկայացնենք, 14 տարվա վաղեմության են, սակայն ուսուցչուհին չի մոռացել դրանք, ավելին` կարծում է, որ իր կարիերայի հետ կապված բոլոր անհաջողությունները սկսվում են հենց այդտեղից:
2000-ին Հովհաննիսյանը, երբ ազատվում է Երևանի թիվ 62 դպրոցի տնօրենի պաշտոնից, դիմում է դատարան` հայտնելով, որ իրեն ապօրինի են ազատել աշխատանքից: 7 ամիս քննելով գործը` դատարանը բավարարում է Հովհաննիսյանի բողոքն ու աշխատանքը վերականգնելու վերաբերյալ որոշում կայացնում: Սակայն Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի «թեթև ձեռքով» Հովհաննիսյանը ոչ թե վերականգնվում է պաշտոնում, այլ նշանակվում թիվ 6 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
«Ինձ 62 դպրոցից հանեցին, որ Իշխան Զաքարյանի կնոջը տեղավորեն: Ես երեք տարի շարունակ, գիշեր-ցերեկ այդ դպրոցն էի վերանորոգում իմ ամուսնու և ընկերների միջոցներով, շինարարների հետ հավասար աշխատում էի, ավելը ձեռքիս գործ էի անում: Երբ աշխատանքները վերջացրեցինք, պարզվեց, որ այդտեղ մարդ կա նշանակվող: Ես մեղավո՞ր եմ, որ Իշխան Զախարյանի կինն ուզում էր հենց այդ վերանորոգված դպրոցում աշխատել: Հետո էլ` որ ինքը գնար վարչություն, նրա քույրը գար այդտեղ: Ի՞նչ է, այդ դպրոցներն իրենք ժառանգությո՞ւն են ստացել»,- yerkir.am-ի հետ զրույցում պատմեց նախկին տնօրենը:
Խոսքը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի մասին է: Նրա քույրը` Մարինե Սողոմոնյանը, ներկայումս ղեկավարում է թիվ 62 դպրոցը: Ի դեպ, ժամանակին լուրեր էին շրջանառվում, որ Գայանե Սողոմոնյանի և ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի դուստրն էլ հավակնում է դառնալ Պուշկինի անվան դպրոցի տնօրեն, և այդ նպատակին հասնելու համար ծնողները գործի են դնում իրենց հնարավոր կապերը ներկայիս տնօրեն Մարիետա Մատղաշյանի ազատման նախադրյալները ստեղծելու համար: Վերջինս ժամանակին քաղաքապետարանի կողմից հաճախակի էր հանդիմանության արժանանում, տարատեսակ բացատրագրեր ու ծնողների ստորագրությամբ միջնորդություններ ներկայացնում:
Ինչևէ, վերադառնանք նախկին տնօրենի գործունեությանը և մի քանի դրվագ էլ պատմենք նրա` ժամանակավոր պաշտոնակատար լինելու ժամանակահատվածից: Հակոբ Կարապենցի անունը կրող 6-րդ դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննիսյանին գրկաբաց չեն ընդունում, քանի որ, ըստ ուսուցիչների, քաղաքապետն իրավունք չուներ դպրոցի կազմից դուրս որեւէ մեկին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու: Բանն այն է, որ 1999-ից դպրոցն անցել էր խորհրդով կառավարման ձևի, այսինքն` դպրոցի տնօրենին ընտրում է շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից կազմված խորհուրդը: Ի վերջո, 2002 թ. մայիսի 22-ին դպրոցի խորհրդի ընտրությունների արդյունքում տնօրեն է ընտրվում ոչ թե Անահիտ Հովհաննիսյանը, այլ մեկ ուրիշ դպրոցի ուսուցչական կազմից Սուսաննա Գրիգորյանը, ով, ի դեպ, երկու ամիս անց ազատվում է աշխատանքից:
Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, հիմք ընդունելով թիվ 6 դպրոցի խորհրդի որոշումը եւ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի զեկուցագիրը, Անահիտ Հովհաննիսյանին հունիսի 27-ից ազատում է զբաղեցրած պաշտոնից: Սակայն Հովհաննիսյանը այս որոշումից հետո հրաժարվում է նոր տնօրենին փոխանցել դպրոցի կնիքն ու փաստաթղթերը: 2001-ի հուլիսի 18-ին «Ազգ» օրաթերթում տպագրված մի հոդվածում, այս դեպքերի հետ կապված, մի ուշագրավ հրապարակման հանդիպեցինք:
«Նախկին ժամանակավոր պաշտոնակատարի մի արտառոց արարք արժանի է ուշադրության։ Հունիսի 30-ի առավոտյան ժ. 9¬10-ը տկն Անահիտը մտել է դպրոց, ծեծել, այո՛, ծեծել պահակին, ապա տարել դպրոցի կնիքն ու փաստաթղթեր։ Պահակն Էրեբունու ՆԳ բաժնում բացատրություն է տվել այս փաստի կապակցությամբ, նշելով, որ իր անձին հասցվածի համար չի բողոքում, այլՙ դպրոցից կատարված գողության։ Էրեբունու ՆԳԲ-ն գողության համար ոչ մի բան չի ձեռնարկել»,- գրել է թերթը:
Սակայն մեզ հետ զրույցում ուսուցիչը, անդրադառնալով այդ դեպքին, նշեց, որ նման բան չի եղել: «Հապա ինձ նայեք, ես կարո՞ղ եմ մարդ ծեծել»,- ասաց նա և հավելեց, որ պահակն իր ընտանիքով դպրոցում էր ապրում, և ինքն այդ ամենի վրա չէր կարող աչք փակել: Իսկ իրեն թիվ 6 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը, ըստ նրա, նպատակադրված քայլ էր: «Ամբողջ կրթության վարչությունը ոտքերս էր ընկել, որ չուզեմ 62 դպրոցում մնալ: Նրանք խոստացան այլ տեղ ուղարկել, սակայն պարզվեց սխալ հրամանով են ուղարկել, դա այն պարագայում, երբ իմ ձեռքում կար դատարանի որոշում»,- պատմեց նա և հավելեց. «Ես դպրոցի տնօրենի աշխատանքը թողեցի, որովհետև այնքան էի զզվել այդ ամենից, բայց ես լավ տնօրեն եմ եղել, իմ անունն ընկերներս շինարար էին դրել, որովհետև որտեղ գնում էի, նորոգում էի և գեղեցիկը ստեղծում»:
Նախկին տնօրենը համոզված է, որ եթե այս ամենը չլիներ, ինքը հիմա շատ ավելի վերևներում կլիներ, ոչ թե կմնար հասարակ ուսուցիչ: Հովհաննիսյանի համար, սակայն, ցավալին ոչ թե այս պատմությունները վերհիշելն է, այլ այն փաստը, որ որոշ մարդիկ իրեն վարկաբերելու համար գործի են դնում ամեն ինչ, փորփրում իր անցյալը, այն դեպքում, երբ դրա իրավունքը չունեն, ավելին` դա որևէ կապ չունի իր և աշակերտների միջև հարաբերություններին, կապ չունի իրեն սիրել-չսիրելու կամ հարգել-չհարգելու հետ:
Թ. Մ.