կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-29 11:37
Մշակույթ

″Վերադարձի″ փառատոնը Հայաստան կվերադարձնի հայտնի երաժիշտների

″Վերադարձի″ փառատոնը Հայաստան կվերադարձնի հայտնի երաժիշտների

Այսօր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կմեկնարկի «Վերադարձի» դասական երաժշտության 7-րդ փառատոնը:

 

Փառատոնի հիմնադիր, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ փառատոնի բացման համերգը կնվիրվի Զարեհ Սահակյանցի ծննդյան 80-ամյակին:

 

«Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Ելույթով հանդես կգա ջութակահար Դավիթ Հարությունյանը /Ֆրանսիա/, ալտահար Տոմոկո Ակասական /Ճապոնիա/, թավջութակահար Միքայել Հախնազարյանը /Գերմանիա/: Ի դեպ, հոկտեմբերի 30-ին նույն ծրագրով համերգ կունենանք Աբովյան քաղաքում՝ Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում. իրենց ելույթներով մեզ կմիանան նաեւ դպրոցի սաները»,- ասաց Շահինյանը:

 

Ըստ նրա` փառատոնի ընթացքում մեր երաժիշտները հնարավորություն կունենան շփվելու դրսից ժամանած երաժիշտների հետ, եւ փորձի փոխանակում կլինի: Դրա վառ ապացույցը հոկտեմբերի 31-ին Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգն է, որի ընթացքում Միքայելի, Դավիթի եւ Տոմոկո Ակասակիի հետ ելույթով հանդես կգան թավջութակահար Վահան Գրիգորյանը, ալտահար Արմեն Թորոսյանը եւ ջութակահար Տիգրան Մաթեւոսյանը:

 

Ի դեպ, այս համերգային ծրագիրը կներկայացվի նաեւ Ֆրանսիայում կայանալիք միջազգային փառատոնին:

 

«Վերջին շրջանում ավելացել է նաեւ մեր հանդիսատեսի թիվը, այսինքն` փորձը ցույց է տալիս, որ հանդիսատեսն ընդունում է այն, ինչ իրեն մատուցում են: Եթե սերիալների փոխարեն մեր հեռուստաընկերությունները դասական երաժշտություն գովազդեին, դասականի հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի շատ կլիներ»,- ասաց Շահինյանը:

 

Ըստ նրա` կարեւոր է, որ փառատոնի շրջանակներում ելույթ են ունենալու Հայաստանի պետական երկու նվագախումբ` կամերային եւ ֆիլհարմոնիկ նվագախմբերը:

 

«Վերադարձ» փառատոնն իր համերգները կշարունակի մինչեւ նոյեմբերի 20-ը: Փառատոնի շրջանակում կկայանա վեց համերգ: