կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-22 14:41
Հասարակություն

«Յունիբանկ»-ի աջակցությամբ կկայանա պատանի երաժիշտների`«Վարպետները կերտում են վարպետներ» սիմֆոնիկ համերգը

«Յունիբանկ»-ի աջակցությամբ կկայանա պատանի երաժիշտների`«Վարպետները կերտում են վարպետներ» սիմֆոնիկ համերգը

ՀՀ և ԼՀՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաները 2017թ.-ի մարտի 6-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան/ հետ ելույթ կունենան Արամ Խաչատրյանի համերգասրահում:  «Վարպետները կերտում են վարպետներ» խորագրի ներքո հանդիսատեսին կներկայացվի բարդ և հագեցված համերգային ծրագիր: Կհնչեն Չայկովսկու, Գրիգի, Ալ. Հարությունյանի, Լիստի և  Ռախմանինովի ստեղծագործությունները: Ծրագրում ընդգրկված պատանի երաժիշտներից համերգին ելույթ կունենան Անի Աթայանը /դաշնամուր/, Անդրանիկ Աղաջանյանը /թավջութակ/, Արթուր Գրիգորյանը /դաշնամուր/,  Պոլինա Շարաֆյանը /ջութակ/, Անդրեյ Կուրբետը /դաշնամուր/ և Խաչիկ Անդրեասյանը /դաշնամուր/:  Դիրիժոր` Ռուբեն Ասատրյան: 

2016-ի դեկտեմբերին կայացավ ՀՀ և ԼՀՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի սաների գալա համերգը և հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ  ընդունեց յուրաքանչյուր կատարողին: Պատանի երաժիշտներն արդեն իսկ դարձել են մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոնների դափնեկիրներ: Անի Աթայանը Հայաստանը ներկայացրեց «Սերունդների մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնում և ելույթ ունեցավ Ռուսաստանի Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի հետ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: Անդրանիկ Աղաջանյանը Չայկովսկու անվան միջազգային 9-րդ մրցույթում արժանացավ հատուկ մրցանակի, իսկ Անդրեյ Կուրբետը հատուկ մրցանակ ստացավ «Gina Bachauer» միջազգային մրցույթում: Պոլինա Շարաֆյանը, Արթուր Գրիգորյանը և Խաչիկ Անդրեասյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ են: Վառ, արտիստիկ և տաղանդավոր այս պատանիներն իրենց ձեռքբերումներով ապացուցեցին, որ կարող են Հայաստանը պատվով ներկայացնել միջազգային բեմերում: 

ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ին: Այն ուղղված է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 11-20 տարեկան տաղանդավոր և շնորհալի երիտասարդների բացահայտմանն ու կատարելագործմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Լավագույն մասնագետները շարունակական սկզբունքով ծրագրի մասնակիցների հետ իրականացնում են ակտիվ ուսումնական գործընթաց, որը ներառում է նաև վարպետության դասեր հրավիրյալ մասնագետների կողմից: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս պատանի երաժիշտների համար ապահովելու բազմակողմանի կրթություն և տարբեր դպրոցների փորձի փոխանակում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ներառում է դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտությունները: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների /Վան Քլայբերն, Լիդզ, Ջինա Բախաուեր, Գարդիան Դուբլին/ դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը:

Ի դեպ` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ և ԼՀՂ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների  զարգացման նպատակային ծրագրի սաների համար սահմանվել է կրթաթոշակ:  

Յունիբանկը մշտապես ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերել հասարակության կյանքում և ակտիվ աջակցություն տրամադրել հովանավորչական,բարեգործական և սոցիալական ծրագրերին, որոնք ուղղված են կրթության, արվեստի, սպորտի ոլորտների զարգացմանը: Այս համերգի աջակիցը լինելով` Յունիբանկնուրախ է նպաստելու տաղանդավոր պատանի երաժիշտների առաջխաղացմանն ու երիտասարդության շրջանում դասական երաժշտության հանրայնացմանը: