կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-05 15:32
Մշակույթ

Հայ երաժիշտների հետ աշխատելը հեշտ է

Հայ երաժիշտների հետ աշխատելը հեշտ է

Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում օպերային երաժշտության երեկո էր: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ /գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան/ հանդես եկան մեներգիչներ Մարինա Նաչկեբիան /սոպրանո, Վրաստան/ եւ Գրիգոր Վերները /բարիտոն, Ռուսաստան/: Երեկոյի ընթացքում հնչեցին նախերգանքներ եւ արիաներ իտալական, ռուսական օպերաներից։

 

Գրիգոր Վերները ծնվել է Երեւանում, այժմ ապրում է Սանկտ Պետերբուրգում, Մարիինյան թատրոնի մենակատարներից է։ Վերջին անգամ Երևանում եղել է 2002-ին, սակայն հայաստանյան հանդիսատեսի համար ելույթ է ունենում առաջին անգամ։ Ըստ նրա` հայ երաժիշտների հետ աշխատելը հեշտ է։

 

«Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամները շատ երիտասարդ են, բայց նաև՝ տաղանդավոր։ Հաճելի էր նրանց հետ աշխատելը»,- նշեց Վերները։

 

Մարինա Նաչկեբիան էլ ասաց, որ այս տարվա ամռանը դարձել է «Ռիկարդո Զանդոնայի» օպերային մրցույթի /Ռիվա դել Գարդա, Իտալիա/ երրորդ մրցանակի եւ «Արամ Խաչատրյան» հատուկ մրցանակի դափնեկիր: Երգչուհին նշեց, որ ուրախ կլիներ կրկին հանդես գալ հայաստանյան հանդիսատեսի առջև։

 

Սերգեյ Սմբատյանը, անդրադառնալով խաչատրյանական տարվա շրջանակներում երիտասարդական նվագախմբի կատարած աշխատանքներին, նշեց, որ իրենք հասել են նրան, որ աշխարհում մեծ ճանաչում ունեցող մենակատարներ սկսել են կատարել Խաչատրյանի գործերը. «Մասնավորապես` նրանցից մեկը Եղիսաբեթ թագուհու անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող, անվանի ջութակահար Անդրեյ Բարանովն է, ով նոյեմբերի 24-ին Մոսկվայում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ներկայացրեց Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»։ Այն երեկոները, որ 2013-ին նվիրվեցին հայ մեծ կոմպոզիտորին, շատ քիչ են, դրանք շարունակվելու են հետագայում ևս»։

 

Նշենք, որ օպերային մեներգիչների հետ համատեղ համերգը տեղի էր ունենում Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում, որը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Խաչատրյանի 110-ամյակի առթիվ: