Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` սեպտեմբերի 19-ին, Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ, ԱՄՆ-ում տեղի կունենա «Քեզ համար, Բեյրութ» խորագրով առցանց համերգը։ Ավելի վաղ նշել էինք, որ համերգային ծրագրին իրենց մասնակցությունը կունենան անվանի հայ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ եւ արվեստագետներ։
«Քեզ համար, Բեյրութ» համերգային ծրագրում առաջին անգամ կհնչի կոմպոզիտոր Արմենուհի Կարապետյանի «Հայու հոգին» էստրադային նոր երգը։
«Համազգային հայ կրթական եւ մշակութային միության կենտրոնական վարչության կողմից առաջարկ ստացա գրել մի երգ, որը սիրելի կլինի ե՛ւ երիտասարդներին, ե՛ւ մեծահասակներին։ Երկար մտածեցինք, թե ինչը կարող էր ընդհանուր լինել աշխարհասփյուռ հայերի համար։ Առաջին հերթին մտածում էի՝ լեզուն, պատմությունը, պետական սիմվոլները, միգուցե մշակույթը»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Արմենուհին ու ընդգծեց, որ, ի վերջո, երգը ստեղծվել է` այդ բոլորն ի մի բերելով՝ Մուշեղ Իշխանի «Հայու հոգին» բանաստեղծության հիման վրա։
Ըստ կոմպոզիտորի` մեկ գաղափարի շուրջը համախմբվելով, 17 երկրների 27 երաժիշտների հետ հեռավար համագործակցության արդյունքում ստեղծվել է ոչ սովորական գործ։
«Փաստորեն, ժամանակակից տեխնիկական հնարավորությունները թույլ տվեցին, որ, միմյանց չճանաչելով, անգամ՝ թե ով ինչ ստեղծագործության ոճում է երգում, իրագործեցինք մեկ ամբողջական ստեղծագործություն»,- պատմում է Արմենուհի Կարապետյանն ու շեշտում, որ երգի հեռավար ստեղծման գործընթացն իր դժվարություններն էլ է ունեցել. «Երաժշտությունը գրելուց հետո յուրաքանչյուրին ուղարկում էինք, կատարում էր իր ձայնամասը՝ առանց պատկերացնելու, թե իրենից առաջ ով է կատարելու, ինչ է կատարելու։ Անշուշտ, բարդ էր, որովհետեւ մի քանի անգամ ձայնագրել էինք տալիս, կրկին ձայնագրում։ Բայց հետաքրքիր էր, պրոֆեսիոնալներ էին ընդգրկված, եւ յուրաքանչյուրն իր անելիքը գիտեր»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը