կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-22 18:35
Առանց Կատեգորիա

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն խառնվել իրար

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն խառնվել իրար

Նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական այցով կժամանեն տարածաշրջան: Նրանց նպատակն է նախապատրաստել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը գոնե 2014թ. սկզբներին կամ, առնվազն, պարզել դրա հետ կապված կողմերի տրամադրվածությունը: Եվ չնայած դրան` երկու օր առաջ անակնկալ կերպով Ադրբեջան այցելեց ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով Բաքվում հանդիպում ունեցավ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ո'չ Ուորլիքը, ո'չ էլ պաշտոնական Բաքուն, սակայն, այդպես էլ չպարզաբանեցին համանախագահի այցի նպատակները, և  գոնե արարողակարգային մակարդակով չներկայացրին կայացած հանդիպման մանրամասները: Սակայն ինքնին հանդիպման շուրջ նման խորհրդավորության ֆոնը խոսում է այն մասին, որ Ուորլիքը Բաքու էր ժամանել առանձնահատուկ առաքելությամբ: Դրա մասին էր խոսում նաև այն փաստը, որ նրա օրակարգում Հայաստան այցելելը նախատեսված չէր:

 

ԱՄՆ համանախագահի այցը հետաքրքրական է դառնում դրան նախորդած մի քանի իրադարձությունների խորապատկերին.նախ' այն տեղի ունեցավ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից գրեթե անմիջապես հետո: Ինչպես հայտնի է, պաշտոնական Վաշինգտոնը միանշանակ հակաժողովրդավարական ճանաչեց Ադրբեջանում կայացած ընտրությունները, ինչն իսկական հիստերիա առաջացրեց Բաքվում: Ամերիկյան չափազանց կոշտ գնահատականների պատճառով այդ երկու երկրների հարաբերություններում որոշակի լարվածություն էր առաջացել, որը արագ հարթելու խնդիրն ունեին թե' Վաշինգտոնում, և թե' Բաքվում: Դրա անհրաժեշտությունը հատկապես Վաշինգտոնի համար այս փուլում կարևոր է` հատկապես ռուսական և իրանական գործոններով պայմանավորված:

 

Նախ' միջազգային պատժամիջոցները վերացնելու նպատակով միջուկային ծրագրերն ավելի թափանցիկ դարձնելու' Թեհրանից վերջին շրջանում անընդհատ Արևմուտքին հղվող ուղերձները և այդ շրջանակներում մեկնարկած ժնևյան «Իրան-Վեցյակ»  ձևաչափով ընթացող բանակցությունները բոլորովին նոր հեռանկարներ են բացում իրանական ճգնաժամի հաղթահարման առումով, ինչը խոստանում է բոլորովին նոր իրավիճակ ստեղծել Մերձավոր Արևելքում, որն իր ուղղակի արտացոլումը կունենա նաև Հարավային Կովկասում:

 

 Մյուս կողմից Ադրբեջանն ամեն ինչ անում է` Արևմուտքին ու հատկապես ԱՄՆ-ին ցույց տալու համար, թե ինչպիսի գերմարդկային ջանքեր ու կամք է դրսևորում Մաքսային միություն մտնելու հետ կապված իր նկատմամբ կիրառվող ռուսական ճնշումները հաղթահարելու ուղղությամբ: Ալիևի վարչակարգը ակնհայտորեն քաղաքականցնում է Մոսկվայում անօրինական միգրանտների դեմ սկսված արշավը, մեծ անկարգությունների տեղիք տված սպանության մեջ մեղադրվող Օրհան Զեյնալովի ձերբակալությունը' Արևմուտքի համար իր անփոխարինելությունը ցուցադրելու նպատակով: Դրա միջոցով փորձ է արվում Արևմուտքի շահերի վրա խաղալով օրակարգից ընդհանրապես հանել Ալիևի ինքնահռչակման անօրինականության կամ ոչ լեգիտիմության խնդիրը:

 

Փորձելով իր վրա վերցնել հարավկովկասյան տարածաշրջանում հակառուսական հիմնական պատվարի կարգավիճակը' Բաքուն, անկասկած, ավելի հետաքրքիր է դառնում Վաշինգտոնի համար հատկապես այն մտավախության պատճառով, որ ամերիկա-իրանական հարաբերություններում սկսված լարվածության տեղատվությունը կարող է Մոսկվային դրդել` կտրուկ միջոցների դիմելու Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու համար, որը կարող է արտահայտվել, օրինակ, ԼՂ հակամարտության շփման գծում փոքրիկ, բայց արյունալի ռազմական սադրանք հրահրելու միջոցով: Իսկ դրան արդեն կարող է հետևել շփման գոտում ռուսական  խաղաղապահ կոնտիգենտի տեղակայումը, ինչով գրեթե կավարտվի ողջ տարածաշրջանը Մոսկվայի կողմից «սեփականացնելու»  գործընթացը:

 

Դա, ի դեպ, ոչ թե զուտ ռուսական կոպալային քաղաքականության հերթական քմահաճույքի կամ ամբիցիաների խնդիր է, այլ` ադրբեջանական և իրանական էներգետիկ ռեսուրսների համատեղամբ ռուսական խողովակաշերերին այլընտրանք դարձող նոր կոմունիկացիոն նախագծերի իրականացման հնարավորությունները չեզոքացնելուն ուղղված ստրատեգիական նպատակադրում:

 

 Իսկ Վաշինգոնում դրա հետ կապված մտավախությունները հիմնավորվում են  հատկապես Հայաստանի պատճառով: Հրաժարվելով եվրաինտեգրացիայից և ԵՄ-ի հետ ասոցացման քաղաքականությունից` Երևանը, փաստացի, Արևմուտքի համար դարձավ շատ ավելի քիչ վերահսկելի: Բացի դրանից, նախ` Պուտնինին ուղղված Զորի Բալայանի հայտնի բաց նամակի հրապարակմամբ, հետո նաև` ռազմաքաղաքական փորձագետ Հայկ Քոթանջյանի կողմից դրա հիմնական գաղափարները ՄԽ համանախագահող երկրների դեսպաններին փոխանցելու նախաձեռնությամբ Երևանը ոչ միայն Ռուսաստանին գրեթե ուղղակիորեն հրավիրում է տարածաշրջան, այլև ողջ միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ դեմ չի լինի, եթե Մոսկվան որոշի վերջնականապես հաստատվել հակամարտության գոտում և այն, ըստ էության, դարձնել իրենը կամ իր ներքին խնդիրը:

 

Այս ամենը Վաշինգտոնին ստիպում է արագ քայլեր ձեռնարկել' ապահովագրելու համար հարավկովկասյան թիկունքը: Դրա հետ կապված մյուս ռիսկը Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու իրատեսականության մակարդակի բարձրացումն է` Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո:

 

Ի դեպ` այս հարցում իր տրամադրվածությունը Բաքուն արտահայտեց օրերս շփման գծում ԵԱՀԿ կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի պահպանման հերթական մշտադիտարկման ժամանակ միտումնավոր կրակահերթ թողնելով: Դրանով Բաքուն հասկացրեց, որ կարող է գալ մի պահ, երբ իր նկատմամբ միջազգային հանրության կողմից կիրառվող զսպաշապիկը ալյևս դառնա անպիտան:

 

Այդ ուղերձը, ի դեպ, շատ լավ հասկացան բոլորը, ինչով պայմանավորված էր այդ միջադեպի կապակցությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների' ընդգծված հոռետեսական տոն ունեցող հայտարարության տարածումը: Իսկ դա անելու լավագույն միջոցը ուղղկիորեն Ադրբեջանի իշխանությունների հետ հարաբերությունների վերաթարմացումն է' օգտագործելով հատկապես ԼՂ հիմնահարցը: Դրա համար Ուորլիքի դերակատարությունը դառնում է առանցքային: Թերևս հենց նրա միջոցով է Վաշինգտոնը փորձում ճշգրտումներ կատարել Ադրբեջանի հետ հարաբերություններում և ձգտում ինչ-որ իմաստով փոխել ԼՂ հակամարտության կարգավորման պրոցեսի տրամաբանությունը' նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնելու միջոցով:

 

 Այն փաստը, որ Ուորլիքը Ադրբեջան է այցելում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի նախօրեին, թույլ է տալիս ենթադրելու, որ բոլոր դեպքերում ԱՄՆ-ում նոր առաջարկներ են պատրաստվում` հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերակենդանացնելու, գուցե բոլորովին ուրիշ հուն տեղափոխելու համար: Իսկ քանի որ մադրիդյան փաստաթուղթը, որի մոդիֆիկացմանը կարող է ուղղված լինել ամերիկյան նախաձեռնողականությունը, ներկա պահին տորպեդահարում է Ադրբեջանը, բնական է, որ հիմնական պատասխաններն այս մասով Ուորլիքը պետք է փնտրեր հենց Բաքվում: 

 

Գևորգ Դարբինյան