Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը tert.am-ի հետ զրույցում հանդես է եկել «Կասեցում» նախաձեռնության անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու և դրանում իշխանությանը մեղադրելու` ԲՀԿ-ի հայտարարությունների կապակցությամբ չափազանց կոշտ գնահատականներով:
Դատապարտելով կատարվածը և իրավապահ մարմիններից ակնկալելով հանցագործության իրական կատարողների և պատվիրատուների բացահայտում` վարչապետը նաև հայտարարում է. «ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը ես համարում եմ շտապողական և կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է: Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»:
Թերևս առաջին անգամ է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ-ի գործունեության հետ կապված, ընդգծում է անձամբ Գագիկ Ծառուկյանի գործոնը, ընդ որում` ավելի շատ պարսավանք և սթափության կոչ պարունակող շեշտադրումներով: Բավական չէ ասել, թե Հովիկ Աբրահամյանը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես ՀՀԿ-ական՝ մի կողմ դնելով Ծառուկյանի հետ խնամիական, անձնական հարաբերությունների գործոնը, որը նախկինում երբեք չէր անտեսում: Այս հայտարարությունն իրականում հետապնդում է շատ ավելի հեռուն գնացող երեք նպատակ:
Առաջին՝ հասկանալ, թե որքանո՞վ է լուրջ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու հանգամանքը քաղաքականացնելու և դա հակաիշխանական զանգվածային ակցիաների վերածելու` ԲՀԿ-ի մտադրությունը, և արդյո՞ք դա անձամբ Ծառուկյանի մտադրությունն է: ՀՀԿ-ն վաղուց արդեն հասկացնել է տվել, որ իր համար էականը ոչ թե ԲՀԿ-ի երկրորդ-երրորդական դեմքերի կողմից արված հայտարարություններն ու գործողություններն են, այլ Ծառուկյանի անձնական դիրքորոշումը: Միայն դրա բացահայտման պարագայում է ՀՀԿ-ն դիմում համապատասխան գործողությունների: Եվ հիմա, երբ ԲՀԿ-ն աստիճանաբար սրում է հակասությունները, ՀՀԿ-ում ցանկանում են հասկանալ՝ արդյո՞ք հրահանգը տրվել է անձամբ Ծառուկյանի կողմից, թե՞ գործ ունի իրավիճակից դիվիդենդներ քաղելու` ԲՀԿ-ականների կամ մեկ այլ՝ երրորդ անձի հերթական դրսևորումների հետ: Սա նաև նշանակում է, որ ՀՀԿ-ն` ի դեմս Հովիկ Աբրահամյանի, ուզում է առաջին գիծ բերել Ծառուկյանին և ստիպել նրան արտահայտվել:
Երկրորդ՝ ըստ էության` Հովիկ Աբրահամյանը հասկացնում է իր խնամուն, որ այն, ինչ ԲՀԿ-ն սկսել է անել իր ակտիվիստին ծեծի ենթարկելու ենթահողի վրա, առաջին հերթին կարող է շրջվել անձամբ իր՝ վարչապետի դեմ: Ավելի պարզ ասած՝ Աբրահամյանը հասկացնում է Գագիկ Ծառուկյանին, որ դրա արդյունքում կարող է հասունանալ իր պաշտոնանկության խնդիրը, հետևաբար, թույլ տալով ԲՀԿ-ին սրել իրավիճակը, Ծառուկյանն այլ բան չի անում, քան վարչապետի ոտքի տակը փորելը: Արդյո՞ք Հովիկ Աբրահամյանն այս իմաստով ինքնուրույն է գործում, թե նրան դրդել են անել այս հայտարարությունը, դժվար է ասել: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն և նախագահ Սերժ Սարգսյանը փորձարկում են Ծառուկյանին զսպելու` այսպես կոչված, «խնամիական» գործոնի արդյունավետությունը, թեև չի բացառվում նաև, որ Հովիկ Աբրահամյանն ինքը թույլ չի տվել, որ բանը դրան հասնի:
Երրորդ՝ շտապելով անել այս հայտարարությունը՝ վարչապետն, ըստ էության, շտապում է գործող նախագահին ցույց տալ, որ տեղի ունեցող պրոցեսների հետ ինքը որևէ կապ չունի, և որ շարունակում է մնալ նրա թիմում, որևէ կերպով՝ բացահայտ, թե` քողարկված, չի պաշտպանում և չի խրախուսում Ծառուկյանի և նրա կուսակցության ձեռնարկումները:
Այլ կերպ ասած՝ այս հայտարարությունն ավելի շատ ինքնապաշտպանական նշանակություն ունի: Դրանով իշխանությունը գնդակը նետում է Ծառուկյանի դաշտը: Նրա արձագանքից է մեծապես կախված լինելու, թե ինչ ընթացք կստանա այս դիմակայության սրումը, և ընդհանուր առմամբ, այդ արձագանքը կարող է ավելի երկարաժամկետ կտրվածքով կանխորոշել քաղաքական պրոցեսների ընթացքը:
Ծառուկյանն այն արդեն խաղարկել է: Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը` Ծառուկյանի մամուլի քարտուղարը նշել է, թե ոչ միայն այդ դեպքի, այլև երկրում տիրող ամենաթողության մթնոլորտի, տնտեսական վիճակի, արտագաղթի պատասխանատվությունը երկրի քաղաքական ղեկավարության վրա է՝ նրա բոլոր ենթակառուցվածքներով: Խոսնակի անդրադարձը փաստացի ավելին չէ, քան ԲՀԿ-ի կողմից ավելի վաղ տարածված հայտարարությունը, որը չի տալիս հիմնական հարցի պատասխանը՝ որքանո՞վ է այս ամենը անձամբ Ծառուկյանի խաղը: ՀՀԿ-ին և նախագահին, հավանաբար, ո'չ մամուլի քարտուղարի միջոցով պատասխանելու տակտիկան և ո'չ էլ պատասխանի բովանդակությունը չեն բավարարելու: Բայց եթե, այնուամենայնիվ, որպես հիմք սա ընդունվի, ապա կարելի է չկասկածել, որ ականատեսն ենք լինելու անկանխատեսելի իրադարձությունների:
Գևորգ Աղաբաբյան