Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը ռազմավարական գործընկերություն ունի ՌԴ-ի հետ, եւ որեւէ մեկը չի վիճարկում դա, քանի որ դա Հայաստանի կայացրած ինքնիշխան որոշումն է այն իրավիճակի համատեքստում, որը բոլորս էլ հասկանում ենք. լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա նշեց նաեւ, որ Հայաստանը միշտ փորձել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել:
«Ոչ մի բան չպարտադրելով` մենք պատրաստ ենք համագործակցել «Բաց դռների» համատեքստում: Բաց դռներ ասելով` նկատի ունեմ համագործակցության ընդլայնման ու խորացման առումով, այլ ոչ` ՆԱՏՕ-ին անդամակցության: Այդ հավասարակշռված քաղաքականությունը վարելու համար Հայաստանը որոշել է նաեւ քաղաքական ու կիրառական համագործակցություն ունենալ ՆԱՏՕ-ի հետ, ինչը մենք ողջունում ենք: Ես այստեղից մեկնում եմ այն համոզվածությամբ, որ Երեւանը մտածում է, թե ավելի է'լ ինչ կարել է անել մեզ հետ: Եվ ասեմ, որ դա «կամ-կամ»-ի խնդիր չէ, այլ` «ե'ւ-ե'ւ»-ի»,- ընդգծեց Ջեյմս Ապատուրայը:
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը հայտնեց, որ դաշինքը երբեւէ քաղաքական նպատակ չի ունեցել ընդլայնվել դեպի ետխորհրդային տարածք:
« Բայց,- նշեց Ջ. Ապատուրայը,- ՆԱՏՕ-ի քաղաքական առաջնահերթությունը կայանում է նրանում, որ դաշինքի դռները պետք է բաց լինեն բոլոր այն ժողովրդավարական երկրների առջեւ, ովքեր ցանկանում են անդամագրվել ՆԱՏՕ-ին, եւ սա քաղաքական ծրագիր չէ, այլ` սկզբունք, որին ՆԱՏՕ-ն հավատարիմ է»:
«Եվ սա այսօր արդիական է Վրաստանի դեպքում, բայց մենք հարգում ենք նաեւ մյուս երկրնրի որոշումը, որոնք դաշինքին անդամակցելու ցանկություն չունեն, այլ միայն ուզում են գործընկեր մնալ, մեզ համար սկզբունք է` հարգել այդ գործընկերների որոշումները»,- ասաց ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը: