կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-18 14:09
Իրավական

5 ամիս է` Սյունիքի պաշտոնատար անձանց գործով «ունիկալ» վկայի են հարցաքննում

5 ամիս է` Սյունիքի պաշտոնատար անձանց գործով «ունիկալ» վկայի են հարցաքննում

 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ Սյունիքի պաշտոնատար անձանց գործով արդեն 8 դատական նիստ է (շուրջ 5 ամիս), ինչ ցուցմունք է տալիս գործով վկա Նոնա Հարությունյանը:

 

Նրան yerkir.am-ն իր հրապարակումներում անդրադարձել է: Նշենք, որ հիմնականում նրա ցուցմունքի հիման վրա են այժմ կալանքի տակ պահվում այս գործով 4 ամբաստանյալներ՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանը, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանը, Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանը և քաջարանցի բիզնեսմեն Հակոբ Թոսունյանը: Վերջինիս պաշտպան Վահագն Մանուկյանի խոսքով` նախորդ դատական նիստում Նոնան հայտարարել է, որ հիշողության կորուստներ ունի, և այդ գանգատով դիմել է իրենց քաղաքի պոլիկլինիկա: Դատարանը համապատասխան հարցում է ուղարկել հիվանդանոց` ճշտելու վկայի ասածների իսկությունը:

 

Նշենք, որ Նոնա Հարությունյանը այս գործի նախաքննության ընթացքում շուրջ 40 ցուցմունք է տվել և առերեսումների մասնակցել, սակայն, ըստ ամբաստանյալների պաշտպանների, նրա տված ցուցմունքներից ոչ մեկը մյուսին չի համապատասխանում:

 

Իրարամերժ ցուցմունքներ տվող այս վկայի հետ է կապված նաև այս գործի դատաքննության ձգձգումը: Բանն այն է, որ ամեն դատական նիստում մի 2 ժամ հարցաքննվելուց հետո Նոնան հայտարարում է, թե իբր իրեն վատ է զգում, և նիստը հետաձգվում է: Ի դեպ, հերթական դատական նիստերից մեկի ժամանակ նրա համար շտապօգնության բրիգադ է հրավիրվել:  

 

Նոնայի հակասական ցուցմունքներն արդեն սկսել են հունից հանել նաև նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին:

 

Առողջական խնդիրներ ունի նաև ամբաստանյալներից Հակոբ Թոսունյանը: Նա բազմիցս միջնորդել է դատարանին` փոխել իր խափանման միջոցը, սակայն ամեն անգամ մերժվել է:

 

Այս գործում Նոնայի մասնակցության և նրա ցուցմունքների մասին առավել մանրամասն՝  այստեղ: