կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-14 15:43
Քաղաքական

Մենք՝ հայերս, թռիչքային աճ ապահովելու ունիկալ հնարավորություն ունենք. Կարեն Կարապետյան

Մենք՝ հայերս, թռիչքային աճ ապահովելու ունիկալ հնարավորություն ունենք. Կարեն Կարապետյան

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է. 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում եմ երկու խոսքով ձեզ տեղեկացնել, թե մեր այցի շրջանակում ինչի մասին ենք խոսել, ուր ենք հասել և նաև մի երկու խոսքով ասել՝ ոնց ենք պատկերացնում մենք մեր երկրի վաղվա օրը:

Նախ և առաջ մենք շատ բաց սրտով և շատ առարկայական օրակարգով էինք եկել Լիբանան: Մեր շնորհակալությունն ենք հայտնել և արձանագրել ենք, որ ունենք իրականում բարեկամական, երկար պատմություն ունեցող շատ լավ հարաբերություններ, որ վերջին 25 տարվա՝ Հայաստանի անկախության տարիների ընթացքում մեր քաղաքական շփումները շատ բարձր մակարդակի վրա են: Միևնույն ժամանակ ֆիքսել ենք, որ մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը չափազանց հեռու է այն ներուժից, որը մեր երկու երկրներն ունեն: Բոլոր հանդիպումների ժամանակ յուրահատուկ նշել ենք մեր հայրենակիցների, մեր համայնքի, մեր քույրերի և եղբայրների դերը, մեծագույն, կրիտիկական դերը, որն իրականում ձևավորում է այսօրվա հայ-լիբանանյան հարաբերությունները: Եվ նույնիսկ նման համեմատություն ենք արել, որ մեր համայնքը, մեր հայրենակիցները՝ լինելով նվիրյալ և պարտաճանաչ քաղաքացիներ Լիբանանում, իրենց կապը Հայաստան հայրենիքի հետ չեն խզում և ինչ-որ առումով դուք էլ եք մեր դեսպանները Լիբանանում և Լիբանանի դեսպաններն են հայկական աշխարհում և Հայաստանում: 

Մենք ներկայացրել ենք այն ծրագրերը, որոնցով հնարավոր է գործարար աշխարհը ներգրավել Հայաստան: Մենք մասամբ պատմել ենք այն ծրագրերի մասին, որոնք այսօր իրագործում ենք: Մենք բարեփոխումներ ենք սկսել բառացիորեն բոլոր ոլորտներում՝ կառավարման համակարգ, հարկային, մաքսային, հակակոռուպցիոն, կրթական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ, գյուղատնտեսություն, դատական համակարգ, սնանկացման գործընթաց և այլն: Մեր արտաքին քաղաքականության շնորհիվ մենք Հայաստանում կարողացել ենք ապահովել շատ հետաքրքիր մի հարթակ, որտեղ կարողացել ենք համատեղել գուցե անհամատեղելին. նկատի ունեմ Եվրասիական միությանը մեր անդամակցությունը, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերությունները և բազմաթիվ այլ երկրների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան, Շվեյցարիան, արտոնյալ առևտրային ռեժիմները: Դա հնարավորություն է տալիս, տեղակայվելով Հայաստանում, ունենալով ձեռնարկություն, բիզնես Հայաստանում, մտնել շատ ավելի մեծ շուկաներ: Մենք տեղեկացրել ենք նաև, թե այս բարեփոխումների ընթացքում, տնտեսության աշխուժացման ընթացքում ինչ արդյունքներ ենք ունեցել 2017 թվականին: Մենք անցած տարի ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Ասեմ, որ այդ թիվն ամենաբարձրն է տարածաշրջանում՝ մոտ 2 անգամ, ամենաբարձրն է Եվրասիական միության, ԱՊՀ երկրների հետ համեմատ, երբ աշխարհով մեկ միջին տնտեսական աճը գնահատվում է 3-3.1 տոկոս: Անցած տարի մենք ունեցել ենք արտահանման աճ՝ 25.2 տոկոս, արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, ներմուծման աճ, արտաքին առևտրաշրջանառության աճ: Մակրոտնտեսական առումով մենք իրականում ապահովել ենք թվեր, որոնք այսօրվա իրավիճակի մեջ լավագույնն են, լավագույններից են: Բայց դրանք դեռ բավարար չեն, որպեսզի բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև՝ սոցիալական և այլն, միանգամից լուծենք: Այն տնտեսական քաղաքականությունը, որը մեր կառավարությունն այսօր վարում է, ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Վստահ ենք, որ մոտակա 3-4 տարում մենք ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, և այն բարեփոխումները, որոնք ես մասամբ ներկայացրեցի, լինելու են շարունակական: 

Բայց ամենամեծ սպասելիքը կամ մեր պատրաստակամությունը, անելիքը, որ ունենք, հետևյալն է. ամբողջ աշխարհը կանգնած է շատ հետաքրքիր մարտահրավերների առջև: Մարտահրավերներից հիմնականը ես կընդգծեի հետևյալները. կարճ հեռանկարով կառավարոմը, ընտրովի պաշտոնը, հեռուստաէկրանի առջև ռեգուլյար հաշվետվություն տալը և պոպուլիզմը բերել են նրան, որ կառավարելիությունը դարձել է շատ կարճ ժամանակահատվածի համար, և այն, ինչը կարճ ժամանակահատվածի համար հաճելի է կամ ցանկալի, փաստ չէ, որ երկարատև լավն է: Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ տնտեսագիտությունը և կառավարման գիտությունը չեն հասցնում այդ ամենի հետևից ընկնել: 

Մենք՝ հայերս, թռիչքային աճ ապահովելու ունիկալ հնարավորություն ունենք՝ նշված 3-4 տարիների ընթացքում ունենալով հաջողություններ և տնտեսական կարճատև հաղթանակներ՝ երկարատև ռեֆորմներ պետք է անենք, որով կապահովենք մեր երկրի շատ կայուն, երկարատև աճը: Ավելի քան համոզված եմ, որ մենք ունենք մեծ ներուժ՝ ի դեմս ձեզ՝ մեր հայրենակիցների: Ես չգիտեմ որևէ հայ գործչի կամ որոշում կայացնող մարդու, ով դա չի ֆիքսում, և դա անում է անկեղծ: Բայց պետք է ֆիքսենք, որ մենք այդ ներուժն օգտագործում ենք ոչ այնքան լավ, որքան կարող ենք: Հայաստանի Հանրապետության բնակչությունը, մեր երիտասարդները շատ մեծ կարիք ունեն շփվելու արժանավոր մարդկանց, ուղի անցած մարդկանց հետ, որպեսզի նրանց աշխարհայացքը փոխանցվի իրենց: Այդ իսկ առումով մեր հայրենակիցները, մեր համայնքները չափազանց կարևոր են, որպեսզի գիտնականը հանդիպի ուսանողի հետ, մշակույթի գործիչը, հոգևոր հայրը, ինժեները, ուսուցիչը, բիզնեսմենը: Մյուս կողմից, ավելի քան վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ներքուստ հայ է զգում, չի կարող առանց Հայաստանի ապրել՝ անկախ նրանից, թե ինքն ինչքան ֆինանսապես անկախ է, ինչքան կայացած է, այդ երկրում ինչ սոցիալական կարգավիճակ ունի և ինչ դռներ կարող է բացել, եթե ինքն իրեն հայ է զգում, իր ներքին աշխարհը և հարմոնիան շատ խիստ կապված է նրա հետ, թե ինչպիսին է Հայաստանը: Ցանկանում եմ ձեզ դիմել հետևյալ առաջարկով. վստահ եղեք, որ մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր: Այդ երկրի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել: Անպատճառ ուշադրություն դարձրե´ք Հայաստանի վրա, ստեղծե´ք ձեր համար մի անկյուն, նավահանգիստ, մի բան, որը ձեզ վստահություն է տալու: Մենք շատ ուրախ կլինենք ձեզ բոլորիդ տեսնելու Հայաստանում և նաև ուզում եմ հաղորդել մեր ներքին համոզմունքը և վճռականությունը, որ քայլ առ քայլ գնալու ենք դեպի իրականում ամենալավ երկիրը հայերի համար»: