կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-17 13:11
Հասարակություն

Շուտով հնարավոր է` դուք հեռուստացույց դիտեք, իսկ այն «դիտի» ձեզ. Եվգենի Կասպերսկի

Շուտով հնարավոր է` դուք հեռուստացույց դիտեք, իսկ այն «դիտի» ձեզ. Եվգենի Կասպերսկի

Այսօր «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն շնորհվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բարձրագույն պարգևը` Ոսկե մեդալ:

Կասպերսկին նշեց, որ իր համար շատ անսպասելի էր նման պարգևը, և, առհասարակ, շատ ոգևորված է հայկական ընդունելությունից:

Խոսելով իր աշխատանքի մասին` նա նշեց, որ իր գործն է համակարգչային աշխարհը մաքրել աղտոտումից, սակայն կուզենար, որ այդ կեղտն ընդհանրապես չլիներ, բայց քանի որ սրիկաները շատ են այս ոլորտում, ուստի իրենք ստիպված են անդադար պայքարել նրանց դեմ:

Կասպերսկին հիշեցրեց, որ առաջին համակարգիչները, որքան էլ զարմանալի է, եղել են մեխանիկական, և սկզբում դրանք օգտագործում էին պետական կառույցները` նախարարություններ, անվտանգության խորհուրդ, սակայն հետո դրանք վերածվեցին էլեկտրոնայինի` «հասնելով մինչ մեր գրպանը»:

«Սկզբում մենք չէինք էլ մտածում, որ կարող է վիրուս կոչվածն ի հայտ գալ, և կգտնվեն չարագործներ, որոնք դրա համար անգամ մեծ գումարներ կստանան: Վիրուսների դեմ սկզբում ես մենակ էի պայքարում, հետո` մի օգնական ունեցա, տարեցտարի մեր թիվն ավելանում էր, իսկ հետո ուղղակի ռոբոտ-ծրագիր ստեղծեցինք, որը մեր փոխարեն գտնում է վիրուսները: Հավատացեք` ՀՀ բնակչությունը չէր բավականացնի մեկ օրվա ընթացքում ծլող վիրուսները հայտնաբերելու և վնասազերծելու համար»,- ասաց Կասպերսկին:

Ըստ նրա` մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ թվային տեխնիկան է գերիշխում, և մենք էլ այս կամ այն կերպ կախված ենք թվերից: Ցանցային աշխարհում ամենատարածված խնդիրը կիբերհարձակումներն են, որոնք տարբեր դրդապատճառներ են ունենում` գումար գողանալ, պետական գաղտնիքներ կորզել և աժիոտաժ ստեղծել:

«Կիբերհարձակումներն ուղղակի գլխացավանք են մեզ համար, իսկ կիբերհանցագործների թիվն օրեցօր ավելանում է, քանի որ դաշտն ազատ է, թեև լինում են դեպքեր, որ նրանք հայտնվում են ճաղերի հետևում: Կիբերհանցագործությունը բիզնես է, որն այսօր ծաղկում է, քանի որ հներին անընդհատ գալիս են փոխարինելու նորերը: Գիտե՞ք` 1 կիբերհարձակումը մոտավորապես արժե 1 մլրդ դոլար»,-ասաց Կասպերսկին:

Նա նշեց նաև, որ մեր օրերում սկսել են ավելի հաճախ հարձակումներ տեղի ունենալ սմարթֆոնների վրա, և եթե 2011-ին տարեկան մի քանի հարյուր հարձակում էր տեղի ունենում, ապա 2011-ին  «պայթյուն» տեղի ունեցավ` «աստղային շքերթ», և տարեցտարի ավելի վատ է լինելու: «Սմարթ-հեռուստատեսությունը կլինի կիբերհարձակման հաջորդ թիրախը, և կարող է ստացվել այնպես, որ դուք հեռուստացույց դիտեք, իսկ հեռուստացույցը «դիտի» ձեզ»,- ասաց Կասպերսկին:

Հիշեցնենք, որ Եվգենի Կասպերսկին երեկ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար արժանացավ  ՀՀ նախագահի 2015թ. մրցանակի: