Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հետ. հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև: Ըստ այդմ, համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տեղական ինքակառավարման, փորձի փոխանակման, քաղաքային ծառայությունների կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով:
Կարևորելով երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը Երևանի և Ստավրոպոլի միջև` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ստորագրված համաձայնագիրը խթան կհանդիսանա երկու քաղաքների միջև բարեկամությունն առավել ամրապնդելու և այն նոր հիմքերի վրա դնելու համար. «Վստահ եմ, որ ստորագրված եղբայրացման մասին համաձայնագիրը, որով Երևանը և Ստավրոպոլը հռչակվեցին քույր-քաղաքներ, արդյունավետ ծրագրային համագործակցության սկիզբ կդնի»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինն էլ իր հերթին նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի օրվա կապակցությամբ և ընդգծել, որ համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ` քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում. «Եղբայրացման համաձայնագիրն առավել քան պարտավորեցնող է, և ես վստահ եմ, որ առաջիկայում արդեն երկու քաղաքների միջև համագործակցությունը գործնական փուլ կթևակոխի»,- նշել է Գեորգի Կոլյագինը: