կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-08 21:35
Քաղաքական

Տավուշի մարզի և Ռումինիայի Տուլչա նահանգի միջև ստորագրվեց եղբայրացման համաձայնագիր

Տավուշի մարզի և Ռումինիայի Տուլչա նահանգի միջև ստորագրվեց եղբայրացման համաձայնագիր

Հունիսի 7-ին Ռումինիայի Տուլչայի նահանգապետարանում ՀՀ Տավուշի մարզի և Տուլչա նահանգի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Ստորագրման նպատակով Տուլչա էր ժամանել Տավուշի մարզի պատվիրակությունը` մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի գլխավորությամբ:

Ստորագրման արարողությանը հայկական կողմից ներկա էին նաև Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Տավուշի մարզպետի օգնական Գևորգ Ազատյանը, իսկ ռումինական կողմից` նահանգի հանրային կառավարիչ Վասիլե Ստրատը, Տուլչայի նահանգային խորհրդի փոխնախագահ Դումիտրու Մերջանին, նահանգի պրեֆեկտ Լուչիան Ֆուրդույը, Տուլչայի փոխքաղաքապետ Պետրե Մարինեսկուն, նահանգային իշխանությունների այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռումինիայի Հայոց միության Դոբրուջայի շրջանի նախագահ Լիվիու Մերդինյանը:

Համաձայնագրի ստորագրման կապակցությամբ ուղերձներ էին հղել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և Տուլչայի նահանգային խորհրդի նախագահ Հորիա Թեոդորեսկուն:

Համագործակցության համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ մտավ հունիսի 7-ին` ստորագրման պահից սկսած: Այն նախատեսում է համագործակցություն Տավուշի մարզի և Տուլչա նահանգի միջև մշակույթի, կրթության և գիտության, առողջապահության, տեղական ինքնակառավարման, բնապահպանության, տնտեսության և ներդրումների, երկու կողմերի կազմակերպական մեխանիզմների շուրջ փորձի փոխանակման, սպորտի, զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև հաճախակի փոխայցելությունների, տոնական միջոցառումների կազմակերպում և այլն:

Ստորագրման արարողության ժամանակ և դրանից հետո տեղի ունեցած աշխատանքային քննարկումների ընթացքում կողմերը պայմանավորվեցին առաջին քայլերը սկսել մշակութային կոնկրետ ծրագրերով, ինչպես նաև տուրիզմի ուղղությամբ փոխադարձ հնարավորությունների բացահայտմամբ: Այդ նպատակով հայկական պատվիրակությունը եղավ Դանուբի գետաբերանում և արգելոցում, Տուլչա քաղաքի տեսարժան վայրերում, այդ թվում՝ Տուլչայի Հայոց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Նախորդ օրը երեկոյան հայկական պատվիրակությունը հանդիպում էր ունեցել Տուլչայի նահանգից ընտրված Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Լուչիան Սիմիոնի հետ:

Տուլչայի նահանգային մամուլը լայնորեն անդրադարձավ հայկական պատվիրակության այցին և Տուլչայի ու Տավուշի միջև համագործակցության հեռանկարներին:

Տեղեկանք: Տավուշի մարզի և Տուլչա նահանգի միջև համագործակցություն հաստատելու առաջին քայլերը ձեռնարկվել էին Ռումինիայում Հայաստանի դեսպանության և ժամանակին Տուլչա նահանգի պրեֆեկտ, այժմ Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինիայի Հայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահ Լուչիան Սիմիոնի համատեղ ջանքերով: 2014թ. սեպտեմբերի վերջին ռումինական տեղական իշխանությունների պատվիրակության այցի ընթացքում մարզկենտրոն Իջևանում նախաստորագրվել էր Համագործակցության համաձայնագիրը: