կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-25 14:23
Հասարակություն

ՀՀ-ն ԿԳ ոլորտում 25 մլն դոլարի նոր վարկային ծրագիր իրականացնելու համաձայնագիր է ստորագրել

ՀՀ-ն ԿԳ ոլորտում 25 մլն դոլարի նոր վարկային ծրագիր իրականացնելու համաձայնագիր է ստորագրել

Առաջիկայում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է նոր վարկային ծրագիր ներդնել կրթության ոլորտում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանը 25 մլն դոլարի նոր վարկային ծրագիր իրականացնելու համաձայնագիր է ստորագրել: Նոր վարկային ծրագրի շրջանակներում առաջին հերթին աջակցություն է ցուցաբերվելու ավագ դպրոցներին` 17-20 ավագ դպրոց ամբողջովին վերանորոգվելու է:

 

«Այնպես ենք անելու, որ գոնե յուրաքանչյուր մարզում մեկ լիովին նորոգված դպրոց լինի, որ կարողանանք նոր էսպերիմենտալ, պետական չափորոշիչներից տարբերվող ծրագիր իրականացնել: Վարկային նոր ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի նաև բուհերին: ՀՀ բուհերը կունենան ժամանակակից լաբորատորիաներ և սարքավորումներ»,- ասաց նախարարը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկայում հանրակրթական ողջ ծրագրի բոլոր առարկաների բովանդակային վերլուծություն և վերանայում է սպասվում: Ըստ նախարարի` անհրաժեշտ է վերլուծել, որպեսզի հասկանանք, թե ուր ենք հասել: «Մեր 25 տարիների աշխատանքն անաչառ վերլուծության կարիք ունի»,- ասաց նա:

 

Պետք է փաստել նաև, ինչպես նշեց նախարարը, որ մեր կրթական ծրագրերն ավելի բարդ են, քան շատ ու շատ երկրներում: Աշոտյանի հավաստմամբ` երբ մեր երեխաները գնում են դուրս և լեզվական խնդիր չեն ունենում, նրանք ավելի բարձր գնահատականներ են ստանում, քան` այստեղ: