Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց, թե ուր են ուղղվելու ՀՀ-ի կողմից թողարկված եվրապարտատոմսերից ստացված ֆինանսական միջոցները: Ըստ այդմ, ինչպես ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, առաջին կետով ՌԴ-ից ստացված վարկի մայոր գումարն ու կուտակված տոկոսները կմարվեն, որը կկազմի շուրջ 440 միլիոն դոլար գումար: Երկրորդ` փոքր ու միջին բիզնեսի վարկավորման նպատակով Կենտրոնական բանկին կհատկացվեն 60 միլիարդ դրամ գումարի չափով միջոցներ` 7 տարի մարման ժամկետով եւ 7 տոկոս տոկոսադրույքով, որի նպատակն է տնտեսության խթանումն ու ՓՄ բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Նույն նպատակներով կառավարությունը նախատեսում է եւս 3,9 միլիարդ դրամ գումար հատկացնել «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ին, որ ստեղծվել է պետության կողմից` նպաստավոր պայմաններով տնտեսությանը միջոցներ հատկացնելու նպատակով:
Բացի այդ` 1 միլիարդ 950 միլիոն դրամ պետք է ուղղել արտահանման ֆինանսական ապահովագրական կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրումներ իրականացնելուն` հիմք ընդունելով այն ռազմավարությունը, որ կառավարությունն արդեն հաստատել էր, եւ որի հիմքում դրված էր արտահանման խրախուսումը եւ դրա համար համապատասխան ինստիտուցիոնալ մեխանիզմների ձեւավորումը:
«Սրանից բացի, մնացած 25 միլիարդ դրամը, որը մնալու է եվրաբոնդերի տեղաբաշխման արդյունքից, առաջարկվում է այդ գումարի ներքո փոփոխել մեր` պարտքի կառավարման ռազմավարությունը, մասնավորապես` ներքին պարտք-արտաքին պարտք հարաբերակցությունում որոշակի փոփոխություններ կատարել, որի արդյունքում, ըստ հաշվարկների, առաջիկա մեկ տարվա ընթացքում դա մեզ թույլ կտա պարտատոմսերի շուկայում նվազեցնել պետական պարտատոմսերի տոկոսադրույքները, որը կրկին ավելի բարենպաստ միջավայր է տսեղծելու բիզնեսի համար` ավելի ցածր տոկոսադրույքներով ֆինանսավորում ստանալու առումով»,- հավելեց ֆինանսների նախարարը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես անդրադարձավ եվրապարտատոմսերի հարցին ու նշեց, թե կառավարության որոշ ընդդիմախոսներ փորձում են եվրոբոնդերի թողարկման առումով կասկածներ հարուցել ու սեւացնել գործընթացը: Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունը վարձել է աշխարհի լավագույն իրավաբանական կազմակերպություններից մեկին, որն ունի մեծ հեղինակություն, եւ որը մեզ օգնել է, որպեսզի այս գործընթացը համապատասխանի միջազգային փորձի լավագույն օրինակներին` հրապարակայնության, գործընթացների կազմակերպման առումներով եւ այլն:
«Տեղաբաշխումն իրականացրել են աշխարհի հայտնի երեք ընկերություններ` Deutsche Bank-ը, J.P.Morgan Securities ընկերությունն ու HSBC Bank-ը, որոնց հեղինակությունն այս շուկաներում նույնպես կասկած չի հարուցում: Երրորդ` մենք տեղաբաշխումն իրականացրել են շուկայում ստեղծված իրավիճակի լավագույն պահին` շնորհիվ մեր գործընկերների խորհուրդների, եւ կարողացել ենք տեղաբաշխել այդ պահի դրությամբ ամենացածր տոկոսադրույքներով: Չորրորդ` շնորհիվ այդ տեղաբաշխման մենք կարողացել ենք 7 տարիների կտրվածքով բարելավել մեր վճարային հաշվեկշռի, կանխիկ հոսքերի իրավիճակը, ինչպես նաեւ 2013-14 թվականների բյուջեի կատարողականի առումով ստանում ենք բարենպաստ իրավիճակ, քանի որ կունենանք տնտեսումներ, ինչպես նաեւ մեր գործողությունները նպաստելու են տոկոսադրույքների նվազեցմանը»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Նա ավելացրեց, որ այս պարտատոմսերի թողարկման կապակցությամբ կառավարությունը ստացել է տարբեր դրական գնահատականներ միջազգային ամենատարբեր կառույցներից: Վարչապետը նշեց, թե սա մասնավոր հատվածի համար միջոցներ ներգրավելու բացառիկ հնարավորություն է ստեղծում եւ նվազեցնելու է տոկոսադրույքները, որոնք նրանք կարող են ունենալ` այսօր ֆինանսական շուկաներում ձեռք բերելով որոշակի պարտավորություններ:
«Մենք զգում էինք ճնշումը մասնավոր հատվածի կողմից, որ ՀՀ-ի կողմից եվրաբոնդերի չթողարկումը բարդացնում է նրանց կողմից միջազգային շուկաներում պարտատոմսերի թողարկումը մոտավորապես 1 տոկոսային կետով, իսկ դա բավականին լուրջ ցուցանիշ է, երբ խոսքը ներքին շուկաներում տոկոսադրույքների վերաբերյալ է, եւ դա մոտակա երկու տարիներին նպաստելու է տոկոսադրույքների նվազեցմանը ՀՀ-ում, ինչը, բնականաբար, խթանելու է տնտեսական աճը. մի կողմից` ցածր տոկոսադրույքներ, մյուս կողմից` ֆինանսական շուկաների հասանելի ֆինանսական միջոցներ»,- ասաց վարչապետը:
Ֆինանսների նախարարը հայտնեց նաեւ, որ առաջնային շուկայում պարտատոմսերը ձեռք են բերվել 152 ներդրողների կողմից, ինչը համարվում է բավականին դիվերսիֆիկացված, քանի որ 1,2 կամ 3 ներդրողներից կախված չէ: Երկրորդը, նշեց ֆինանսների նախարարը, պարտատոմսերի մեջ ներդրումներ իրականացնողների 42 տոկյոսը եղել են ԱՄՆ-ի ներդրողները, 23 տոկոսը` Մեծ Բրիտանիայի, 17 տոկոսը` ցամաքային Եվրոպայի, 18 տոկոսը` մնացած ամբողջ աշխարհից:
Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի կողմից թողարկված եվրոբոնդերի նկատմամբ վերջնական ֆիքսված պահանջարկը, որից ընտրություն է կատարվել, թե ում պահանջարկը բավարարվի, կազմել է 2 միլիարդ 700 միլիոն դոլար: Ընթացքում հայտերը հատել են 3 միլիարդ դոլարի սահմանը:
Կառավարության նիստից հետո ֆինանսների նախարարը հանդես եկավ նաեւ մամուլի ասուլիսով, որի ժամանակ պատասխանեց եվրաբոնդերին վերաբերող ավելի մասնավոր հարցերի: