Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարական առանձնատների պահպանությամբ եւ սպասարկմամբ զբաղվող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը մեր հարցմանն ի պատասխան պարզաբանել է, թե ինչի համար է ՊՈԱԿ-ին այս տարի ավելի շատ՝ շուրջ 73 մլն դրամ ավելի գումար հատկացվել պետական բյուջեից, քան նախորդ տարի։ Հիշեցնենք․ «Հրապարակը» գրել էր, որ վարչապետի աշխատակազմն այս տարի Պռոշյանի առանձնատներին հատկացրել է 542 մլն 465 հազար 200 դրամ՝ անցած տարվա 469 մլն 741 հազար դրամի փոխարեն։ Խնդրել էինք պարզաբանել, թե ինչ հավելյալ աշխատանք է պատրաստվում կատարել ՊՈԱԿ-ը Կոնդի առանձնատներում, որի տներն ամեն պաշտոնյայի փոփոխության հետ վերանորոգվում են՝ այդ պաշտոնյայի ճաշակին ու քիմքին համապատասխան։
ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդուհի Հարությունյանը պատասխանել է, որ հավելյալ գումարի կեսից ավելին ուղղվելու է ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին․ ««Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը 2023 թվականին «Դրամաշնորհի ձեւով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրի շրջանակում 2022 թվականի համեմատ հատկացվել է 72 641,600 դրամ ավել գումար, որից 38 մլն 897 հազ. դրամը՝ «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» տնտեսագիտական հոդվածով»,- պատասխանել է ՊՈԱԿ-ի տնօրենը։ Ըստ Վարդուհի Հարությունյանի՝ հավելյալ գումարից 18 միլիոնը կոմունալ վճարումներին է ուղղվելու, քանի որ կառավարական առանձնատների բնակիչների թիվը մեծացել է։
«Հավելյալ 18 մլն 212 հազար դրամ հատկացվել է «էներգետիկ ծառայություններ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով էլեկտրաէներգիայի եւ գազի սպառման ծավալների հնարավոր ավելացմամբ պայմանավորված: «Վարչական սարքավորումներ» հոդվածով տեխնիկա, սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, ելնելով ժամանակի ընթացքում հնացած եւ անսարք տեխնիկան փոխարինելու փաստացի անհրաժեշտությունից, նախատեսվել են 3 մլն 425 հազար դրամով ավել ֆինանսական միջոցներ: «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը հանդիսանում է ավելացված արժեքի հարկ վճարող, հետեւաբար՝ վերը ներկայացված տնտեսագիտական հոդվածներով հատկացված 60 մլն 534 հազ. դրամ ֆինանսական միջոցների նկատմամբ հաշվարկվում է 20% ԱԱՀ՝ 12 մլն 106 հազար դրամ։ Վերոգրյալ բոլոր հավելյալ հատկացումները պայմանավորված են բնակեցված մասնաշենքերի թվի ավելացմամբ: Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ 2023 թվականի բյուջեի կատարման ընթացքում փաստացի ծախսերը կարող են պակաս լինել հատկացված ֆինանսական միջոցներից»,- պատասխանել է ՊՈԱԿ-ի տնօրենը։
ՀԳ․ Մենք տեղեկացանք նաեւ, որ կառավարական առանձնատների հետ կապված ավելի խոշոր ծրագիր ունի Նիկոլ Փաշինյանը` նա որոշել է այստեղ բնակեցնել բոլոր նրանց, ում օրենքով հասնում է Կոնդի առանձնատներում կեցությունը` բացի Փաշինյանի անձնական համակրանքը վայելողներից, օրենքով Անվտանգության խորհրդի անդամներն իրավունք ունեն այնտեղ ապրել: Սակայն առանձնատների տարածքում այլեւս բնակության համար պիտանի շենքեր չկան` կա մի 6-7 տուն, սակայն դրանք լուրջ կապիտալ ծախսեր են պահանջում: Մանավանդ մեր նորահարուստ իշխանավորներն այլեւս համեստ նորոգումներով տներում ապրել չեն ցանկանում` նրանք շքեղ եւ բարեկեցիկ միջավայր են ուզում: Ենթադրվում է, որ Փաշինյանը որոշել է ամրացնել իր «թիկունքը» եւ նոր հարեւաններով իրեն շրջապատել, որ ավելի պաշտպանված լինի, եւ այդ անձինք էլ անընդհատ իր աչքի առաջ լինեն: Ըստ այդմ` ուզում է առաջարկել, որ ԱԽ անդամներ ՆԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը, ԱԽ քարտուղարը եւ մյուսները տեղափոխվեն Պռոշյան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։