| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ Լիլիթ Պիպոյանի «Նավ» ձայնասկավառակի շնորհանդեսն էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Պիպոյանը նշեց, որ ձայնասկավառակում 10 հետաքրքիր տեքստերով ժողովրդական երգեր են: Նա երգերի մշակումներն արել է համակարգչով` օգտագործելով շատ քիչ սոլո գործիքներ: Պիպոյանի հավաստմամբ` ճիշտ է, լավ կլիներ, որ ավելի շատ լինեին կենդանի կատարումները, սակայն այն, ինչ ստացվել է, գոհացնում է իրեն:
Ի դեպ, ձայնասկավառակը չի վաճառվում: «Անցած տարի որոշվեց, որ ձայնասկավառակներն էլ պետք է ակցիզավորվեն, իսկ դրա համար, եթե դու արդեն արել ես ձայնագրությունը, պետք է հետ դառնաս եւ գտնես բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել ես: Ես վճարել եմ նրանց, բայց պայմանագիր չեմ կնքել. անհնար է հետ պտտել այս ամենը»,- ասաց Պիպոյանը:
Շնորհանդեսի ժամանակ նա ներկաներին պատմում էր յուրաքանչյուր երգի տեքստի պատմության մասին, որից հետո լսում երգը:
«Կուզեի համերգ ունենալ ինչ-որ բաց տեղում, որ մարդիկ տոմս չգնեին, գային-նստեին խոտերի վրա, զրուցեինք, երգեի: Կուզեի ԱԺ այգում համերգ տալ. այգին կազատագրեինք ճաղերից, իսկ շենքը` մարդկանցից»,- ասաց Պիպոյանը` խոստանալով, որ մինչեւ տարեվերջ առիթ կունենանք լսելու նրան:
Ի դեպ, երբ հնչեց երգչուհի «Օրոր» երգը, անծանոթ մի փոքրիկ մոտեցավ երգչուհուն եւ տեղավորվեց նրա գրկում /«Երգի միջից հայտնված փոքրիկը»` բնութագրեց Պիպոյանը/: