կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-29 14:24
Հասարակություն

Եթե հիմա նահանջեն էլ, ես դրա մեջ սարսափելի ոչինչ չեմ տեսնում. Լիլիթ Պիպոյան

Եթե հիմա նահանջեն էլ, ես դրա մեջ սարսափելի ոչինչ չեմ տեսնում. Լիլիթ Պիպոյան

Նույնիսկ եթե հիմա նահանջեն էլ, ես դրա մեջ սարսափելի ոչինչ չեմ տեսնում, կարելի է սպասել, տեսնենք` էդ աուդիտն ինչ է լինում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Լիլիթ Պիպոյանն` անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրականացվող բողոքի ակցիային:

Պիպոյանին չի թվում, որ խումբը հիմա պառակտված է: «Ճիշտ է, նախաձեռնողներն են Ազատության հրապարակ գնացել, բայց նրանց կողմնակիցներն այս պահին, կարծես, քիչ են: Մյուս կողմից` եթե այդ մարդիկ բավարարված են, ոչինչ, ի՞նչ անենք, հիմա այդ մարդկանց էլ դա է բավարարում: Նորմալ է, ես ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում: Մարդիկ ընտրելու հնարավորություն ունեն: Նրանք, ովքեր գտնում են, որ լուծումը դա էր, գնացել են Ազատության հրապարակ»,- ասաց մեր զրուցակիցը:

Սակայն, ըստ նրա, մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ ժողովուրդը չի հավատում առաջարկված լուծմանը. հավատալու տեղ չեն թողել, դրա համար էլ, Պիպոյանի կարծիքով, մարդկանց մի մասը մնացել է Բաղրամյանում:

Երգչուհու մեկնաբանմամբ` բացատրությունները, որոնք տալիս է նախագահը, հարցի խորքերը չեն գնում, ամբողջ պատկերը չեն բացում: «Ընդհանրապես` նախագահի` մինչ այդ լռելը, հետո ելույթը, որում սպառնալիքներ էլ կային, թե` մենք կարող էինք այս ու այն անել, բայց չենք անի, մի քիչ լավ չէ: Ես, օրինակ, որ նախագահ լինեի, հաստատ արդեն բազում անգամներ ելույթ ունեցած կլինեի` բացատրելու համար: Եթե նա նման բան է առաջարկում և երաշխավորում, որ հարցը կլուծվի, թող ուղղակի մարդկանց առջև խոսի, որ նրանք էլ հասկանան ու գնան իրենց տները, որովհետև ինձ թվում է` երեխեքն արդեն հոգնել են»,- ասաց նա:

Պիպոյանի կարծիքով` վերջին օրերին Բաղրամյան պողոտայում երգն ու պարն անհուսությունը հաղթահարելու համար էր, ինչը չես ասի առաջին օրերի մասին: «Քանի որ դասախոսում եմ, գիտեմ երիտասարդներին, շատ եմ շփվում նրանց հետ. բողոքի ակցիայի առաջին օրերին մարդիկ, կարծես, հառնած լինեին, պսպղուն աչքերով: Նրանք լիահույս էին, կարող են իրենց կյանքը կարգավորել, հույս ու ավյուն կար նրանց մեջ, հոռետեսությունից դուրս էին եկել, ինչն արդեն լավ է: Գնալով զգում ենք մեր ուժը»,- ասաց նա: