Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 15-ին` ժամը 14-ին, «Մատչելի միջավայր բոլորին» ակցիայով կմեկնարկի հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության միամսյակը: Այդ օրը կլինի քայլարշավ, որը նվիրված է մատչելության խնդիրներին եւ նպատակ ունի հանրության եւ քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել առանց խոչընդոտների միջավայրի ստեղծմանը: Երթը սկիզբ կառնի Կարապի լճի հարակից տարածքից, որտեղից մասնակիցները կշարժվեն դեպի Երեւանի քաղաքապետարան` Տարոն Մարգարյանին նոր կառուցվող եւ վերանորոգվող շենքերի մատչելիության նորմերի խախտման վերաբերյալ իրենց դիմում-բողոքը հանձնելու: Երթին կմիանան նաեւ մանկասայլակներով ծնողներ, ովքեր բախվում են նույն խոչընդոտներին եւ լավ են հասկանում տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց դժվարությունները:
Yerkir.am-ի զրուցակիցն է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը:
-Նման ակցիաները որքանո՞վ են նպաստում, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները վեր հանվեն եւ պատկան մարմինները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն:
-Պատկան մարմինների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ կարծում եմ, որ բոլոր գերատեսչությունները եւ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են մատչելիության համար, տեղյակ են բոլոր այն խնդիրների մասին, որոնց հետ առնչվում են հաշմանդամությւոն ունեցող անձինք: Իրենք հաճախ են մեզ հետ հանդիպումներ կազմակերպում, ամենակարեւոր բաներից մեկն այն է, որ որեւէ մեկը չի մերժում մեզ հետ հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելը, ինչը գուցե այս տարիների ընթացքում մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Բայց, ցավոք, պետք է փաստեմ նաեւ, որ նրանք խոսքից գործի չեն անցնում եւ այն ամենը, ինչ արվում է քաղաքում, շատ քիչ է, որպեսզի կարողանան ապահովել հաշմանդամություն ունեցող մարդու անխոչընդոտ տեղաշարժը եւ հասարակական կյանքից օգտվելու բոլոր հնարավորությունները: 2013-ին հարմարեցվել են մի շարք փողոցներ, դրանք շատ լավ են արվել, ի տարբերություն նախորդ տարիների, բայց դա շատ քիչ է: Մենք ամեն օր մոնիթորինգ ենք կազմակերպում, այցելում մի վայր, որտեղ նոր թեքահարթակ են կառուցել` առանց հաշվի առնելու չափանիշները` արդյո՞ք դա պիտանի է, թե՞ ոչ:
-Այսինքն` ո՞վ է թերանում, որ հարցն այդպես էլ չի լուծվում, քանի որ, այսպես, թե այնպես, կառուցապատողն ինչ-որ գումար հատկացնում է թեքահարթակի համար, ինչո՞ւ այդ դեպքում չափանիշներին համապատասխան չեն անում:
-Մարդիկ գիտեն, որ պետք է անեն, բայց չգիտեն` ինչպես անել, որ հարմար լինի: Առաջին օղակը նախագծերը հաստատող մարմինն է, ըստ քաղաքաշինության նախարարության` դա անում է յուրաքանչյուր համայնքապետարան, Երեւանի դեպքում` քաղաքապետարանը: Եթե որեւէ բան վերանորոգվում է կամ նոր է կառուցվում, անկախ նրանից, թե դա ինչ կառույց է, նախագիծը պետք է հաստատի քաղաքապետարանը: Եթե նախագծում քաղաքապետարանը չի տեսնում այդ հարմարեցումները եւ հաստատում է այն, մեղքը նրանն է: Մյուս կողմից` եթե բոլոր չափանիշները կան նախագծում, եւ այդ չափանիշներով հաստատում է քաղաքապետարանը, բայց արդյունքում ստացվում է այնպես, որ դրանք չեն պահպանվել, ապա այստեղ նույնպես քաղաքապետարանն է պատասխանատու, քանի որ նրանք վերջում պետք է ստուգեն` արդյո՞ք նախագծին համապատասխան է շինությունը կառուցվել: Եթե այս երկու փուլից հետո կրկին կառույցը հարմարեցված չէ լինում, ապա քաղաքաշինության նախարարությունն է պատասխանատու իրավիճակի համար: Կան բոլոր մշակված նորմերը, բոլոր օրենքները, որոնք պարտավորեցնում են մարդկանց, սակայն եթե մարդը վստահ չէ, որ օրենքը խախտելու համար կարող է պատժվել, անում է այնպես, ինչպես ինքն է ուզում: Օրինակ` ամրագոտիների դեպքում ինչպե՞ս եղավ, որ բոլորը սկսեցին կապել այն. վարորդներն անում էին դա ոչ թե նրա համար, որ իրենք ապահով լինեն, այլ որ չտուգանվեն: Այսինքն` նման կերպ պետք է թեքահարթակների հարցը լուծվի, այլ ոչ թե թողնվի ինչ-որ մեկի բարի կամքի դրսեւորմանը կամ հայեցողությանը:
-Ասացիք` Ձեզ ոչ մի օղակ չի մերժում հանդիպել եւ քննարկել ինչ-ինչ հարցեր, անգամ քաղաքապետարանն ամեն տարի հանդիպումներ է կազմակերպում: Այս ամենը ցավին դարման անո՞ւմ է, թե՞, այնուամենայնիվ, ձեւական բնույթ ունի:
-Փորձը ցույց է տալիս, որ ձեւական են դրանք: 2013-ին միակ տեսանելի փոփոխությունը մի շարք փողոցներում նոր թեքահարթակներն էին: Բայց 2013-ին բազմաթիվ նորակառույցներ, հիմնանորոգված շինություններ ենք ունեցել, որոնց բացմանը մասնակցել է Երեւանի քաղաքապետը, ԿԳ, քաղաքաշինության նախարարները, եւ այդ շինությունները կա՛մ ընդհանրապես հարմարեցված չեն, կա՛մ էլ այնպես են հարմարեցված, որ պիտանի չեն:
-Ամեն տարեսկզբին Երեւանի քաղաքապետը խոստանում է, որ նոր ներմուծվող ավտոբուսների մեջ որոշ քանակ հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց: Այսօր Հայաստանում չկա նման գոնե մեկ տրանսպորտ, ի՞նչն է պատճառը:
-Չեմ հասկանում, թե ինչի հետեւանք է սա: Իհարկե, միակ դեպքն է, որ կուզեի սխալվել` ասելով, որ հույս չունեմ, թե հարցը կլուծվի: Կուզեի, որ Երեւանի քաղաքապետը, ով էլ կլինի` անկախ անձից, ուղղակի մի օր զարմացնի մեզ: Դրա համար էլ մենք քայլարշավ ենք կազմակերպել, խաղաղ երթ ենք անում եւ այդ երթին հրավիրել ենք նաեւ քաղաքապետին, քանի որ մենք իսկապես հասկանում ենք, որ ամեն ինչ մեկ օրում հնարավոր չէ փոխել, եւ ամեն ինչի համար քաղաքապետարանը չէ պատասխանատու: Բայց նրանք պետք է անեն մի բան, որը թույլ կտա մեզ հավատալ, որ քաղաքապետարանը մտահոգված է այդ խնդրով, ասենք` ամեն տարի թող երկու-երեք ավտոբուս ներկրի: Երբ դպրոց են վերանորոգում, թող հիշեն, որ այս քաղաքում ապրում են նաեւ հաշմանդամություն ունեցող մարդիկ: Մենք հրաշքների չենք սպասում, մենք ամեն ինչ հասկանում ենք: Քաղաքապետարանի աշխատակիցները եւս կարող են միանալ մեր երթին` ցույց տալու համար, որ իրենք, այո, պայքարում են դրա համար եւ օրինակ ծառայեն մյուսներին: Յուրաքանչյուր շինության տեր պետք է իրեն պատասխանատու զգա, որ իր շինությունը հարմարեցված լինի, եւ այդ կոչը պետք է քաղաքապետարանն անի:
-Վերջին երկու տարում սկսեցին նաեւ մի շարք վերգետնյա անցումներ կառուցել, այդ դեպքում ինչպե՞ս պետք է լուծել մատչելիության խնդիրը:
-Վերգետնյա անցումները մատչելի դարձնելու միակ ձեւը կա՛մ վերելակն է, կա՛մ վերամբարձիչը, որեւէ այլ լուծում չկա: Նույնը եւ գետնանցումների ու մետրոյի մասին կասեմ: Այն, ինչ կառուցված է գետնանցումների մոտ, դրանց ծիծաղելի է թեքահարթակ անվանել: Չգիտեմ` ինչի՞ համար են կառուցում, հավանաբար` մարդկանց խանգարելու համար:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ