կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-02 14:41
Առանց Կատեգորիա

Ինչի հաշվին է Տիգրան Սարգսյանը փրկում Ռուսաստանի դեմքը

Ինչի հաշվին է Տիգրան Սարգսյանը փրկում Ռուսաստանի դեմքը

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Մաքսային միությանը միանալու մասին Երևանի կայացրած որոշմանը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ասել է. «Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել: Հայաստանի` Մաքսային միության օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված և կշռադատված քայլ է: Դրա հետևում մի կողմից կա պատմական փորձ, մյուս կողմից` սառը հաշվարկ` ուղղված այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք լիովին համապատասխանում են մեր երկրի ազգային շահերին»։ Վարչապետը նաև ավելացրել է, թե Ռուսաստանի նախագահը պարզապես ընդառաջել է Հայաստանի այդ ցանկությանը և աջակցության պատրաստակամություն հայտնել:

 

Մաքսային միությանը սեփական կամքով ու առանց որևէ կողմնակի միջամտության միանալու մասին միտքն, իհարկե, առաջին անգամ չէ, որ հնչեցվում է: Սակայն Ռուսաստանի կողմից Հայաստանի այդ ցանկությանն ընդառաջելու վրա վարչապետի կողմից շեշտադրում կատարելը դրան նոր երանգ է հաղորդում: Խնդիրն այն է, որ դեռևս այս տարվա մարտին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Մի հավատացեք բոլոր այն մարդկանց, ... ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքան կարելի է կրկնել: Մենք, հակառակը, կարող ենք ասել` Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող, չէ՞, հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին»:

 

Եթե առաջնորդվենք նախագահի հնգամսյա վաղեմության այս հավաստիացումներով, ստացվում է, որ Հայաստանը ինքն է պարտադրել Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին իրեն ընդունել ՄՄ-ի մեջ: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչպես կարող է Հայաստանին ՄՄ ընդգրկելու հարցում ոչ մի շահագրգռություն չունեցող կողմը հանկարծ Հայաստանի ցանկությունը ողջունելու և սիրահոժար աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել: Մյուս կողմից էլ` ստացվում է, որ կա'մ Սերժ Սարգսյանին չպետք է հավատալ, որովհետև, ըստ վարչապետի, ՄՄ անդամ երկրները ի սկզբանե լավ էլ շահագրգռված են եղել Հայաստանին ընդունելու հարցում ու հենց այդ պատճառով էլ Երևանին օժանդակելու պատրաստակամություն են հայտնել, կա'մ էլ չպետք է հավատալ վարչապետին, որովհետև, ըստ նախագահի, Հայաստանն ինքը հակված չի եղել միանալու ՄՄ-ին, այլ ընդամենը ներգրավվել եվրասիական տարածքում ինտեգրացիոն պրոցեսներին:

 

Իսկ եթե ընդունենք, որ իշխանության տրամադրությունների ու ցանկությունների փոփոխությունը տեղի է ունեցել մարտին արված` նախագահի հայտարարություններից հետո, ապա իրականությանը չեն համապատասխանում վարչապետի այն պնդումները, թե որոշումը եղել է «ամբողջովին գիտակցված ու կշռադատված»: Որովհետև միջազգային հարաբերություններում տրամադրություններն ու աշխարհաքաղաքական հակվածությունները պահի տակ փոխելը և անակնկալ որոշումներ կայացնելը ոչ մի պարագայում չի կարելի ի սկզբանե կշռադատված, հետևողական գործելու արտահայտություն համարել:

 

Բայց սա հարցի միայն այն կողմն է, որը վերաբերում է Հայաստանի ներքին լսարանին: Իրականում վարչապետի սանկտպետերբուրգյան հայտարարություններն ուղղված են նույնիսկ ոչ թե Ռուսաստանին, ում համոզելու ոչինչ չկա, այլ միջազգային հանրությանը, հատկապես` Եվրամիությանը: Տիգրան Սարգսյանը, ըստ էության, վերջիններիս Ռուսաստանի երկրորդ քաղաքից դիվանագիտորեն ասում է, որ Ռուսաստանը և Պուտինը չեն ազդել Հայաստանի կայացրած որոշման վրա, այսինքն, թե` դադարեցրեք նրանց հասցեին այդ կապակցությամբ հնչող քննադատությունները: Այլ կերպ ասած` Հայաստանի վարչապետն իր վրա է վերցրել Ռուսաստանի շահերը և հեղինակությունը պաշտպանելու, հիրավի, շատ-շատ պատասխանատու «գործառույթը»: Եվ իսկապես` ի՞նչը կարող է ավելի համոզիչ լինել, քան այն, որ ճնշվող կողմն ինքն է դեմքի լայն ժպիտով, ամենայն պատասխանատվությամբ ասում, որ իրեն ոչ ոք, առավել ևս ճնշող կողմը, չի ճնշել:

 

Երբեմն դիվանագիտության մեջ կարելի է նման աճպարարություններ անել, սիրաշահել, մանևրել, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է ռազմավարական կոչվող գործընկերոջ հեղինակության փրկությանը: Ողջ հարցն այն է` ինչի՞ հաշվին ես դա անում: Այս դեպքում վարչապետը, փաստորեն, դա անում է Հայաստանի հեղինակության զոհաբերման հաշվին: Որովհետև ընդհուպ շահարկման աստիճանի անընդհատ կրկնելով, թե Հայաստանն ինքնակամ, սեփական ցանկությամբ է ընտրել ՄՄ-ն, այն դեպքում, երբ բոլորին է պարզ, որ կայացվել է իրավիճակից բխող անայլընտրանք որոշում, կամա, թե ակամա արդարացվում է պահի տակ հակասական վարքագիծ դրսևորելու, մեկին ինչ-որ բան խոստանալու և լրիվ հակառակն անելու երևույթը, որն ուղղակի և դաժան հարված է դա անողի հեղինակությանը: Մի բան, որ ո'չ մարդկային և ո'չ էլ ռացիոնալիզմի վրա խարսխվող միջազգային հարաբերություններում հնարավոր չէ արդարացնել: Եվ դա հրաշալի գիտեն նաև Հայաստանում: Օրինակ` ՀՀ նախագահն ինքն էր դեռ մարտին խոսում նման վարքագծի անընդունելիության մասին. «Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք, ու հետո գնում մյուսին ասում` ոչ, ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել: Եվ այդպես էլ լինելու է»: Մնում է կռահել` ո՞ւմ մասին էր խոսում ՀՀ նախագահը...

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ