Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված 2015թ-ի առաջին վեց ամիսների տնտեսական աճի ցուցանիշները:
Գաբրիելյանը նշեց` ԱՎԾ-ի ամփոփումը ցույց է տալիս, որ 2015թ-ի առաջին վեց ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.2%: Գաբրիելյանի բնորոշմամբ` ամենամեծ աճն առկա է գյուղատնտեսության մեջ:
Փոխվարչապետը կես կատակ կես լուրջ նշեց, որ սա նաև Սերգո Կարապետյանի համար ծննդյան նվեր է:
«Կարելի է նշել, որ հատկապես բուսաբուծության ոլորտում ունենք զարգացումներ: Ոլորտում ունենք բարձր բերքատվություն` կապված եղանակային պայմանների հետ, ինչպես նաև նոր հողերի օգտագործման հետևանքով։ Շինարարության ծավալը ևս 106% է, սակայն այստեղ պետք է նշեմ մի ուրախալի փաստ: Վերջին տարիներին մեր շինարարությունը նվազում էր ու դրա պատճառներից մեկը բնակչության հաշվին կատարվող շինարությունն էր, հիմա մենք ունենք աճ, որը ևս կայուն ու ցանկալի դրսևորում է»,- ասաց Գաբրիելյանը` հավելելով. «Միևնույն ժամանակ միջին անվանական աշխատավարձը ավելացել է 110.8%-ով: Բնականաբար շատ հարցեր են հնչում՝ եթե կա տնտեսական աճ, ինչո՞ւ առօրյա կյանքում չի երևում և ինչի՞ հաշվին է։ Ուզում եմ վստահեցնել, որ դա առօրյա կյանքում երևում է, ուղղակի կապված է նրա հետ, որ մասնավոր տրանսֆերտների նվազման հետ բնակչության որոշ հատվածում կա գնողունակության նվազում ու դա անդրադառնում է առաջին հերթին մանրածախ առևտրի վրա ու դրա հետևանքը ամենակնհայտն է, որ քաղաքացիները տեսնում են»։ Փոխվարչապետը տեղեկացրեց, որ եղած տնտեսական աճը հիմնականում երևում է արդյունաբերության մեջ:
«Մասնավորապես հանքարդյունաբերության մեջ ունենք 34%-ի աճ, որը այն պայմաններում է, որ ունենք պղնձի գների նվազում: Դա նշանակում է ծավալների մեծացում, այս պարագայում այն երևույթները, որոնք առաջին հայացքից են երևում, և նրանք, որոնք տեսանելի չեն, ունեն տարբեր զարգացումներ: Երբ համադրում ենք, տեսնում ենք, որ կա տնտեսակն աճ ու դրա պայմաններում որոշակիորեն պահպանվում է աշխատավարձերի դրական դինամիկա։ Նվազում կա զբաղվածության մեջ, սակայն դա ևս ունի սեզոնային բնույթ»,- ասաց Գաբրիելյանը:
Վարչապետը նշեց, որ խիստ կարևոր է դրական իմպուլսների փոխանցումը և պատասխանատուներին հանձնարարեց լրատվամիջոցների միջոցով փոխանցել դրական տեղաշարժերը: