Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում:
1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն է, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։
Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանած ֆիլմերում առավել հայտնի են նրա` Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառաշրջիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։
Սոս Սարգսյանի կյանքը նորովի իմաստավորվեց Արցախյան ազատագրական պայքարի պոռթկումի եւ Հայաստանի անկախացման գործընթացի հետ: Նա ապրեց այդ ամենով, իր մասնակցությունը բերելով բազմազան օգնությունների կազմակերպման գործում: Մի քանի հայտնի մտավորականների հետ հացադուլի դիմեց Մոսկվայում՝ արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հարցում իր բողոք-պահանջը ներկայացնելով օրվա խորհրդային ղեկավարությանը:
Մինչ կյանքի մայրամուտը, ստեղծագործական գործունեությանը զուգահեռ, ակտիվորեն շարունակեց ազգային-հասարակական գործունեությունը:
1990 թվականին Սոս Սարգսյանը անդամագրվեց Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: 1991 թվականին կուսակցության կողմից առաջադրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու:
Անվանի ու սիրված դերասանն իր մահկանացուն կնքեց այսօր` սեպտեմբերի 26-ին, 84 տարեկան հասակում: