Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է:
Սարգսյանը պատմում էր, որ դերասան է դարձել «պատահաբար»` մանկության երազանք չէր դերասան դառնալը: Ասում էր` հայրը գյուղացի մարդ է եղել` հողին կապված, ինքն էլ էր հողի հետ աշխատանքը շատ սիրում ու երազանքները միշտ հողի հետ աշխատանքի շուրջ են պտտվել: Մութ ու ցուրտ տարիներին տուն պահել էր պետք, իսկ Սարգսյանին Ստեփանավանի թատրոնից կանչել էին աշխատանքի: Սակայն նրան հրավիրել էին աշխատանքի` նկատելով դերասանի տաղանդը, քանի որ այդ տարիներին կազմակերպվում էին թաղային փոքր ներկայացումներ, որոնցում մասնակցում էր Սարգսյանը:
«Գնացի ու դարձա դերասան: Ամբողջ թաղը, բարեկամությունը գալիս էին նայելու ու ինձ ծափահարելու: Իրենց համար այդ պահին իմ` լավ ու վատ խաղալը կարևոր չէր, կարևորն էն էր, որ իրենց Սոսն է խաղում թատրոնում: Ավելին` ես դերասան դարձա, հետո նոր կրթություն ստացա: Երևան տեղափոխվելուց հետո ասացին, թե արի` կրթություն էլ ստացի, որ կարողանաս մի նորմալ թատրոնում աշխատել: Չէի ուզում, մտածում էի` հեն է, խաղում եմ, էլի, բայց հետո ընդունվեցի Գեղարվեստա-թատերական ինստիտուտ. ճիշտ էր կրթություն ստանալը»,- ասում էր Սարգսյանը:
***
Ստեփանավանի մասին խոսելիս միշտ աչքերում փայլ էր հայտնվում: Ասում էի. «Պա'պ, Ստեփանավանի մասին խոսելիս հալչում ես»: Պատասխանում էր. «Չէ, տարածվում եմ` ոնց որ տաք կարտոփի վրա դրած եղը: Էնտեղ շուրջբոլորս կանաչ էր, հող էր, թարմ օդ, էստեղ` շենքեր են ու ասֆալտ: Ինձ թվում է` կարոտս հողից չեմ առել»:
Պայուսակիցս հանում էի թուղթ ու գրիչ և վերջին միտքն, արագ ու իբր թաքուն, գրում:
-Էդ ի՞նչ ես գրում,- աչքից չէր վրիպել:
-Սիրուն բան ասացիր, ես էլ գրում եմ,- արդարանում էի:
-Ի՞նչը, Ստեփանավանը,- ինքն իր ասածը չէր ֆիքսել` մտքերով Ստեփանավանում ինչ-որ տեղ էր:
-Չէ՛, այսինքն` հա՛: Այսինքն` Ստեփանավանն ինքնին սիրուն է, բայց որ ասացիր` կարոտս հողից չեմ առել, այ, դա էի գրում: Սիրուն ձևակերպեցիր: Մեկ-մեկ լինում է, չէ՞, որ ուզում ես ինչ-որ բան ասել ու չես կարողանում ճիշտ նկարագրել, բառերը ճիշտ ընտրել, իսկ էս նախադասությունը լրիվ նկարագրեց հոգեվիճակը,- կմկմում էի:
-Հա՞: Դե, որ ասում ես` սիրուն էր, հիշեմ` հետո էլի ասեմ, որ խելոք մարդ երևամ, -ծիծաղով ասում էր ու հավելում, թե.- ի՞նչ ես գրել` այդ նախադասությունն ու միջակետ` Սոս Սարգսյա՞ն:
-Չէ, գրել եմ այդ նախադասությունը, հետո միջակետ եմ դրել ու գրել` պապ,- ասում ու սպասում էի պատասխանին:
-Ինձ կա'մ հայրանունով են դիմում, կա'մ ազգանունով` մի հատ էլ պարոն պոչին կպցնելով, կամ էլ վարպետ են ասում: Մի օր մեկը մաեստրո ասաց, քիչ էր մնում` հենց այդ պահին չափ տայի… Հա, ի՞նչի համար էի ասում…
***
Երբեմն Սոս Սարգսյանը մոռանում էր իր ծննդյան օրը: Զանգում էի ու երգում. «Տարեդարձ է այսօր»: Հետո հավելում. «Պա'պ, չես մոռացել, չէ՞, այսօր ինչ օր է, ու որ ես ագռավների համար չեմ երգում»: Ծիծաղի ու հազի մեջ խեղդվելով` ասում էր. «Չէ, արդեն ասել են, որ այսօր ծնունդս է»:
Ծնունդդ շնորհավոր, պա'պ: Դու մոռանաս էլ օրվա մասին, հիշողներ միշտ կլինեն:
Կ. Հ.