կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-27 17:18
Մշակույթ

Այ տղա, էդ ինչի՞ քեզ էդքան չեն սիրում. Սոս Սարգսյանը` Արմեն Մազմանյանին

Այ տղա, էդ ինչի՞ քեզ էդքան չեն սիրում. Սոս Սարգսյանը` Արմեն Մազմանյանին

Ներկայացնում ենք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի խոհերը` Սոս Սարգսյանի մասին:

***

Վախճանվել է վերջին մոհիկանը` գեղագիտական արժեքային համակարգը կրող, հայ ազգային թատրոնի մեծ լեգենդը, որը ժամանակին Սունդուկյան թատրոնում էր ու որի ստեղծողները գեղագիտության չափորոշիչների կրողներ էին` Մհեր Մկրտչյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Վարդան Աճեմյան, Մետաքսյա Սիմոնյան…

 

Այսօր մենք պիտի ողբանք ազգովի, քանի որ այդ արժեքային համակարգը կրող վերջին մոհիկանը գնաց: Դրանից հետո մինչեւ մեր սերունդ ահավոր տխուր վակուում է տիրում, քանի որ չկա մեկը, որը կփոխարինի` իր արժեքով, տեսակով, քաղաքացիական կեցվածքով, շնորհով ու իր թողած հետքով: Էլ չասեմ նրա դերերը, բացի դրանից, նա իր կյանքի վերջին տարիներին բավականին հետաքրքիր գրքեր հրատարակեց, որոնք, կարծես, խորհուրդներ էին եկող սերնդին` դաժանության, չարության, ցինիզմի փոխարեն` վարպետն առաջարկում էր պարզագույն դեղատոմս` մարդկայնություն. նա մինչեւ իր վերջին օրը մնաց այդպիսին: Սոս Սարգսյանի մահն ինձ համար կորուստ էր. մեր կառավարման խորհրդի նախագահն էր վարպետը:

 

Եթե նա ոչինչ չաներ էլ, շաբաթը մեկ, երբ նա գալիս էր Համազգային, հինգ րոպե նրա հետ աշխարհի լավ ու վատից զրուցելն արդեն հետաքրքիր էր: Կորուստները միանգամից չեն գնահատվում. ինչ-որ ժամանակ կանցնի եւ մենք նոր միայն կզգանք նրա բացակայության իմաստն ու նրա նմանների կարիքը մեր կյանքում: Հաստատապես մահացավ 20-րդ դարի մեծագույն արտիստներից մեկը, որով կարող էր պարծենալ ամեն ազգ: Երկակի է ողբերգությունը, քանի որ նա իրենով փակեց մի ահռելի մեծ էջ: Իմ գործընկերները թող ինձ ներեն, բայց շատերը զբաղված են «գզվռտվելով», աթոռ, մեդալ, պաշտոն իրարից խլելով. Սոսի մեջքից էլ էինք տեսնում, որ արտիստ է: Մինչեւ մեր սերունդ դատարկություն է, շատերը հիմա կնեղանան: Այո, մեր սերունդն, այնուհանդերձ, ամբիցիա ուներ:

 

Վարպետի խորհուրդները, նրա գրած խոսքերը, խաղացած դերերը իմ նմաններին միշտ ուղեցույց կլինեն: Անհատի, քաղաքացու, տաղանդավոր արտիստի պակաս կա: Կան հատուկենտ անհատականություններ, բայց դա ընդհանուր դաշտ չի ձեւավորում: Երբ ասում էինք Գ. Սունդուկյանի թատրոն` այն սկսվում էր Սոս Սարգսյանով ու վերջանում Հրաչյա Ներսիսյանով: Ցավոք, այսօր պատկերն այդպիսին չէ, կան փոքրիկ կղզյակներ, որոնք փորձում են իրենց տեսակը, գեղագիտությունն ու տեսակետն ունենալ, բայց, որպես կանոն, մեզանում նմանները ամենավերջին տեղում են, քանի որ միջակությունները շատ լավ կարողանում են «սալդավորվել»: Եւ Սոս Սարգսյանից հետո եկած միջակությունները «սալդավորվել» ու շարունակում են «սալդավորվել», այսինքն` վերջին պետական մրցանակը, ժողովրդական արտիստը, հերթական մեդալը, ցավոք, դրանով է այսօր զբաղված այսօր արտիստը եւ միգուցե Սոսի ապրած կյանքը նրանց համար կլինի դասագիրք, քանի որ այնքան ունայն են կոչում, պետական մրցանակ, այդ ժեշտի կտորները, փողը, փառքը: Իրական արտիստն ինքն իրեն կամ գալիս, կամ` չի գալիս: Նա դրա համար չի էլ կռվում, նա դրա պատճառով չէ, որ չի քնում գիշերը: Նա չի քնում, քանի որ ասելու, զգալու, ապրելու բան ունի: Ես բախտ եմ ունեցել մտերմանալ Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Հրաչյա Ղափլանյանի հետ ու բոլորից սովորել-սովորել-սովորել եմ: Վերջինը, ումից կառչում էի, Սոս Սարգսյանն էր:

 

Անդառնալի կորուստ ` մարդ, քաղաքացի: Հե՞շտ է ասել` 25 տարվա մեջ 2 թատրոն է ստեղծվել, մեկը` նվաստիս «Գոյը» եւ մյուսը վարպետի Համազգայինը: Թատրոն ստեղծելու համար պետք է կյանք ապրես, եւ լինես այն անհատականությունը, որ կարողանաս քո հետեւից տանել, որ հանկարծ ճանապարհին չշրջվես ու տեսնես` մենակ ես մնացել: Վստահ եմ, որ նրա անունը, խորհուրդն ու պատգամները շատ մարդկանց կյանքում ուղեցույց կլինեն:

 

Սոս Սարգսյանն ինձ եւս իր պատգամն է թողել. երբ նա ինձ հրավիրեց Թատերական ինստիտուտ դասավանդելու` 15-16 տարի առաջ` ժողովրդականի կոչում ունեցող շատ-շատերը նրան խորհուրդ էին տալիս ինձ չընդունել, քանի որ ասում էին, որ ես խուլիգան եմ, խայտառակ, անգրագետ, ապաշնորհ, ալկոհոլասեր /միայն հոմոսեքսուալիստ չէին կարողանում ինձ անվանել/: Վարպետը թքած ունեցավ այդ ամեն ինչի վրա եւ ասաց` այ տղա, էդ ինչի՞ քեզ էդքան չեն սիրում, արի հլը: Եւ ընդունեց աշխատանքի: Իսկ հիմա կան դերասաններ, որոնց ասում են` Մազմանյանի աշակերտն է եղել եւ դրա հնարավորությունն ինձ տվել է վարպետը: Նա ուզում էր այս քանդված ինստիտուտը կարգի բերել եւ սարքել հայ ազգային արվեստի համալսարան: Կարծես թե ճակատագրի բերումով դա էլ ինձ մնաց պատգամ` շարունակել իր սկսած գործը, քանի որ իր ժամանակվանից սկսած` այս բուհը կյանքի նշույլներ տվեց: Այդ պատգամը պիտի փորձեմ կյանքի կոչել, որ կատարվի Սոս Սարգսյանի եւս մի երազանք, եւ Հայաստանն ունենա ազգային արվեստների համալսարան: