կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-17 16:13
Քաղաքական

Եթե պետք լինի մորթվել...Գալուստ Սահակյանի ակնարկը` վարչապետին

Եթե պետք լինի մորթվել...Գալուստ Սահակյանի ակնարկը` վարչապետին

Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի մտադրությունից հետո կրկին ակտիվացան վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր փոփոխության մասին խոսակցությունները: Իսկ որպես հիմնական պատճառ բերվում էր այն, որ Տիգրան Սարգսյանը չի վայելում Ռուսաստանի իշխանությունների համակրանքը եւ առավել հայտնի է իր արեւմտամետ նկրտումներով:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ վարչապետի փոփոխության հարց չի քննարկվել, ավելին` գոնե առաջիկա շաբաթներին ո'չ վարչապետի, ո'չ էլ կառավարության կազմի փոփոխություն չի սպասվում:

 

«Մեր երկրի վարչապետի գործունեությունը եւ, ընդհանրապես, աշխարհի բոլոր երկրների վարչապետերի գործունեությունը կապված չէ համակրանքների հետ: Եվ, առհասարակ, ես չեմ կարծում, որ Մաքսային միությանն անդամակցելը անմիջապես քաղաքական ինչ-որ դրական կամ բացասական երեւույթներ կբերի: Չեմ կարծում, որ համատարած, ծավալուն փոփոխություններ կլինեն ներքաղաքական կյանքում»,- նշեց Գալուստ Սահակյանը:

 

Նա թեեւ խոստովանեց, որ սովորաբար պետությունները մեկը մյուսի վրա որոշակի ազդեցություն ունենում են, բայց, մյուս կողմից էլ, վստահեցրեց, որ այս պահին ՌԴ-ի կողմից նման ազդեցություն իրենց համար նկատելի չէ: Հայաստանն էլ, ըստ Սահակյանի, անում է այն, ինչը շահեկան է մեզ համար:

 

Մեր դիտարկմանը, որ Տիգրան Սարգյանը, կարծես, ՌԴ նախագահ Վ. Պուտինի համակրանքը չի վայելում, Սահակյանը հակադարձեց. «Պուտինը ոչ իմ քաղաքական ղեկավարն է, ոչ էլ Հայաստանի տերն ու տիրակալը, խնդրում եմ` այդ ստրկամիտ հայեցակարգերից գոնե դուք` լրագրողներդ, դուրս եկեք»:

 

Հարցին, թե, ի վերջո, առաջիկայում սպասե՞նք վարչապետի փոփոխություն, թե՞ ոչ, Սահակյանը պատասխանեց, որ 1990-ական թվականներից մինչեւ հիմա ժողովուրդը սպասում է վարչապետերի փոփոխության:

 

«Իմիջիայլոց, ասեմ, որ հավերժական ոչինչ չի լինում: Եթե պետք լինի` ինձ ու քեզ մորթեն, ու Հայաստանը միանգամից կփայլի, ուրեմն մենք պետք է անձնազոհ ձեւով գնանք մորթվելու»,- հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 

«Ստացվում է` վարչապետին զոհաբերելու եք»,- մեր դիտարկմանն ի պատասխան, Սահակյանն արդեն փորձեց սրբագրել խոսքը. «Օրինակը բերեցի, որպեսզի մաշկիդ վրա եւ արյանդ մեջ զգաս հայի կարողություններն ու մոտեցումները: Մենք երբեք որեւէ մեկին չենք զրկում ինչ-որ մի բանից, մենք ընդամենը քաղաքականություն ենք վարում եւ ինչը շահեկան ենք համարում, այդ ճանապարհով էլ գնում ենք»:

 

Ի դեպ, Գալուստ Սահակյանը ցնորամտություն որակեց այն տեսակետը, որ շուտով երկրում փոխվելու է կառավարման համակարգը, եւ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ իշխանությունը պահելու է ձեռքին, բայց այս անգամ արդեն` որպես վարչապետ:

 

«Որ Սերժ Սարգսյանը մշտապես իր լիդերային մոտեցումները հասարակության մեջ կպահի, երկրորդ միտք չկա, բայց 4 տարի, 10 կամ 30 տարի հետո թե ինչ կլինի, ժամանակաշրջանն ու քաղաքականությունն է թելադրում»,- պարզ ակնարկեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 

Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ