կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-16 11:17
Քաղաքական

Շարքային սպառողին չի հուսադրում, որ բոլտուգայկայի գինն իջել է. Զոհրաբյանի հեգնական ակնարկը՝ վարչապետին

Շարքային սպառողին չի հուսադրում, որ բոլտուգայկայի գինն իջել է. Զոհրաբյանի հեգնական ակնարկը՝ վարչապետին

ԱԺ-ում 2018թ. բյուջեի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով բերեց 5 պատճառ, թե ինչու պետք է դեմ քվեարկել կառավարության ներկայացրած բյուջեին:

«Պատճառ առաջին՝ բյուջեով նախատեսված չէ թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձերի բարձրացում, սա անթույլատրելի է՝ հաշվի առնելով խայտառակ գնաճը»,- սկսեց թվարկել պատգամավորը և մեջբերեց վարչապետին, թե պետք է ստեղծել բարենպաստ պայմաններ գնաճին դիմակայելու համար: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ գնաճը սեղմելու բարենպաստ պայմանը թոշակներ ու աշխատավարձեր բարձրացնելն է, ինչն այս բյուջեով չի արվում:

Պատգամավորը նշեց երկորդ պատճառը՝ «խայտառակ գնաճ», որն, ըստ նրա, որևէ կերպ չի զսպվում և կրկնակի ու եռակի աղքատացման է տանում: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կառավարության ներկյացուցիչն ասում է, թե ապրանքատեսակներ կան, որոնց գինը նվազել է, մինչդեռ դրանք տասներորդական նշանակության են: «Օրինակ` բոլտուգայկայի գինն իջել է, բայց առաջին սպառման ապրանքների գները կտրուկ աճել՝ կարագ, մսամթերք, նաև հագուստը 15%-ով թանկացել է, և շարքային սպառողին չի կարող հուսադրել, որ բոլտուգայկայի գինն իջել է»,- ասաց նա:

Պատգամավորի բերած երրորդ պատճառը 5560 աշխատատեղի կրճատումն է: «Ասացին` աշխատատեղեր են բացվելու, վիրտուալ աշխատատեղեր, և ես ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս է, օրինակ, կրճատված ուսուցիչը, բժիշկը գնալու և աշխատելու Ամուլսարի` հնարավոր բացվող հանքերում` որպես հանքափոր: Այս տրանսֆորմացիան չկարողացա պատկերացնել»,- ասաց նա:

Զոհրաբյանի նշած չորրորդ պատճառը՝ կրթության և գիտության ծախսերի կրճատումն է, մինչդեռ լսում էինք, թե գիտելիքահենք կրթություն են ապահովելու, թե տնտեսության ռեսուրսը գիտնականն է: «Գեղեցիկ նախադասություններ, արդյունքում` զրո»,-ասաց նա:

Բյուջեի նախագծին դեմ քվեարկելու հինգերորդ պատճառը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորի խոսքով, ժողովրդագրական ծայրահեղ պատկերն է: Նա մի շարք համայնքներ թվարկեց և նշեց, թե այս և շատ ուրիշ այլ գյուղերում չկա առաջին դասարան, կամ լավագույն դեպքում կա մեկ աշակերտ:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի` դա ոչ այլ ինչ է, քան ժողովրդագրական աղետ: Նա կրկին մեջբերեց վարչապետի հայտարարություններից մեկը, թե տնտեսական աճը սուբյեկտիվ և անչափելի գործոն է` ասելու համար, թե ով է զգում իր մաշկի վրա և ով չի զգում: Պատգամավորը պնդեց, որ այդ աճը չափելի է: «Եթե Դուք և Ձեր թիմը գոնե մեկ օր ձեր մաշկի վրա զգայիք այն, ինչ շարքային քաղաքացին է զգում, չէիք ասի, որ անչափելի է»,- ասաց նա:

Վերջում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խմբակցությունն առաջարկ կներկայացնի, որ ցանկացած վարկ վերցնելուց առաջ, մինչև վարկերի հաստատելը, դա նախապես քննարկվի բոլոր քաղաքական ուժերի հետ, և խորհրդարանի թույլտվությունը ստանալուց հետո նոր սկսեն բանակցել: