Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ահա եւ վե’րջ»,- ասաց ծեր ձին` տեսնելով առաջին ավտոմեքենան… Այս արտահայտությունը, թերեւս, հենց այսօրվա քաղաքական իրադարձությունները բնութագրող լավագույն տարբերակն է` Երևանում Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այսօրվա հայտարարությունը նկատի ունենալով:
Սեպտեմբերի 3-ից սկսած` ՀՀԿ-ական ու այդ քաղաքական ակումբին հարող շրջանակները, չգիտես, թե ինչ տրամաբանությամբ, չգիտես, թե ինչ հույսով, փորձում էին բոլորին համոզել, թե ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հնարավորությունը դեռ ամբողջությամբ չի սպառվել: Բայց Ֆյուլեն եկավ ու մեկ էլ «անսպասելի» ասաց, թե Ասոցացման համաձայնագիրը մեկ փաստաթուղթ է եւ հնարավոր չէ ստորագրել միայն մի մասը:
«Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է եւ հնարավոր է չէ ստորագրել միայն Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը,- նշեց Ֆյուլեն ու շարունակեց,- երկու մասեր կան մեկ համաձայնագրում, որոնց շուրջ բանակցություններ են վարվել հայ գործընկերների հետ ամբողջության մեջ: Եվ հստակ կապեր, առնչություններ կան երկու մասերի միջեւ. հնարավոր չէ մեկը մյուսի հաշվին առանձնացնել ամբողջից»:
Սա, իհարկե, չի նշանակում ԵՄ-ի հետ բոլոր տեսակի կապերի ու հարաբերությունների խզում, այլ միայն Ասոցացման համաձայնագիրն ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն միանալու ծրագիրն է ի չիք դառնում, քանի որ, ինչպես նշել էր Ֆյուլեն դեռեւս երեկ` ԵԽ լիագումար նիստում հայտարարությամբ հանդես գալով. «Ճշմարիտ է, որ Մաքսային միությանն անդամակցությունը անհամատեղելի է Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիների մասին համաձայնագրերի հետ, որոնց շուրջ մենք բանակցել ենք Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի հետ: Դա պայմանավորված չէ գաղափարախոսական տարբերություններով, տնտեսական միավորումների բախմամբ եւ ոչ էլ զրոյական գումարով խաղ է: Սա պայմանավորված է իրավական անհամատեղելիությամբ: Օրինակ` դուք չեք կարող միաժամանակ իջեցնել մաքսային դրույքաչափերը՝ նախատեսված Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրով եւ բարձրացնել դրանք` Մաքսային միությանն անդամակցելու արդյունքում»:
Բայց ԵՄ հետ հետագա հարաբերությունների շարունակության մասին էլ եվրոպացի պաշտոնյան այսօր նշեց.` «Ես եկել եմ` լսելու ու հասկանալու մեր հայ գործընկերների հավակնությունները եւ նախընտրությունները, եւ եթե իրենք ցանկացան տեսնել այդ նոր իրավական շրջանակը, որը մեզ ավելի առաջ կտանի Գործընկերության եւ համագործակցության գործող համաձայնագրի շրջանակներում, ապա շատ ուրախ կլինենք աշխատելու դրա շրջանակներում»:
Եթե մինչեւ այժմ թվում էր, որ Հայաստանում Եվրամիությանը սիրաշահելու համար էին տարբեր տրամաչափի պաշտոնյաները հայտարարում, թե դեռ ամեն ինչ կորած չէ ԵՄ-ի հետ ասոցացվելու գործընթացներում, այսինքն` ցույց տալու, թե մենք անկեղծ ուզում ենք առաջ քայլել ձեզ հետ, բայց Երեւանում այսօր այս մի տարբերակն էլ բացառվեց: Մասնավորապես` ՀՀ արտգործնախարարը մի հետաքրքիր հայտարարություն արեց. «Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է առաջ տանել ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը այնքանով, որքանով որ այն չի հակասի Մաքսային միությանը եւ չի վնասի մեր դաշնակցային սերտ հարաբերություններին, որի վառ ապացույցը սեպտեմբերի 3-ին ՌԴ-ում արված համատեղ հայտարարությունն է»:
Իսկ այստեղ հարց է` իսկ ինչպե՞ս պետք է որոշվի, թե համագործակցության ո՞ր ձեւն է հակասում, եւ ո՞րը չի հակասում ՌԴ հետ մեր ունեցած դաշնակցային հարաբերություններին: Բոլոր դեպքերում հակված ենք մտածելու, որ այս հարցի պատասխանը Ռուսաստանի որոշելիք հարցն է, քանի որ Հայաստանը, նույնիսկ մեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող որոշումների կայացման դեպքում ռուսական կողմին չի ակնարկել` գոնե ո'չ պաշտոնական մակարդակով, ո'չ էլ քայլերի ու գործողությունների տրամաբանությամբ, որ դա ռազմավարական դաշնակցային հարաբերությունների էությունից չի բխում:
Իսկ Ռուսաստանը` գոնե քայլերով, բազմիցս այդպիսի ակնարկներ արել է:
Դե թող Շարմազանովն ու ԱԺ-ում մյուս բոցաշունչ ելոույթներ ունեցողները հիմա էլ ասեն, թե «Սերժ Սարգսյանի հայտարարության համատեքստում հստակ նշվել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել քաղաքական երկխոսությունն իր եվրոպացի գործընկերների հետ, սակայն Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը ոմանց համար դարձավ ամպրոպ` անամպ երկնքում»:
Թեեւ մինչեւ Վիլնյուսի գագաթաժողով դեռ կարող է նույն համոզունքը առաջ տանել, որովհետեւ տեսականորեն մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի եւ Խոր ու համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի նախաստորագրման գործընթացի վիժեցումը 100 տոկոսանոց չէ: Համենայն դեպս, իրադարձությունների ընթացքը հիմք է տալիս պնդելու, որ այդպիսի տեսակետը պոպուլիստական բնույթ ունի եւ ոչ ավելին…
Բայց Ֆյուլեն այսօր իր հայտարարություներով մեկ այլ` բավականին տհաճ խաղ էլ սկսեց: Մասնավորապես` հիշյալ ասուլիսի ժամանակ ԵՄ հանձնակատարն անդրադարձավ նաեւ ակտիվիստների նկատմամբ կիրառած բռնություններին` հույս հայտնելով, որ մեղավորները կկանգնեն դատարանի առջեւ… Ի՞նչ է, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան մինչ այդ չգիտե՞ր այդ ակտիվիստների տեղը, թե՞ չգիտեր Հայաստանում առկա բացասական երեւույթների մասին: Ու բավականին տհաճ է, երբ դրա մասին սկսում է խոսել միայն այնպիսի դեպքում ու ժամանակ, որ սովորական մտահոգությունը վերածվում է շանտաժի, ինչն ընդհանրապես հաճելի չէ…
Գևորգ ԱՎՉՅԱՆ