կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-22 15:50
Քաղաքական

Վիլնյուսի մասով ամեն ինչ որոշված է. Էդուարդ Նալբանդյան

Վիլնյուսի մասով ամեն ինչ որոշված է. Էդուարդ Նալբանդյան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի սղագրությունը տրամադրել է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այն ներկայացնում ենք նույնությամբ:

 

Հարց. Պարո'ն նախարար, Հայաստանը մասնակցելո՞ւ է Վիլնյուսի գագաթաժողովին, և արդյոք հայտնի՞ է Հայաստանի պատվիրակության կազմը։

Պատասխան. Բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում և պատշաճ կարգով կհայտնվեն։

 

Հարց. Այսինքն` անորո՞շ է …

Պատասխան. Որոշված է, բայց կհայտնվի համապատասխան ժամկետներում։

 

Հարց. Իսկ ի՞նչ է սպասվում, ի՞նչ պետք է կնքի Հայաստանը։

Պատասխան. Ես արդեն ասացի` ինչ-որ լինելու է, կիմանաք պատշաճ ժամկետներում և կարգով։

 

Հարց. Ի՞նչ եք կարծում, Ուկրաինայի հրաժարվելը կազդի՞ Հայաստանի մտադրության վրա:

Պատասխան. Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես է զարգացնում հարաբերությունները հարևան երկրների հետ, տարբեր տարածաշրջանային կառույցների հետ։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Եվրամիության հետ, մենք բազմիցս արտահայտվել ենք։ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով։ Դրա մասին ասվել էր նաև այն մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր Բրյուսելում Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո: Իսկ Քեթրին Էշթոնն իր կողմից հայտարարել էր, որ Եվրոպական Միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանը անդամակցելու` Հայաստանի որոշման հետ: Դրան հավելելու բան այս պահին չկա։

 

Հարց. Պարո'ն նախարար, նախագա՞հն է գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը:

Պատասխան. Ես ասացի, որ մենք կհայտնենք պատշաճ ձևով և պատշաճ ժամանակահատվածում։


Հարց. Բայց ի՞նչ է լինելու, վերջ ի վերջո, ինտրիգ է, չէ՞, առաջանում:

Պատասխան. Այցելությունների մասին, տարբեր մակարդակներով կազմակերպվող միջազգային համաժողովներին մասնակցության մասին, ինչպես դուք տեղյակ եք, սովորաբար հայտնվում է… քանի օրո՞ւմ: Երբեք չի եղել, որ տասը օր կամ մեկ շաբաթ առաջ հայտնվի:

 

Հարց. Պարզապես հարցը հուզում է հանրությանը, այդ պատճառով…

Պատասխան. Ես ձեզ պատասխանեցի` կտեսնեք հաղորդագրությունը և կիմանաք:


Հարց. Եվրամիության հետ զարգացման հեռանկարնե՞ր...

Պատասխան. Հեռանկարները լավն են, դրական են, մենք շարունակելու ենք համագործակցությունը:

 

Հարց. Հնարավոր՞ է, որ Ուկրաինայի հրաժարվելուց հետո Արևելյան գործընկերության շեշտադրումը Եվրամիության կողմից ավելի թուլանա, և որի մեջ է հենց Հայաստանը: Այսինքն` Եվրամիության հայացքը թեքվի դեպի…

Պատասխան. Այդ հարցը պետք է ուղղել Եվրամիությանը, իսկ ինչ-որ վերաբերում է Հայաստանին, ապա մեր մոտեցման մասին, ես ասացի: