Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ. հայտնում են ՀՀ ԿԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Բոլոնիայի գործընթացի քարտուղարության և 2015 թվականին Հայաստանում Բոլոնիայի գործընթացի անդամակցած պետությունների նախարարական գագաթաժողովի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:
Նշվել է, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ միակ երկիրն է, որը ստանձնել է նման բարձր պատասխանատվություն: ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի կողմից առաջարկվել է այս տարվա սեպտեմբերին նախատեսվող Արևելյան գործընկերության կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին մասնակցելու են նաև ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և կրթության և մշակույթի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուլա Վասիլիուն, ներկայացնել Բոլոնյան գործընթացի քարտուղարության հայաստանյան տեսակետը, ինչպես նաև Գիտատեխնոլոգիական և ինովացիոն զարգացման ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության ասոցիացված մասնակցության հեռանկարները:
Հանձնակատար Ֆյուլեի կողմից կարևորվել է «Էրազմուս+ » ծրագիրը՝ որպես ուսանողների և դասախոսների միջև շարժունության, միջբուհական կապերի հաստատման կարևոր գործիք:
Քննարկվել է Արևելյան գործընկերության բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշավորման գործակալության ստեղծման հայաստանյան առաջարկը և հոկտեմբերի 17-18-ը Հայաստանի ԵԽ նախագահության շրջանակում նախատեսվող կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր:
Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները և վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին:
Կողմերը քննարկել են նաև մի շարք քաղաքական հարցեր: