կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-13 16:03
Իրավական

Դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանը ստորագրեց վերջին համաձայնագիրը

Դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանը ստորագրեց վերջին համաձայնագիրը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ստորագրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրի 15-րդ փոփոխությունը:

 

Համաձայն նամակ- համաձայնագրի` սույն 15-րդ փոփոխության՝ մոտ 2,2 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն կտրամադրվի Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացմա համար: Համաձայնագրով նախատեսված ֆինանսավորումը կծառայի ՀՀ կառավարությանը՝ առավել արդյունավետ կերպով պայքարելու անդրազգային հանցանքների դեմ, զարգացնելու Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունները, ինչպես նաև աջակցելու դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների ողջ գործընթացին: Հայաստանում գործող կազմակերպությունները և իրականացվող երկկողմանի ծրագրերը ներառում են Ամերիկյան փաստաբանների ընկերակցության Քրեական իրավունքի բարեփոխումների նախաձեռնության, Փի-Էյչ Ինթերնեշնլ ՀԿ-ի իրավական սոցիալականացման համայնքային գործողությունների ու կապերի (ԻՍՀԳԿ), ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեափորձագիտական կենտրոնի զարգացման ծրագրերը:

 

Այս աջակցությունը նաև կնպաստի Հայաստանում փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և կոռուպցիայի դեմ ուղղված կարողությունների, ինչպես նաև նոր քրեակատարողական համակարգի զարգացմանը: 2001 թվականի հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունը դատաիրավական ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան քսան միլիոն ԱՄՆ դոլար:

 

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին եւ ընդհանրապես դեսպանատանը՝ Հայաստանի դատաիրավական համակարգին ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ դրամաշնորհները միշտ եղել են նպատակային՝ ուղղվելով կոնկրետ ծրագրերի իրականացմանը։

 

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն, իր հերթին, բարձր է գնահատել վերջին 10-12 տարիների համագործակցությունը՝ բնորոշելով այն խոր եւ բազմածավալ։ Դեսպանի գնահատմամբ, համագործակցության արդյունքում գրանցվել է առաջընթաց, մասնավորապես անդրազգային հանցավորության, հատկապես թրաֆիքինգի դեմ պայքարում՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար։