կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-13 18:08
Քաղաքական

Աղվան Հովսեփյանը վիրավորվա՞ծ է նախագահից

Աղվան Հովսեփյանը վիրավորվա՞ծ է նախագահից

ՀՀ այլեւս նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր հրաժեշտ տվեց պաշտոնին: Նա, դատախազության շենքից դուրս գալով, համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ, խոնարհվեց ու մոտեցավ դատախազության աշխատակիցներին: Շուրջ 15 տարի դատախազության համակարգը ղեկավարող Աղվան Հովսեփյանը մեկ առ մեկ հրաժեշտ տվեց դատախազության շենքի առջեւ հավաքված աշխատակիցներին: Նրանցից ոմանք անգամ հուզվեցին եւ չկարողացան թաքցնել արցունքները: Աղվան Հովսեփյանի հրաժեշտը պաշտոնին եւ իր աշխատողներին այնքան հուզիչ էր, որ քիչ էր մնում լրագրողներն էլ հուզվեին: Իսկ ամենաուշագրավն ու հուզիչն այն էր, որ լրագրողների հետ շփվելուց հետո Աղվան Հովսեփյանը հանեց պիջակը, դրեց թեեւի տակ եւ ծափահարությունների ներքո գնաց տուն: Նման հուզիչ հրաժեշտ լրագրողները չէին տեսել:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` Աղվան Հովսեփյանը հատկապես վիրավորված է նախագահ Սերժ Սարգսյանից: Դեռ երկու-երեք ամիս առաջ նախագահը Գառնիկիչին հստակ ասել է, որ հրաժեշտ պետք է տա պաշտոնին, սակայն, շատ չանցած, նախագահի զայրույթն անցել էր, եւ նա ասել էր, որ Հովսեփյանը կարող է շարունակել պաշտոնավարել, վերջինս էլ հանգստացել էր: Միայն երեկ պաշտոնական հանդիպման ժամանակ է Աղվան Հովսեփյանը  նախագահից տեղեկացել, որ հեռանալու է: Արդեն նախկին գլխավոր դատախազին վիրավորել է այն փաստը, որ Սերժ Սարգսյանը վերջին պահին է ասում, որ չի վերանշանակելու իրեն:

 

Աղվան Հովսեփյանը նախագահից նեղացած լինելը չկարողացավ թաքցնել անգամ այսօր` լրագրողների հետ զրույցում: «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել հայ ժողովրդին, իմ բոլոր ընկերներին, կառավարությանը, Ազգային ժողովին, իմ բոլոր գործընկերներին, միջազգային կառույցների ղեկավարներին, արտասահմանի իմ գործընկերներին, իմ ընտանիքի անդամներին, ձեզ` հարգելի լրագրողներ»,- հայտարարեց Աղվան Հովսեփյանը` շնորհակալություն չհայտնելով նախագահ Սերժ Սարգսյանին, նաեւ շտապելով հիշեցնել, որ ինքը պաշտոնավարել է շատ դժվար տարիների:

 

Նշենք, որ, ըստ մեր աղբյուրների, Գառնիկիչն առանց գործ չի մնալու, նախագահը նրա համար գործ արդեն որոշել է, եւ բավականին լավ գործ: Իսկ այս պահին, դարձյալ ըստ մեր աղբյուրների, գլխավոր դատախազի ամենահավանական թեկնածուն Արթուր Բաղդասարյանն է:

 

Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ