Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Wall Street Journal-ը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, գրեց, թե սիրիացի զինծառայողները քիմիական զենքը տեղափոխել են Սիրիայում գտնվող ամենաքիչը 50 տարբեր օբյեկտներ, որպեսզի ԱՄՆ հետախուզությունը դժվարանա պարզել դրա գտնվելու վայրը… Նման հաղորդագրությունը, այն էլ` հիմա, ամեն ինչով ակնարկ է թվում միջազգային հանրությանը եւ հատկապես` Ռուսաստանին, թե իբր Սիրիան մտադիր չէ քիմիական զենքից հրաժարվել:
Հիշեցնենք, որ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել էր, թե պատրաստ է հետաձգել Սիրիայի դեմ պատրաստվող ռազմական գործողությունը, եթե Ասադը միջազգային հանրության վերահսկողությանը հանձնի քիմիական զենքը: Հետո ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կոչ արեց Դամասկոսին` հանձնել քիմիական զենքը միջազգային հանրությանը և միանալ քիմիական զենքն արգելող կազմակերպությանը, ինչին Սիրիայի իշխանությունները տվեցին իրենց համաձայնությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հենց այն օրը, երբ նշվում էր Սիրիային հարվածներ հասցնելու ամենահավանական օրը` սեպտեմբերի 11-ին, ինչը պետք է խորհրդանշեր ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության դեմ տարվող պայքարը, հանկարծակի փոխեց իր քաղաքական կուրսը՝ համաձայնելով Ռուսաստանի՝ սիրիական քիմիական զենքը միջազգային հանրությանը հանձնելու առաջարկի հետ: Օբաման հայտարարել էր, թե պատրաստ է սպասել է ՄԱԿ-ի հետաքննությանը՝ կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ, եւ կոչ էր արել Կոնգրեսին` դեռեւս քվեարկության չդնել Սիրիայի դեմ ուժ կիրառելու հարցը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ սեպտեմբերի 12-ին Россия 24-ին տված հարցազրույցում հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից ու ստորագրել դրա կիրառումն արգելող համաձայնագիրը:
ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասինիր վերջնական զեկույցը պետք է հրապարակի սեպտեմբերի 16-ին: Բայց ԱՄՆ-ում, գոնե լրատվամիջոցների մակարդակով, արդեն նախապատրաստում են այն թեզը, թե սիրիական իշխանություններն ամենեւին էլ մտադիր չեն իրենց խոստումը պահել:
Հասկանանք, թե ինչու է ԱՄՆ-ն այդքան շահագրգռված, որ Սիրիայում քիմիական զենք «մնա»: Դեռեւս հունիսին ԱՄՆ ղեկավարությունը հայտարարել էր, թե փաստեր ունի ապստամբ ուժերի դեմ կառավարական բանակի կողմից քիմիական զենքի կիրառման առնչությամբ`չնայած այդ փաստերն այդպես էլ ոչ ոքի չներկայացվեցին: Հարցն այն է, որ սիրիական կառավարական ուժերը սկսել են որոշակի հաջողություններ գրանցել Արեւմուտքի կողմից հովանավորվող ապստամբների նկատմամբ: Եվ բազմաթիվ փորձագետներ ու վերլուծաբաններ նշում են, որ իրավիճակը կփոխվի, ընդ որում` հօգուտ ապստամբների, հակամարտությանը արտաքին միջամտություն ցուցաբերվելու դեպքում:
Ուստի ԱՄՆ-ը, որն էլ հենց այս ամբողջ պատմության ամենաշահագրգիռ կողմերից մեկն է, պետք է դիտարկի նաեւ մարտական գործողություններին անմիջական մասնակցության հարցը` իրավիճակն իր ուզած հունով ուղղորդելու համար: Բայց ամերիկացիների մեծամասնությունը հավանություն չէր տալիս Սիրիայի քաղաքացիական պատերազմին միջամտելուն. ապացույցը` սոցիոլոգիական հարցումները, որոնք համատեղ իրականացրել էին Reuters-ն ու Ipsos-ը ապրիլի 26-ից մայիսի 1-ը: Ըստ այդ հարցումների` ամերիկացիների 61 տոկոսը դեմ էր ինտերվենցիային: Հակառակն էր ցանկանում 10 տոկոսը: Սակայն այն դեպքում, երբ Դամասկոսը քիմիական զենք կիրառեր այդ թիվը, ըստ հարցումների, կհասներ 27 տոկոսի...
Եվ բնականաբար, պաշտոնական Վաշինգտոնը պետք է Սիրիայում քիմիական զենք «գտնի», ինչը ԱՄՆ-ին շատ բնորոշ է: Համենայն դեպս, այդ է վկայում ԱՄՆ պատմության վերջին 100 տարիների փորձը. 1913 թվականից հետո ԱՄՆ-ը մի շարք խոշոր ու միջին պատերազմների է մասնակցել: Նրանցից ամենանշանակալին Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներն են, Վիետնամական պատերազմը եւ այլն:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացիները չէին ուզում խառնվել այդ զինված հակամարտությանը: Սակայն կուլիսների հետևում ԱՄՆ վարչախումբը փնտրում էր նույնիսկ ամենաչնչին առիթը` պատերազմի մեջ մտնելու, որովհետեւ պետության ղեկին կանգնածների, որոշումների կայացման բազմաթիվ մասնակիցների համար արագ ու խոշոր գերշահույթներ ստանալու ավելի արդյունավետ միջոց, քան պատերազմն է, չկա...
Այդ ժամանակ ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդականն ու ներկայացուցիչը գնդապետ Էդուարդ Հաուսի և Անգլիայի այդ ժամանակվա արտգործնախարար սըր Էդվարդ Գրեյի խոսակցության հրապարակված սղագրություններից, որոնք վերաբերում էին ԱՄՆ-ի`պատերազմի մեջ ներքաշվելուն, Գրեյը հարցնում է Հաուսին. «Ի՞նչ կանի ԱՄՆ ղեկավարությունը, եթե գերմանական զինուժը կործանի ԱՄՆ քաղաքացիներ տեղափոխող օվկիանոսային նավ»: Հաուսը պատասխանում է. «Ես կարծում եմ, որ զայրույթի մեծ ալիք կբարձրանա ԱՄՆ-ում, ինչը բավարար պատճառ կլինի, որ ԱՄՆ-ը մտնի պատերազմի մեջ…»:
Արդյունքում` 1915 թվականի մայիսի 7-ին «Լուզիտանիա» նավը` Էդվարդ Գրեյի ցուցումով, ուղղվեց դեպի գերմանական ռազմածովային ուժերի վերահսկողության ներքո գտնվող ջրեր եւ տորպեդահարվեց գերմանական սուզանավի կողմից, թեեւ ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանատունը «Նյու Յուրք թայմս» թերթում հայտարարություն էր հրապարակել, որ «Լուզիտանիայով» ուղեւորվող քաղաքացիները մեծ ռիսկի են դիմում, քանի որ ռազմական գործողությունների վայրով անցնող ցանկացած միջոց ենթակա է կործանման զինվորականների կողմից: «Լուզիտանիայի» կործանումը ԱՄՆ-ում դժգոհության մեծ ալիք բարձրացրեց, եւ շուտով ԱՄՆ-ն մտավ պատերազմի մեջ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի` պատերազմի մեջ մտնելու առիթ հանդիսացավ 1941 թվականի դեկտեմբերի 7-ին Պիրլ Հարբորում տեղակայված ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի վրա Ճապոնիայի գործած հարձակումը: 60 տարի լռությունից հետո ինֆորմացիայի արտահոսք եղավ, որ Պիրլ Հարբորի վրա հարձակման մասին ոչ միայն հայտնի էր դրանից մեկ շաբաթ առաջ, այլ հենց բուն միջադեպն է եղել պրովոկացիա: Մինչեւ Պիրլ Հարբորի միջադեպը ամերիկացիների 83 տոկոսը չեն ուզել պատերազմի մեջ մտնել, իսկ միջադեպից անմիջապես հետո 1 միլիոն մարդ կամավորագրվեց բանակին…
Նույնը` Վիետնամական պատերազմի դեպքում է. 1964 թվականին Հյուսիսային Վիետնամին ԱՄՆ-ի կողմից պատերազմ հայտարարելու պաշտոնական մեկնաբանության մեջ նշվում է, թե իբր վիետնամական սուզանավերը Տանկինի ծովածոցում հարձակվել են ամերիկյան կործանիչ նավի վրա: Այս դեպքը հայտնի է որպես «Տանկինյան միջադեպ», որը առիթ հանդիսացավ Վիետնամում պատերազմ սկսելու համար:
ԱՄՆ աղբյուրների պնդմամբ` ամերիկյան կործանիչ նավի վրա հարձակում երբեք չի եղել, դա սադրանք է, որպեսզի պատերազմ սկսելու առիթ լինի: ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարան շատ տարիներ հետո հրապարակային հայտարարեց, թե «Տանկինյան միջադեպը» սխալմունք էր, թեեւ մինչ այդ ամերիկյան մամուլում այդ «միջադեպի» բազմաթիվ այլ մասնակիցներ պարբերաբար հայտարարել են, որ այն կեղծիք է …
Արդեն իսկ ամերիկյան իրականության մեջ բարձրաձայն ու բավականին համարձակ տեսակետներ են հնչում, որ սեպտեմբերի 11-ը նույնպես ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից երկար տարիների ընթացքում մշակված ու իրականացված օպերացիա էր: Նույնիսկ այս օրերին ԱՄՆ հասարակությունը սեպտեմբերի 11-ի առնչությամբ նոր հետաքննություն է պահանջում: Արդյունքում` ԱՄՆ-ը միանգամից երկու` ոչնչով չհիմնավորվող պատերազմներ սկսեց Իրաքում եւ Աֆղանստանում. ԱՄՆ-ն ասում էր, թե Իրաքում մասսայական ոչնչացման զենք կա, որն այդպես էլ ոչ ոք չգտավ, իսկ Աֆղանստանում, իբր Ուսամա բեն Լադենն էր թաքնվում… Իրականում Իրաքը, նախեւառաջ, խոշոր նավթարդյունահանող երկիր է: Աֆղանստանն էլ միջազգային նարկոթրաֆիկի կարեւորագույն ու գլխավոր հանգույցներից է:
Այսինքն` Սիրիայում քիմիական զենք փնտրելն ամենեւին էլ աննպատակ գործ չէ ԱՄՆ-ի համար: Առավել եւս` երբ Սիրիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում այն հանձնելու, իսկ ապստամբները Ռուսաստանի առաջարկը չեն ընդունում, ինչով եւ համաձայնում են, որ իրենք էլ քիմիական զենք ունեն… Սակայն հիմա ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, որքան կարող էր լինել «Լուզիտանիայի» դեպքում: Որովհետեւ Սիրիայի արեւմտյան` ափամերձ շրջաններում տեղակայված են ռուսական ռազմաբազաները` «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռներով… Ինչպես մի անգամ նշեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը` Սիրիայում Ռուսաստանը վճռական ճակատամարտ է տալիս… :
Գևորգ ԱՎՉՅԱՆ