կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-07 23:23
Քաղաքական

Գոդոյին սպասելիս

Գոդոյին սպասելիս

ՀԱԿ-ը իշխանությունների հետ երկխոսելու միակ օրակարգը ճշտել, սեղանի շուրջ նստելու պատվիրակներին էլ ընտրել էր, երբ հանկարծ պարզվեց, որ իշխանությունը այդ օրակարգով խոսելու տրամադրություն չունի և հատուկ պատվիրակություն էլ չի ընտրել:

Նախ` Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն տարածեց` նշելով, թե արտահերթ ընտրությունների առաջարկը անհիմն է և վնասակար: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ կոալիցիան «պատրաստ է լսել, քննարկել. մենք պատրաստ ենք խոսել, սակայն դա չի լինի պատվիրակություն կազմելու միջոցով, նույնիսկ եթե տնով-տեղով գան խոսելու»:

Այն հարցին, թե արդյո՞ք իշխանություն-ՀԱԿ մոտալուտ երկխոսության համար, ինչպես ակնկալում էր Կոնգրես-ը, ՀՀԿ-ն արդեն իսկ կազմել է իր օրակարգը եւ ի՞նչ հարցեր են դրանում ընդգրկվել, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի պատասխանը հետեւյալն էր. «ՀՀԿ-ի օրակարգը ամբողջ երկրի, պետության առջեւ ծառացած խնդիրներն են` քաղաքականից մինչեւ տնտեսական»:

Այսպիսով, ՀՀԿ-ն ակնհայտորեն չի ընդունում ՀԱԿ-ի` ամբողջ հասարակության անունից հանդես գալու և վերջնագրային լեզվով իր հետ խոսելու հավակնությունը: «Ընդդիմադիրներին» պարզ հասկացնում են, որ 3 քաղաքական պահանջները կատարելուց հետո նրանք, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, կարող են իրենց պատկերացումները համապատասխան ոլորտներում ներկայացնել, ասենք գյուղատնտեսության կամ Էներգետիկայի նախարարներին:

Իսկ ՀԱԿ-ն էլ մարտից այս կողմ խոսում է միայն արտահերթ ընտրությունների մասին եւ հայտարարում, թե, դրանից բացի, երկխոսելու ուրիշ թեմա չկա: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Երկիր»-ի հետ զրույցում ասաց. «Մենք երկխոսությունը վարելու նպատակով կազմել ենք պատվիրակություն եւ կսպասենք գործող իշխանության, ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի կամ նրա կողմից լիազորված անձի արձագանքին: Ձեր նշած հայտարարությունները մենք չենք համարում գործող իշխանության դիրքորոշումը»:

Այս պատասխանը փոքր-ինչ տարօրինակ է. փաստորեն, վերոհիշյալ ՀՀԿ-ականների պաշտոնական պատասխանը ՀԱԿ-ի դուրը չի եկել, և նրանք պաշտոնական մեկ այլ պատասխան են ուզում ստանալ: